26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Միկոյանի զարմանալի դիտողությունը Նիքսոնին՝ Թուրքիայում հայերի իրավունքների մասին

Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

Վերջերս մի փաստաթուղթ հայտնաբերեցի ԱՄՆ արխիվներից, որը նկարագրում է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանի և ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի հետաքրքրաշարժ զրույցը 1959 թ. հուլիսի 25-ին, վերջինիս Մոսկվա կատարած այցելության ժամանակ: Ավելի վաղ նրանք հանդիպել էին Միացյալ Նահանգներ Միկոյանի պատմական այցելության ժամանակ:

 

Սառը պատերազմի գագաթնակետին երկու մրցակից առաջնորդների միջև քննարկումը քաղաքավարի բնույթ էր կրում, սակայն աշխույժ էր: Նիքսոնը գովասանքի խոսքեր ասաց Միկոյանի մասին, որը «Միացյալ Նահանգներում բազմաթիվ ընկերներ էր ձեռք բերել, որոնք հիացած էին նրա եռանդով և ճկունությամբ իր տեսակետներն արտահայտելիս»: Նիքսոնը նաև հայտարարեց, որ «Միկոյանի այցը ԱՄՆ կոտրել էր սառույցը ոչ միայն պաշտոնապես, այլ նաև անձնապես երկու երկրների համապատասխան տեսակետների վերաբերյալ»: Արխիվային փաստաթղթում նշված էր, որ Միկոյանը «սիրալիր պատասխանեց ողջույնի խոսքին և հավելեց, որ փոխնախագահը մեծ վիճաբանող է և ոչ մեկի պարտքի տակ չի մնում»:

 

Զրույցը շատ արագ վերածվեց քաղաքականի, երբ Միկոյանը դժգոհություն հայտնեց Կոնգրեսի վերջին բանաձևի անպատեհության մասին՝ կոմունիստական իշխանության կողմից բռնագրավված պետությունների վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանի:  Միկոյանին թվում էր, որ բանաձևը նպատակ ուներ խանգարել Նիքսոնի այցը Խորհրդային Միություն: Նիքսոնը արդարացավ, որ ԱՄՆ կոնգրեսը անկախ մարմին է, և նույնիսկ նախագահը չի կարող վերահսկել նրա որոշումները… Փոխնախագահ Նիքսոնը շարունակեց բացատրել. «մեր բնակչության մեջ կան տարրեր, անկախ նրանից, թե Միկոյանը նրանց կհամարի ճիշտ կամ սխալ, որոնք կարծում են, որ իրենց նախկին հայրենիքներում կառավարությունները պետք է փոխվեն: Մեր Կոնգրեսը հաճախ ընդունում է բանաձևեր, որոնք ներկայացնում են այդ տարրերի տեսակետները, որոնք ներառում են այնպիսի ազգություններ, ինչպիսիք են լեհերը, հունգարացիները և այլն: Բանաձևի և, մասնավորապես նախագահի հռչակագրում ասվում է, որ դա միայն ամերիկյան ժողովրդի և ամերիկյան կառավարության կարծիքի արտահայտումն է, և որ իրենք չեն փորձում մասնակցել այսպես կոչված քայքայիչ գործողություններին»:

 

Զարմանալի է, որ Միկոյանը, որը խորհրդային բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր, այնուհետև նշեց իր հայկական ինքնության մասին՝ Նիքսոնին ասելով, որ «նա հայ է ու թեև Հայաստանի կառավարության կազմում չի գործում, սակայն գիտի այդ հանրապետության Գերագույն խորհրդի 30 պատգամավորների, որոնց հետաքրքրում է, թե ով է իրավունք տվել ամերիկյան կառավարությանը գործել իրենց անունից և ինչու ամերիկյան կառավարությունը ոչինչ չի անում իսկապես ճնշված ժողովուրդների ազատագրման համար, ինչպիսին հայկական փոքրամասնությունն է Թուրքիայում»:

 

Միկոյանի հայտարարությունը զարմանալի էր, քանի որ նա փոխնախագահ Նիքսոնի հետ խոսում էր որպես խորհրդային ղեկավար, ոչ թե որպես հայ: Բացի այդ, Միկոյանը հայտնի չէր որպես հայ ազգայնական: Իրականում, նա մեղադրվում էր բազմաթիվ հայերի մահվան համար չարաբաստիկ մաքրագործումների ժամանակ կոմունիստական իշխանության օրոք: Միկոյանը չէր աջակցել նաև Խորհրդային Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերամիավորմանը: Ահա սրանք էին պատճառներից մի քանիսը, որ հայերը դժգոհ էին Երևանում Միկոյանի հուշարձանը տեղադրելու Երևանի քաղաքապետարանի վերջերս կայացրած որոշումից:

 

Միկոյանի հակազգային հայացքների հերթական դրսևորումը նրա հայտարարությունն էր 1919 թ. դեկտեմբերին, Հայաստանի առաջին անկախ Հանրապետության կարճատև գոյության (1918-1920) ընթացքում. «Հայ շովինիստները, ապավինելով իմպերիալիստական դաշնակիցներին, առաջ են մղում մի հանցավոր գաղափար՝ «Մեծ Հայաստանի» ստեղծումը պատմական Հայաստանի սահմաններոմ: Այնտեղ հայերի բացակայությունն ու մահմեդական բնակչության բացարձակ ներկայությունը նրանց չի մտահոգում… մեր [Կոմունիստական] կուսակցությունը չի կարող աջակցել «Մեծ» կամ «Փոքր» Թուրքահայաստանի գաղափարին»: Իրականությունն այն է, որ Խորհրդային Միությունը երբեք չի պաշտպանել հայերի իրավունքները Թուրքիայում:

 

Սակայն Միկոյանը ճիշտ է մատնանշել, որ Միացյալ Նահանգները դեմ է «ճնշված ժողովուրդների ազատագրմանը», երբ «ժողովուրդները ճնշված են իր կողմնակիցների և դաշնակիցների կողմից», ինչպիսիք են Թուրքիան և շատ ուրիշներ:

 

Միկոյանը նաև հարցականի տակ դրեց այն, թե արդյոք խորհրդային ղեկավարները պետք է ուշադրություն դարձնեն Սպիտակ տան դրական ժեստերին, թե Պետդեպարտամենտի ավելի թշնամական արձագանքներին: Միկոյանը «հետաքքրվեց, թե արդյոք Խորհրդային Միությունը պետք է հավատա նախագահի կամ փոխնախագահի հայտարարություններին, թե պետք է հաշվի առնի Պետդեպարտամենտի այս հայտարարությունը որպես ամերիկյան քաղաքականության ուղղակի արտահայտություն»: Միկոյանը բացատրեց, որ «Նախագահը հանձնարարել է Պետդեպարտամենտին մշակել արտաքին առևտրի զարգացման միջոցառումներ [Խորհրդային Միության հետ]: Պետդեպարտամենտի ձեռնարկած գործողությունների արդյունքում պարզվում է, որ նախագահը մեկ բան է ուզում, Պետքարտուղարությունը՝ մեկ այլ»:

 

Միկոյանի հետ հանդիպումը ավարտվեց համախոհությամբ, փոխնախագահ Նիքսոնի խոստումով, որ «նա Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո կաշխատի առևտրի խնդիրների ուղղությամբ, բայց պետք է գիտակցել, որ այդ դժվարությունները չեն կարող լուծվել գրչի մեկ հարվածով»:

 

Վերոնշյալ զրույցը ցույց է տալիս, որ Միկոյանը իրականում «խորամանկ» էր, ինչպես նրան նկարագրում էին արևմտյան պաշտոնյաները: Նա տասնամյակներ շարունակ գոյատևել է Խորհրդային Միության վերնախավում`ավարտելով որպես Գերագույն Խորհրդի նախագահ 1964 թվականից մինչև 1965 թվականի պարտադրված  կենսաթոշակի գնալը: 

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ