Դերասանուհի Աննա Հարությունյանը դատի է տվել
Երեկ մեծ էկրաններ բարձրացավ ”Չեզոք գոտի” լիամետրաժ ֆիլմը, որում նկարահանվել է նաև դերասանուհի Աննա Հարությունյանը:
Ֆիլմի առաջնախաղի հենց հաջորդ օրը` այսօր, դերասանուհի Աննա Հարությունյանը դիմել է դատարան` պահանջելով պաշտպանել իր հեղինակային իրավունքները, որոնք խախտվել են ֆիլմի ստեղծագործական կազմի կողմից: ”Չեզոք գոտի” ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհին, ով երեկ ներկա չի եղել դրա պրեմիերային, esyes.am-ին մանրամասնեց դատարան դիմելու պատճառները:
”Ֆիլմը պատրաստվում էր պրեմիերայի, սակայն այդ ընթացքում ինձ չէին կանչել ձայնը կարդալու` ձայնային հնչունավորման: Նշանակում է` ձայն կա, եթե պրեմիերա են անում, քանի որ առանց ձայնի այն չէր կարող մեծ էկրան բարձրանալ: Սակայն ձայնը ես չեմ կարդացել, ինչն էլ նշանակում է, որ մեկ ուրիշն է իմ փոխարեն դա արել,-ասաց Աննան և հավելեց, որ իրեն նույնիսկ չեն էլ տեղեկացրել, որ իր ձայնը ուրիշ մեկն է կարդալու,- իրենց կողմից ոչ մի վերաբերմունք, զանգ, խնդրանք չի եղել”:
Դերասանուհու խոսքերով` իրեն նույնիսկ չէին էլ հրավիրել ֆիլմի պրեմիերային: ”Դատարան դիմելու համար փաստեր են պետք, այդ իսկ պատճառով էլ այժմ եմ դիմել դատարան, երբ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել”,- ասաց Աննան, ով ֆիլմում նկարահանվել է անցյալ տարվա սեպտեմբերից:
Այսպիսով, Աննան դիմել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով հեղինակային իրավունքների բավարարում. ”Ես ՀՀ քաղաքացի եմ, դերասանուհի, ով ուզում է իր հեղինակային իրավունքները պաշտպանել: Ուրախ եմ, որ կարող եմ այս հարցի շուրջ ձայն բարձրացնել, որովհետև դա շատ կարևոր է դերասանուհու, արվեստագետի համար: Երբ դերասանը կամ արվեստի այլ ներկայացուցիչը նոր բան է ստեղծում, հոգի ու սիրտ է դնում դրա մեջ, այսինքն` հոգեբանական ծանր հարված են նաև ինձ հասցրել”: