24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս Աստծուն աղոթել, ինչ է աղոթքը. fatherarmen.com

– Աղոթքը հավատացյալների՝ Աստծուն ուղղած խոսքերն են։

Ինչպե՞ս են Աստծուն ուղղվում այդ խոսքերը։

– Հայտնի կամ ծածուկ, այսինքն՝ հավատացյալներն աղոթում են հրապարակավ կամ առանձին։
Ո՞րն է հրապարակային աղոթքը։

– Աղոթքը հրապարակային է, երբ հավատացյալները հավաքվում են եկեղեցում կամ եկեղեցու չգոյության դեպքում որևէ տեղ և աղոթում միասին։ Աղոթքը ծածուկ է, երբ հավատացյալներն աղոթում են առանձին՝ տանը, դաշտում, լեռան վրա, աշխատանքի վայրում, ծովում և այլուր։

Ինչպիսի՞ն պետք է լինի աղոթքի բովանդակությունը։

– Մեր Տեր Հիսուս Քրիստոս «Հայր մեր»-ով սովորեցրեց, թե ինչպես պետք է աղոթել։ «Հայր մեր»-ը կոչվում է Տերունական աղոթք, այն է.

«Հա՛յր մեր, որ հերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցե արքայություն Քո, եղիցին կամք Քո որպես երկինս և երկրի։ Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր և թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպես և մեք թողումք մերոց պարտապանաց։ Եւ մի՛տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա՛ զմեզ ի չարե, զի Քո է արքայություն և զորություն և փառք հավիտեանս. ամեն»։

Կարո՞ղ ես բացատրել այս աղոթքը։

– Քրիստոնյաները պետք է հավատան և գիտենան, որ Աստված իրենց երկնավոր Հայրն է, Ում անունը սուրբ է, Ում թագավորությունը պետք է տիրի մարդկանց մեջ, Ում կամքը պետք է գործադրվի ամեն տեղ։ Մեր ամենօրյա հացը կամ սնունդը Նա է տալիս մեզ։ Նա է ներում մեզ մեր հանցանքները, և մենք էլ իրար պիտի ներենք և պիտի խնդրենք Նրանից՝հեռու պահել մեզ փորձություններից և փրկել չարից, որովհետև Նրանն է իշխանությունը, կարողությունը և հավիտենական փառքը։

Ո՞րն է հրապարակային աղոթքի ձևը Հայաստանյայց Եկեղեցում։

– Ամեն օր, նշանակված ժամին, հավատացյալները հավաքվում են եկեղեցում և հոգևոր պաշտոնյաների առաջնորդությամբ ժամերգություն կատարում, որի ժամանակ մատուցվում են աղոթքներ, երգվում շարականներ, ընթերցվում է Սուրբ Գիրքը և այլն։

Ուրիշ ի՞նչ արարողություններ են լինում եկեղեցում։

– Կատարվում են սրբազան խորհուրդներ, այսինքն՝ մատուցվում է Պատարագ, կատարվում է Մկրտություն, Պսակ և այլն՝ իրենց հատուկ ծիսակարգով։

Ի՞նչ է նշանակում արարողություն և ծես։

– Արարողություն և ծես գրեթե միևնույն նշանակությունն ունեն, այսինքն՝ խորհրդավոր պաշտամունք անել՝ համաձայն որոշված կանոնների և ձևերի։

Ինչպիսի՞ գրքեր են գործածվում մեր Եկեղեցում՝ աստվածային պաշտամունք կատարելու համար։

– Մեկից ավելի գրքեր.
1. Ժամագիրք, որ բովանդակում է օրվա ժամերգությունների կարգը։
2. Շարակնոց, որ բովանդակում է Հայ Եկեղեցու հոգևոր երգերն ըստ կանոնների։
3. Ճաշոց գիրք, քանի որ մեր Եկեղեցում Սուրբ Գրքի ընթերցումը կատարվում է ճաշի ժամին, այսինքն՝ կեսօրին մոտ, այդ պատճառով այդ գիրքը Ճաշոց է կոչվում, որ բովանդակում է Հին և Նոր Կտակարաններից ընտրված ընթերցումները ամբողջ տարվա յուրաքանչյուր օրվա համար։
4. Տոնացույց, որ ցույց է տալիս տոն օրերի շարքը մեր Եկեղեցում և աստվածային պաշտամունքի ամենօրյա կարգը, այսինքն՝ օրվա ընթերցվածները, շարականները, աղոթքները և այլն։ Հայաստանյայց Եկեղեցում Տոնացույցն աստվածային պաշտամունքի ընդհանուր ուղեցույցը կամ հայտագիրն է։
5. Մաշտոց, որ բովանդակում է խորհուրդների և այլ սրբազան արարողությունների կատարման կարգավորությունը և արարողական ու ծիսական խրատները։
Այս է պատճառը, որ Մաշտոցը կոչվել է նաև Ծիսարան։
6. Պատարագամատույց կամ Խորհրդատետր՝ սուրբ Պատարագի խորհուրդի գիրքը, որ Պատարագի ժամին դրվում է սուրբ Սեղանի վրա։
7. Տաղարան, որ բովանդակում է բազմաթիվ տաղեր կամ երգեր, ինչպես նաև սուրբ Պատարագի երգեցողության մասը։

Ինչի՞ համար են պատրաստվել այս գրքերը։

– Որպեսզի Հայաստանյայց Եկեղեցու աստվածային պաշտամունքն ամենուր միանման ծիսակարգով կատարվի։

Ո՞րն է հավատացյալների պարտքը հրապարակային աղոթքի մեջ։
– Հավատացյալները պետք է որոշված ժամին ներկա գտնվեն եկեղեցում, ջերմեռանդությամբ մասնակցեն ժամերգությանը և ամփոփ մտքով աղոթեն, պաշտամունքը խանգարող որևէ բան չանեն, իրար հետ չխոսեն, հազի և այլ արտառոց ձայներ չհանեն, չերթևեկեն այս ու այն կողմ, պաշտմունքը կիսատ չթողնեն՝ դուրս գալու համար և այլն։

Քրիստոնեական գիտելիքներ բոլորի համար.
Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան.

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ