11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քեզ եմ պաղատում Արքա երկնավոր, անվիճարկելի Մեծդ Աստծո Որդի

Ա 
Քեզ եմ պաղատում, Լույսի՛ ճառագայթ, Արքա՛ երկնավոր, գովյա՛լ անպատում, անվիճարկելի Մե՛ծդ Աստծո Որդի, խոնարհեցրո՛ւ ունկըդ դեպի ինձ, Բարձրյա՛լ բարեգութ, կյանքի՛ ապավեն, վիրավորվածիս այսօ՛ր էլ, կրկի՛ն, Քո նորոգությամբ մերձավորվիր ինձ, դարձյա՛լ լսելու հառաչանքները նվաղած ձայնիս:

Բ 
Երբե՛ք, ոչ մի տեղ չի՛ հիշատակվել, ավազակների սրով խողխողված մի մարդու մասին, որ կարող լիներ Քեզ աղոթք ուղղել՝ աղաչանքներով, որովհետև որ, հարվածի պահին՝ կարկամա՜ծ էր նա. Քեզ պաղատելու ձա՛յն իսկ չհանեց, որովհետև որ՝ ձայն չունե՛ր իր մեջ, ո՛չ էլ կարող էր թեկուզ մատների արված նշանով վտանգի մասին հայտնել Տեսնողիդ, որովհետև որ՝ մա՛րդ էր խորտակված, ո՛չ էլ աչքերից ողբի արտասուք նա կարողացավ մեծ Բարերարիդ ուղղելով հեղել, քանի որ, գիտե՛ր, վնասապա՛րտ էր, դատի՛ ենթակա, ո՛չ էլ կարող էր Քո պատգամները միջնորդ դարձնել, որ լիներ այդպես մեծ Ողորմածիդ կամքին հաճելի, որովհետև որ դեռ դարձ չէր արել խոսքդ լսելու, և ո՛չ էլ արդեն խորտակված մարմնի արյունով ներկված իր հագուստներով ձգտեց Գթածիդ Մեծ սիրտը շարժել, որովհետև որ՝ հույս չունե՜ր իսպառ, ո՛չ էլ ծնկներով, որպես թե ոտքի թաթերի վրա հաստատուն քայլով Քո կողմը եկավ, որովհետև որ՝ անկարո՜ղ էր նա նման բան անել. նա կիսամեռ էր Կենդանարարիդ ըմբռնելու մեջ, փոքր ինչ էր մնում, որ դառնար՝ դիա՛կ: Եվ ճանապարհն էր այդպես ավարտում, մանավանդ ո՛չ թե խրատով խոսքիդ և բարերարող ողորմությանդ մեջ հաստատվելով, լուսազարդվելով Քո փառքերի մեջ, այլ ստահակի ապստամբությամբ՝ թշնամիների՛ թիվն էր հավելում, և ինքն էլ այդպես՝ միաբանվեց իր թշնամիներին, ատելիներիդ շարքերն իրենո՛վ էլ լրացնելով:

Գ
Բայց Դո՛ւ, Բարերա՛ր և Բազմապարգև՛, և Անոխակա՛լ, Ամենակեցո՛ւյց, ո՛չ թե հիշեցիր այդ չարագործի մեղքերը Քո դեմ, այլ նախատինքի խո՛սք իսկ չասացիր: Ընկածին ո՛չ թե առար ոտքիդ տակ, այլ կարեկցելով՝ ծայրագույն խնամք ցույց տվիր նրան: Եվ ո՛չ թե նրան քահանայապես զորավոր մահվան պաշտոնյա եղար, ըստ ահարոնյան տկար օրենքի՝ դատապարտելով խիստ անեծքների, բռնի քարկոծման. ո՛չ թե փութացիր խոցելով նրան խորտակման մատնել, ո՛չ էլ ղևտական անկատարագործ կարապետի պես հետը վարվեցիր, որ երկու մասի բաժանվածի մեջ՝ Հնի լրումն էր, սկիզբը Նորի, այլ՝ դատարկ հոգու ապաշխարանքը Ի՛նքդ հանդիսացար՝ տեսնելով վտանգ, որ վիրավորի վրա էր գալիս, որպեսզի հանկարծ սպանդ անողը օրենքի ձեռքով՝ իր արմատ կտրող տապարը առած՝ մահվան պաշտոնը Քո մեջ չտեսներ, չմեռնե՛ր վախից՝ ավելի՛ առաջ, քան փորձություններն առաջիկայի՝ հաղթահարելու հույսը ունենար…

Եվ հեթանոսներն ասորեստանցի, որ օրենքն առան հրեաներից՝ ամբողջությամբ էլ պահեցին դրանք, բայց տվողները իրե՛նք մոռացան, և ապա հագան մարմնիդ վերարկուն՝ իրենց խառնությամբ նմանվելով մեզ, և ինչ փրկության ավետիսը, որ գծագրեցիր օտար ազգերին և աստվածաբար անապակ դարձնող Քո ներգործությամբ՝ Ձեռքդ երկարեցիր՝ նախնի հին մարդուն կենդանացնելու, որ մեղքով մեռնող ծնունդ էր արդեն՝ սերընդեսերունդ, և տրտմածների սիրտը լցրեցիր անհուն բերկրանքով, և հաստատեցիր վհատյալներին կենդանության մեջ, թշվառացածին մեկ անգամ ևս զվարթացնելով, և ավազանիդ կենարար օծմամբ, և բաժակիդ մեջ Լույսդ լցնելով, և արարչական ու երկնային մարմնի Քո հացով՝ այդպես՝ Նո՛ր Կտակդ եղանակեցիր, և երջանիկ ու ընտրյալ ազգերի վերակացությամբ գտա՛ր թշվառին, գրկեցի՛ր նրան, խնամարկեցի՛ր: Եվ հանդարտընթաց գրաստի վրա դնելով նրան՝ փորձություններից պահեցիր հեռու՝ մինչև որ մտավ հարկդ լուսեղեն, թե՛ նախնիների, թե՛ երկրորդների՝ յուրաքանչյուրի ձեռքը դնելով Աստծուդ տվչության՝ կենդանի կյանքի կամքով ապրելու կտակներդ երկու, որոնցով նրա բոլոր վերքերին մարդասիրորեն դարման դրեցիր: Եվ մի ժամանակ, ինչպես մոտ էիր Մովսես ծառայիդ, Թևերդ Արծվենի Դու տարածելով և հանդարտ երկիրն առաջնորդեցիր՝ պահեցի՛ր նրան՝ բարերարության և հանգստի մեջ, և առաքեցի՛ր Քո Խոսքը նրան, որպես ուտելիք՝ հրամայելով վարդապետներին, որ նրան սնեն երկնի ա՛յդ հացով:

Դ
Եվ արդ, ծայրագույն Բարության Լույսով հրաշք գործերդ ամենքի համար՝ բովանդակապես՝ հենց Ի՛նքդ արեցիր, հին օձոտողի գողացած գանձը սեփականելով՝ վերադարձրի՛ր Քո աշխատանքի արդյունքներն այդպես. ապրեցրու ի՛նձ էլ՝ մեղքիս պարտքերից մաքրելով՝ ի՛նձ էլ: Որ ոչ թե արած գործերիս դիմաց, այլ՝ անպատրաստիս ձրի՛ պարգև տաս՝ խոստովանություննե՛րս հաշվի առնելով, տա՛ս ինձ քավությո՛ւն և բժշկությո՛ւն, Բարեգո՛ւթ, Զորե՛ղ, Անքնի՛ն, Անե՛ղծ, Դու, որ Օրհնյա՛լն Ես հավիտյաններից հավիտյա՜նս: Ամէ՛ն:

Նարեկ ԲԱՆ ԺԴ

Փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ