Այսօր հոթ-դոգի ազգային օրն է /վիդեո/
Հուլիսի 18-ին ԱՄՆ-ում նշում են հոթ-դոգի օրը: Տոնը, որը նվիրված է ամերիկյան ավանդական ուտելիքին` նրբերշիկով եւ համեմունքներով սենդվիչին, պաշտոնապես հաստատվել է 1957-ին ԱՄՆ-ի Առեւտրի պալատի կողմից:
“Հոթ-դոգ” անվան առաջացման հետ կապված մի քանի տարբերակ գոյություն ունի: Այն բառացիորեն թարգմանվում է “տաք շուն”: “Roosevelt University” պատմական համալսարանի պրոֆեսոր Բրյուս Քրեյգի կարծիքով հոթ-դոգը երկարությամբ եւ բարակությամբ համեմատել են տաքսա ցեղատեսակի շան հետ: Այդ համեմատությունն օգտագործվել է 1934-ին “New York Herald” թերթի ծաղրանկարում, որտեղ պատկերված վաճառականը գրկել է տաքսային եւ հացով նրբերշիկներ է վաճառում, կողքին ցուցանակ է` “գնեք տաքսայանման նրբերշիկներ” գրառումով:
Լեզվաբան Բերրի Պոպիկի կարծիքով հոթ-դոգը 19-րդ դարի ուսանողական բանահյուսությունից է եկել, երբ ուսանողները նրբերշիկ վաճառող բեռնատարներին անվանում էին “շնային բեռնատարներ”, քանի որ մսի հոտի պատճառով նրանց շրջակայքում միշտ շներ էին թափառում: Եվ 1895-ին ամսագիրներից մեկում նրբերշիկներն անվանեցին “տաք շներ”:
Հոթ դոգի պատմությունն սկսել է 1860-ին, երբ գերմանացի գաղթականները ԱՄՆ ներմուծեցին այս սենդվիչների պատրաստելու տեխնոլոգիան: 1930-ականներին հոթ-դոգն ամենատարածված ուտելիքն էր ԱՄՆ-ում, 1939-ին այն նաեւ վերնախավի կյանք ներխուժեց: ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը Մեծ Բրիտանիայի միապետ Գեորգ 6-րդին Սպիտակ տանը հյուրասիրում էր հոթ-դոգներ գարեջրով:
1994-ին հիմնադրվել է հոթ-դոգների եւ նրբերշիկի Ազգային խորհուրդը, որն զբաղվում է մթերքի որակի ուսումնասիրությամբ, համտեսումով եւ գովազդով: