Աղաչիր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն
«Ողջո՛ւյն քեզ, օրհնյա՛լդ կանանց մեջ: Տերը քեզ հետ է»: Ղուկ. 1:28
Հայ Եկեղեցին «Յղութիւն Սուրբ Աստուածածնի յԱննայէ» տոնը անշարժ կերպով տոնում է դեկտեմբերի 9-ին: Այն` Սուրբ Աստվածածնին նվիրված յոթ տոներից մեկն է: Սուրբ Կույսի բարեխոսությանն ենք դիմում ամեն ժամ, որպեսզի Տերը փրկի մեզ` իրեն փառաբանողներին: Աստվածամայրը ամենամեծ բարեխոսն է համայն աշխարհի համար իր Որդու առջև: Իր բացառիկ մեծությունը գիտակցելով հանդերձ՝ նա երբեք չկորցրեցխոնարհությունը և մինչև իր վերափոխումը մնաց Աստծո հնազանդ աղախինը:
Շնորհավորում եմ բոլորին այս գեղեցիկ տոնի առթիվ, իսկ Մարիամ և Աննա անունը կրող անձանց` նաև անվանակոչության օրվա առթիվ: Կույս Մարիամը ողջ մարդկության անունից և հանուն նրա փրկության, պատասխանեց հեզ համաձայնությամբ: Դա նրա անձնական պատասխանն էր Աստծո կոչին: Հետևաբար մենք կապված ենք Աստվածամոր հետ, ում խոսքերը հնչեցին ողջ մարդկային ցեղի անունից: Աստծուն հաճելի էր որպեսզի մայրության գաղտնիքը միավորվեր փրկության գաղտնիքի հետ:
Ուրախացի՜ր, Մարիա՜մ, զի Աստված ծնեցիր և Աստված գգվեցիր.
Սքանչելի Լույսի Սուրբ Մա´յր, դու, որ հավիտենական Աստծուն որովայնումդ
կրեցիր և ծնեցիր աշխարհի ցնծությունը` Աստծո Խոսքը,
աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, Նրան, Ով խոնարհվեց Հայրական ծոցից և մարմին առավ ըստ մարդկային բնության, որպեսզի խաղաղություն պարգևի երկնքին և երկրին,
աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ ների մեզ, անտեսի մեր հանցանքները և օգնական լինի` դիմադրելու հակառակորդին պատերազմի ժամանակ, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ լռեն պատերազմները, դադարեն թշնամիների հարձակումները, երկրի վրա սեր և արդարություն հաստատվի, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ միաբանվի առաքյալների և մարգարեների հիմքի վրա կառուցված Իր Սուրբ Եկեղեցին, անարատ պահի այն մինչև իր երևելի գալստյան օրը, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար, Սրբուհի´, քո Միածին Որդուն, նաև մեր հանգուցյալների հոգիների համար, որպեսզի ընդունի նրանց երկնքի արքայության մեջ և մաս ու բաժին հատկացնի բոլոր սրբերի հետ,
աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Ծովիկ Դավթյան