” Իմ ուղեղում ոչ մի բան չկա` մի բան եմ մտածում … “. Սուրիկ Խաչատրյանը` որդու եւ պաշտոնի մասին
Քանի որ այս օրերին Սուրիկ Խաչատրյանից որեւէ մեկնաբանության չի հաջողվում ստանալ , որը կներկայացներ նրա տեսակետը՝ վերջինիս որդու ազատ արձակման եւ կատարվածի առնչությամբ, Henaran.am-ը ներկայացնում է հունիսի 13-ին Սուրիկ Խաչատրյանի հետ հարցազրույցը, որն այս օրերին դեռ հրատապ է:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հանդիպեցինք Երեւանի փողոցներից մեկում: Ասաց` մի հարցի կպատասխանի: Հետաքրքրվեցինք, ճիշտ են այն տեղեկությունները, որ վերանշանակվելու է Սյունիքի մարզպետ:
“Իմ ուղեղում այս պահին ոչ մի բան չկա: Ես մի բան եմ մտածում՝ ամեն ինչ արվի, որպեսզի ապացուցվի որդուս՝ Տիգրանի անմեղ լինելը: Զինված հարձակում էր, նա պաշտպանվել է: Թե չէ պաշտոնը ինձ համար խնդիր չէ: Պաշտոնով չի, որ ինձ կճանաչեն, պաշտոնով չեմ ես սիրունացել, այլ պաշտոնն եմ սիրունացրել ,-ասաց: -Գործ էլ չստանամ, ես մնալու եմ իմ պետության զինվորը, շարունակելու եմ ամեն ինչ անել Սյունիքի համար”:
Սուրիկ Խաչատրյանը կարճ կապեց` “մի բան պարզապես չի կարող չասել”. “Էսօր կարդացի, որ 1995 թվականին մարդ ա սպանել Տիգրանը: Էդ ժամանակ ինքը մի տարեկան էր”:
Հիշեցնենք, հունիսի 1-ին Գորիսում Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով մահացել էր գործարար Ավետիք Բուդաղյանը, երկու հոգի՝ վերջինիս եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանն ու Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Առուստամյանը հոսպիտացվել են:
Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Խաչատրյանի որդին 19-ամյա Տիգրանն ու թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը: