24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրոք տեղի է ունեցել, բայց ոչ թե շարքային քաղաքացիների, այլ միայն իշխանավորների համար. Փաստ

Ինչքան տարին մոտենում է ավարտին, այնքան մարդիկ սկսում են ծանրութեթև անել, թե ինչ տեսանելի փոփոխություններ են եղել իրենց կյանքում:

 

Եթե անցած տարի Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե հակահեղափոխականները խանգարում են իրեն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը կտրուկ բարելավելու հարցում, ապա 2018 թվականի վերջից Փաշինյանը և իր թիմը լիովին ստանձնեցին իշխանությունը, և գործնականում նրանց առջև որևէ խոչընդոտ չկար երկիրը զարգացնելու հարցում:

Սակայն ողջ 2019 թվականի ընթացքում իշխանություններին այդպես էլ չհաջողվեց էական փոփոխություններ կատարել քաղաքացիների կյանքում:

Մարդիկ ականատես եղան քրեական գործերի հարուցման, ձերբակալությունների, էժան տեսարանների, սելֆիների, պոպուլիստական հայտարարությունների, սակայն տնտեսության զարգացման հարցում որևէ լուրջ տեղաշարժ տեղի չունեցավ:

Իսկ այն քայլերը, որոնք ուղղակի կառավարության պարտականությունն են, վարչապետը շարունակեց ներկայացնել որպես «աննախադեպ ձեռքբերում» և ընդգրկեց «նոր Հայաստանի» մասին 100 փաստերի «հատորներում»:

Եվ չնայած Փաշինյանն ու իր թիմակիցներն իրենց իշխանությունը բրենդավորում էին «նոր Հայաստանի» կառուցման, տնտեսական հեղափոխության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին կարգախոսներով, այնուամենայնիվ, դրանք այդպես էլ մնացին որպես տրաֆարետային կարգախոսներ:

Ըստ էության, այս հանգամանքը ցույց է տալիս, որ Փաշինյանի առաջնային նպատակադրումը սեփական իշխանությունն ամրապնդելն է, այլ ոչ թե ամեն կերպ տնտեսության շեշտակի աճին հասնելը: Եվ եթե Փաշինյանն իր առաջնային խնդիր համարեր երկրում աղքատության կրճատումը, ապա ձեռնամուխ կլիներ աշխատատեղերի ստեղծման համար բարենպաստ պայմաններ ապահովելու գործին, այլ ոչ թե քաղաքացիներին կմեղադրեր, որ նրանք գերադասում են չաշխատել, որպեսզի չզրկվեն նպաստներից:

Միևնույն ժամանակ, քայլողները, գիտակցելով, որ իրենց իշխանությունը ցանկացած պահի կարող է երերալ, սկսել են լիովին օգտվել այս պահին իրենց ընձեռված հնարավորություններից:

Նրանք պետբյուջեի հաշվին շռայլ ծախսեր են կատարում արտասահմանյան ուղևորությունների համար, կլորիկ գումարներ են նախատեսում տրամադրել նոր գերթանկարժեք ավտոմեքենայի ու ինքնաթիռի ձեռքբերման համար, վերանորոգում են կառավարական առանձնատունը և այլն:

Առանձին թեմա է նաև այն, որ նախարարների, փոխնախարարների, մարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը հանրությունից գաղտնի գրեթե կրկնակի բարձրացվեցին:

Էլ չենք խոսում պատեհ ու անպատեհ պարգևավճարների մասին, որից օգտվում են միայն իշխանամերձ շրջանակները:

Պարզվում է, որ Ազգային ժողովի պատգամավորները 2019 թ. 10 ամիսների ընթացքում 14 անգամ պարգևատրվել են, սակայն այդպես էլ հայտնի չէ, թե կոնկրետ որ աշխատանքի կամ ձեռքբերումների համար է նրանց որպես խրախուսում պարգևավճար տրվել:

Հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում պատգամավորներին տրված 14 պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 909 մլն դրամ, որը համարժեք է 1 միլիոն 905 հազար դոլարի:

Եվ այս կարգի շռայլություններ են տեղի ունենում այն պայմաններում, երբ, ինչպես ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում, Հայաստանում երկու հարյուր հազար ընտանիք աղքատ է, հացին «կակա» է ասում:

Ինչպես տեսնում ենք, իշխանափոխությունից հետո Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրոք տեղի է ունեցել, բայց ոչ թե շարքային քաղաքացիների, այլ միայն իշխանավորների համար, քանի որ իշխանափոխությունից հետո իրենց ֆինանսական դրությունը կտրուկ բարելավվել է ու գնալով բարելավվում է՝ «ով գիտի՝ ինչքան կտևի այս ամենը և էլի նման հնարավորություն կլինի՞ արդյոք» մտածելակերպով:

Եվ քաղաքացիները արդեն իսկ սկսում են հասկանալ, որ Փաշինյանն ուղղակի օգտագործել է իրենց դժգոհությունները իշխանությանը տիրանալու համար, իսկ ժողովրդի իշխանություն լինելու մասին նրա հավաստիացումներն ուղղակի ֆանտաստիկայի կամ հեքիաթի ժանրից են

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ