Ստամբուլյան կոնվենցիա. Լեհաստանը լքում է Կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ եվրոպական կոնվենցիան. ԲիԲիՍի
Լեհաստանի արդարադատության նախարարը շաբաթ օրը հայտնել է, որ երկիրը դուրս է գալու պայմանագրից, որի նպատակն է՝ կանխել կանանց նկատմամբ բռնությունը:
Արդարադատության նախարար Զբիգնև Ժիոբրոն ասել է, թե այն փաստաթուղթը, որն հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անվամբ, «վնասակար» է, քանի որ դպրոցներից պահանջվում է երեխաներին սովորեցնել գենդերի մասին: Նա ավելացրել է, որ երկրում վերջին տարիներին ներդրված բարեփոխումները կանանց համար բավարար պաշտպանություն են ապահովել:
Նախարար ժիոբրոն ասել էր, թե կառավարությունը երկուշաբթի պաշտոնապես սկսելու է պայմանագրից դուրս գալու գործընթացը: Լեհաստանում պայմանագիրը վավերացրվել է 2015 թվականին։ Արդարադատության նախարարը փաստել է, որ կոնվենցիան խախտել է ծնողների իրավունքները և «պարունակում է գաղափարական բնույթի տարրեր»:
Ըստ ԲիԲիՍի-ի հոդվածի՝ իշխող «Օրենք և Արդարություն» կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկերները սերտորեն կապված են Կաթոլիկ եկեղեցուն, և, որ կառավարությունը խոստացել է նպաստել ավանդական ընտանեկան արժեքներին:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան էլ, որ վերընտրվել էր այս ամսվա սկզբին՝ քարոզարշավի ընթացքում ԼԳԲՏ համայնքի իրավունքների խթանումը բնորոշել էր՝ իբրև «գաղափարախոսություն», որն ավելի կործանարար է, քան կոմունիզմը:
Հազարավոր մարդիկ, հիմնականում կանայք, ուրբաթ օրը դուրս էին եկել մայրաքաղաք Վարշավայի փողոցներ՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու դեմ բողոքի ակցիայի շրջանակներում:
«Սրա նպատակն ընտանեկան բռնության օրինականացումն է»,- «Ռոյթերս» գործակալությանն ասել էր քաղաքում երթի կազմակերպիչ Մարտա Լեմպարտը:
Նյութը պատրաստեց 168.am-ը