Նոր ապատեղեկատվություն
Հունիսի 7-ից «Ուզբեկիստոն հավո յուլլարի» ուզբեկական ազգային ավիափոխադրողի կողմից իրականացվելիք Երևան-Տաշքենդ ավիաչվերթը, որքան կարելի է կռահել ադրբեջանական մամուլն ընթերցելիս, մեծ դժգոհություն է առաջացրել Բաքվում, ով ջանքեր չի խնայում, որ մեկուսացնի Հայաստանին և հատկապես խափանի Հայաստանի և մահմեդական երկրների միջև հարաբերությունները։ Վերջին ցանկությունը իրականացնելու նպատակով ապշերոնյան բռնապետը նույնիսկ հատուկ կոչով էր դիմել մահմեդական երկրներին և արցախյան հիմնահարցը ներկայացրել էր որպես քրիստոնյա Հայաստանի կրոնական պատերազմ՝ ընդդեմ մահմեդական Ադրբեջանի և կոչ էր արել մահմեդական երկրներին խզել կապերը Երևանի հետ։
Սակայն, որքան հասկանալի է, այդ կոչից հետո ՀՀ նախագահի այցը Քաթար, իսկ հիմա էլ Հայաստանի և Ուզբեկստանի միջև վերականգնվող ավիաչվերթն ապացուցում են, որ Իլհամ Ալիևի կոչը իր «մահմեդական եղբայրներին» անտեսվել է վերջիններիս կողմից։
Ալիևյան ԶԼՄ-ներից մեկը արդեն որերրորդ անգամ հայ-ուզբեկական հարաբերություններին անդրադառնալիս հատուկ նշում է, որ Տաշքենդն այն եզակի երկրներից է, որը դատապարտել է հայերի ագրեսիան Ադրբեջանի դեմ, և այդ հանգամանքից ելնելով էլ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Երևանի հետ։
Հիշեցնեմ, որ այս հիմարությունը մի անգամ արտաբերել էր նաև Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Այդին Աբբասովը։ Սա տարրական ապատեղեկատվություն է։
Հայաստանը և Ուզբեկստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են դեռ 1995 թ. հոկտեմբերի 27-ին։ Հայաստանի եւ Ուզբեկստանի միջև Իսլամ Քարիմովի կառավարման տարիներին ստորագրվել են հինգ համաձայնագիր և երկու արձանագրություն։ 2016 թ-ի հուլիսի 29-ին ՀՀ կառավարության նիստում գործադիրը համաձայնություն տվեց միջկառավարական համաձայնագրի նախագծին, որով Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում միմյանց տարածքում 90 օր մնալ առանց վիզայի։
Իսկ արդեն ներկայիս նախագահ Շավքաթ Միրզիոևի օրոք հայ-ուզբեկական հարաբերությունները բավական ակտիվացել են։ 2017 թ-ի ապրիլի 7-ին աշխատանքային այցելությամբ Տաշքենդում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ուզբեկստանի իր գործընկերոջ՝ Աբդուլազիզ Կամիլովի հետ։ Է.Նալբանդյանն ու Ա.Կամիլովը պայմանավորվեցին հանձնարարել ԱԳՆ-ների համապատասխան ստորաբաժանումներին՝ մշակելու տարբեր ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված առաջարկներ։ Որքան կարելի է կռահել, այդ այցի «առաջին պտուղը» Երևան-Տաշքենդ ուղիղ չվերթն է, որն այսքան նյարդայնացրել է Բաքվին։
Միջինասիական հանրապետություններից Բաքուն հատուկ ուշադրություն է դարձնում Ուզբեկստանին։ Պատճառները տարբեր են։ Բայց կարևոր պատճառներից մեկը՝ բավականին մեծ և հարուստ հայկակական համայնքն է այդ երկրում, որի թիվը, ըստ տարբեր տվյալների, կազմում է 50-100 հազար։ Բաքուն ահռելի մեծ ռեսուրներ է ներդրել սրելու հայերի և տեղացիների հարաբերությունները։ Իլհամ Ալիևի հովանավորությամբ և պատվերով Շուհրատ Սալամով ոմն մեկը, ով իրեն պատմաբան է ներկայացնում, գիրք էր գրել Ուզբեկստանում հայ դաշնակցականների վայրագությունների ամսին, որի համար Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը սույն ստահակի դեմ քրեական գործ է հարուցել՝ ազգամիջյան թշնամանք հրահրելու հոդվածով։
Հ.Գ. Պաշտոնական Երևանն այսուհետ էլ ավելի մեծ տեղ և ժամանակ պետք է հատկացնի Հայաստանի և մահմեդական երկրների միջև սերտ հարաբերություններ հաստատելուն, որը մեծ ցավ է պատճառում Ադրբեջանի բռնապետին։
Քաղաքագետ Գագիկ համբարյանի ֆեյսբուքյան գրառումը:
Henaran.am-ը ֆեյսբուքյան գրառումները տեղադրում է առանց խմբագրման, ուստի պատասխանատվություն չի կրում տեքստում առկա սխալների կամ վրիպակների համար: