Ղարաբաղյան կարգավորում չկա. Սարգսյանի եւ Ալիեւի անելիքը. Ժամանակ
Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը առերեւույթ հերթական աշխույժ փուլում է, ինչը պայմանավորված է եւ արտահայտվում է նաեւ մի շարք արտաքին զարգացումներով, որոնք առնչվում են թե՛ անմիջականորեն խնդրին, թե տարածաշրջանին եւ թե միջազգային իրադարձություններին։ Առերեւույթ այդ աշխույժ փուլի, այսպես ասած, հանգուցային կետը պետք է դառնա Սարգսյան-Ալիեւ հանդիպումը։
Կլինի հանդիպում, թե ոչ՝ դեռեւս վերջնականապես հստակ չէ, թեեւ պաշտոնապես հայտարարվել է նախնական երկկողմ համաձայնության մասին։ Սակայն կլինի հանդիպում, թե ոչ՝ սկզբունքային նշանակություն չի ունենա հակամարտության կարգավորման գործընթացի համար, քանի որ գործընթաց, որպես այդպիսին, որը միտված է բուն խնդրին, թերեւս, չկա։ Չկա ոչ միայն այն պատճառով, որ կողմերը գտնվում են իրարամերժ դիրքերում, եւ օբյեկտիվորեն չկա փոխզիջման կամ որեւէ հանգուցալուծման հնարավորություն, իսկ ռազմական առումով էլ ապրիլյան պատերազմից հետո տեղի է ունեցել հավասարակշռության էական ամրագրում, այլ նաեւ այն պատճառով չկա, որ թե Սարգսյանը, թե Ալիեւը ներկայումս լուծում են բոլորովին այլ խնդիրներ, եւ հակամարտությունն ընդամենը այդ խնդիրների լուծման հարթակներից մեկն է։
Ադրբեջանի ներքին կյանքում Ալիեւն անկասկած ունի խնդիրներ, ընդ որում՝ դրանք ամենեւին լոկ սոցիալական չեն։ Ալիեւի խնդիրներն առնչվում են ոչ միայն իշխանության կայունությունը պահելուն, իսկ այդ կայունությունը լուրջ վտանգի տակ է, եւ դրա մասին են վկայում վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանության մեջ լրտեսների եւ վհուկների որսի մի շարք օրինակներ, այլ ընդհանրապես Ադրբեջանի, այսպես ասած, հասարակարգային կայունությունը պահելուն։
Բանն այն է, որ ադրբեջանական մամուլում արդեն արտահայտվում են մտահոգություններ Ադրբեջանի ապագայի հետ կապված, որոնց առիթ են դառնում կրոնական դրսեւորումները։ Ադրբեջանը
գտնվում է շիական տարրի, այսպես ասած, կենսունակ դրսեւորումներ ստացող մի ստադիայում, որն ավելի շատ արտացոլում է խորքային գործընթացները ադրբեջանական
հանրության տարբեր շերտերում։ Առաջին հայացքից կարեւոր թվացող ղարաբաղյան խնդիրն Ալիեւի համար վաղուց արդեն ամենակարեւորը չէ եւ ամենաբարդը չէ։ Այդպիսով, գտնվելով բարդագույն սոցիալ, ֆինանսատնտեսական եւ այսպես ասած՝ կրոնական խնդիրների ճնշման տակ, Ալիեւը պարզապես անկարող է լրջորեն զբաղվել ղարաբաղյան խնդրով թե քաղաքական, թե ռազմական առումով։ Առավել եւս, որ կրոնական խնդիրների հարցում բավականին տաք է Իրանի շունչը, իսկ Իրանը այն պետությունն է, որը նաեւ կայունությամբ է շահագրգռված ղարաբաղյան գոտում։
Ինչպիսի խնդիր է Սերժ Սարգսյանի համար ներքին իրավիճակը՝ ավելի պարզ է։ Սարգսյանն, իհարկե, ունի զուտ ներիշխանական եւ սոցիալ-տնտեսական խնդիրներ, կանգնած է իշխանությունը պահելու կամ առավելագույնս ապահով հանձնելու, ստվերային իշխանություն ձեւավորելու խնդիրների առաջ։ Աարգսյանի համար դրանք, իհարկե, «տարերք» են, ինչպես ցույց է տվել փորձը։ Բայց, այդուհանդերձ, այդ ամենը ոչ միայն ներքին արձանագրման կարիք ունի, այլ արտաքին հավանության եւ այսպես ասած՝ սլաքների ճշգրտման ուժային կենտրոնների հետ։ Առանցքային հարցերից մեկն այդ առումով այն է, թե ո՞վ է 2018 թվականի ապրիլից հետո լինելու, այսպես ասած, բանակցային գորձընթացի դե յուրե եւ դե ֆակտո պատասխանատուն, ո՞ւմ հետ են գործ ունենալու միջնորդները։
Թե Սարգսյանի, թե Ալիեւի համար ներքին այդ հարցերի համախումբը առաջացնում է մի վիճակ, երբ արցախյան խնդրով լրջորեն զբաղվելը նրանց համար «շքեղություն» է։ Ընդ որում՝ դա, իհարկե, վատ չէ, պարզապես հարցն այն է, թե ուժային կենտրոնները որքանով են ունակ կառավարել իրավիճակը, որովհետեւ չզբաղվելով հանդերձ, թե Սարգսյանը, թե Ալիեւը անկասկած պարբերաբար ինչ-որ ակնկալիքներ, ակնարկներ ու պահանջներ են դնելու համանախագահների առաջ՝ փորձելով օգտագործել ղարաբաղյան խաղաքարտը։ Սակայն, դրանով հանդերձ, որքան էլ տարօրինակ հնչի, երբ չկա ղարաբաղյան կարգավորմամբ լուրջ զբաղվածություն, դա շատ ավելի նպաստավոր է կայունության թեկուզ հարաբերական պահպանության տեսանկյունից, քան հակառակը՝ երբ սկսվում է լուրջ եւ բովանդակային զբաղվածություն այդ ուղղությամբ։
Ըստ ամենայնի, Մինսկի խմբի համանախագահ երկրներն էլ, թերեւս, պատրաստակամորեն կաջակցեն Սարգսյանին ու Ալիեւին ղարաբաղյան խնդիրը զուտ իրենց ներքին խնդիրները ուժային երեք առանցքային կենտրոնների հետ քննարկելու հարթակ դիտարկելու հարցում, քանի որ դա գործնականում լավագույն կարգավորումն է Արցախի համար, որը կլուծի նվազագույնը մեկ հարց՝ կապահովի հարաբերական կայունությունը։
Միջադեպերը անկասկած ոչ միայն չեն բացառվում, այլ կլինեն ամենայն հավանականությամբ, բայց խնդիրն այն է, որ դրանք բացառելու տարբերակը՝ գործնական, առարկայական տարբերակը ամենեւին «լուրջ կարգավորմամբ» գբաղվելը չէ։ հակառակը՝ «լուրջ կարգավորման» փորձերը այդ միջադեպերից պատերազմ են հյուսում։
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: