27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ապրիր այնպես, կարծես վաղը չես լինելու․ Ռուբեն Վարդանյան

Ձեռնարկատերը եւ սոցիալական ներդրողը պատմել է, թե ժողովրդագրական ճգնաժամն ինչ վտանգ է պարունակում Ռուսաստանի համար, ինչու է ապագան սոցիալական կապիտալիզմինը, եւ ինչով են կարեւոր կրթական ու հումանիտար ծրագրերը, գրում է idea.am-ը:

Ե՞րբ հասկացաք, որ ունեցածով կիսվելու ժամանակն է:

Դա միշտ էլ ճիշտ եմ համարել: Իմ բոլոր ծրագրերը եղել եւ մնում են գործընկերային: Այդ պատճառով էլ, եթե այդպես նայենք, ես անընդհատ համագործակցել եւ համագործակցում եմ գործընկերների, աշխատակիցների, ընկերների հետ… Կարելի է կիսել ոչ միայն փողը, այլև, օրինակ, ուրախությունը, հաջողությունը: Կյանքում միշտ այդպես է՝ ինչքան շատ ես տալիս, այնքան շատ ես ստանում:

Սակայն հարցս, նախ եւ առաջ, բարեգործության և այն մարդկանց հետ կիսվելու անհրաժեշտության մասին է, որոնք կարիքն ունեն, որոնք ոչինչ չունեն:

Գիտեք, հստակ սահման չէի անցկացնի: Իմ կարծիքով՝ բարեգործությունը միայն գումար տալը չէ: Գումար տրամադրեցիր, որով կառուցեցին, օրինակ, եկեղեցի եւ այդտեղ ամեն ինչ ավարտվեց: Ես բարեգործությամբ չեմ զբաղվում այն տեսքով, որն այսօր պատկերացնում է մեծամասնությունը: Մի փոքր այլ կերպ եմ գործում. փորձում եմ կառուցել գործող մեխանիզմներ, որոնք կապահովեն երկարաժամկետ բարեգործական ծրագրերի կայունությունը: Այդ պատճառով էլ, այնպես չէ, որ ես ահա աշխատեցի այսքան գումար եւ դրա ինչ-որ մասը տվեցի բարեգործությանը:

Տասանո՞րդը:

Ասենք թե: Կարծես՝ վճարեցիր ու կատարեցիր քո քաղաքացիական պարտքը: Կարեւոր է հասկանալ, որ ապրում ես հասարակության մեջ, որտեղ կան տարբեր մարդիկ, եւ նրանց հնարավորությունները նույնպես տարբեր են: Ժամանակակից աշխարհը բարդ է, փոխկապակցված: Սոցիալական կայունությունն ուղղակի գեղեցիկ խոսք չէ, եւ միայն պետության պատասխանատվության ոլորտում չէ: Էլիտան նույնպես որոշակի պատասխանատվություն ունի նյութական ռեսուրսների, փողի, գիտելիքի վերաբաշխման հարցում, որը կարող է օգնել հասարակությանն ավելի հավասարակշռված դառնալու գործում: Սա կյանքի փիլիսոփայության հարց է:

Կարծես ոչ բոլորն են դա հասկանում:

Պատրաստ չեմ պատասխանել ուրիշների փոխարեն. մենք բոլորս տարբեր ենք, յուրաքանչյուրն այդ ընկալմանը գալիս է կյանքի տարբեր փուլերում, իսկ ոմանք ընդհանրապես չեն գալիս: Շատ բան կախված է մարդու՝ կյանքի ընկալման հորիզոնից: Իմ մասին կարող եմ ասել, որ ամբողջ կյանքում փորձել եմ մտածել եւ ծրագրել 25 եւ ավելի տարի առաջ ու լավատես լինել: Հավատում եմ, որ առաջիկա քառորդ դարում Ռուսաստանը կդառնա հաջողակ երկիր նորմալ հասարակական եւ իրավական ինստիտուտներով, որտեղ բոլոր մարդիկ կարող են իրենց հարմարավետ զգալ: Այստեղ կլինի ավելի քիչ ատելություն, հակասություններ, նյութական եւ սոցիալական շերտավորում: Սակայն դրա համար պետք է ջանքեր գործադրել: Յուրաքանչյուրն անում է այնքան, որքան կարող է: Այո, ոմանք Ռուսաստանին նայում են որպես հերթափոխի աշխատողներ՝ այստեղ աշխատում եմ, սակայն ապրում եմ Արեւմուտքում կամ այնտեղ ստեղծում եմ ինձ համար ապագայի հիմք, որը կապված չէ այս երկրի հետ:

Ճգնաժամի ընթացքում Ռուսաստանում տրամադրությունը փոխվում է արմատական կերպով: Հսկայական տարածք, մեծ ընդգրկում, ուստի զարմանալի չէ, որ մեզ ճոճանակի նման թափ է տալիս մի կողմից մյուսը: Մենք հեշտությամբ լավատեսությունից ընկնում ենք դեպրեսիայի մեջ: Սակայն ամեն ինչ, այնուամենայնիվ, կախված է մարդու՝ երկարաժամկետ պլանավորման ընդունակությունից:

Եւ, ըստ Ձեզ, ո՞ր փուլում ենք:

Երկարաժամետ դիտարկմամբ՝ ես բավականին լավատես եմ, կարճաժամկետ՝ հոռետես, քանի որ հասկանում եմ, որ մեր առաջ լուրջ մարտահրավերներ կան: Ոչ միայն պետության, այլեւ բոլորի, որոնք Ռուսաստանն իրենց տունն են համարում: Ասենք ժողովրդագրական խնդիրը կապված չէ քաղաքական ինստիտուտների, գնաճի կամ դոլարի փոխարժեքի հետ: 20-րդ դարում Ռուսաստանը ժողովրդագրական աղետ է վերապրել: Հիշեցնեմ, որ 1913 թվականին Ռուսական կայսրությունն ուներ 183 միլիոն բնակիչ, իսկ երկրագնդի բնակչությունը կազմում էր 1 միլիարդ 800 միլիոն մարդ: Այլ կերպ ասած, երկրագնդի յուրաքանչյուր տասներորդ մարդն այստեղ էր ապրում: ԱՄՆ-ն ուներ 100 միլիոնից քիչ բնակչություն: Մեկ դար անցավ, եւ նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ այսօրվա Ռուսաստանի Դաշնության տարածքն ավելի փոքր է, քան Ռուսական կայսրությանը, այստեղ ապրում է 143 միլիոն մարդ, իսկ Ամերիկայում՝ արդեն 320 միլիոն:

Իսկ երկրագնդի վրա՝ յոթ միլիարդ:

Հենց դրա մասին է խոսքը: Ռուսաստանի բնակիչների մասնաբաժինը նվազել է մինչեւ ընդհանուր թվի երկու տոկոս: Հասկանալի է, որ այս խնդիրը չի լուծվի միայն տնտեսական պայմանների բարելավմամբ: Անհրաժեշտ է միջոցների մի համալիր՝ ազգի առողջություն, բնակչության կյանքի տեւողության բարձրացում, լքված եւ անտարբերության մատնված երեխաների խնդրի լուծում, ովքեր ծնված օրվանից մեծանում են մանկատներում՝ ունենալով ողջ ծնողներ, եւ շատ այլ խնդիրներ: Մի առանձին թեմա էլ մասնավոր սեփականությունն է. մինչ այժմ տպավորություն է կարծես տրվել է ժամանակավոր եւ ցանկացած պահի կարող են հետ վերցնել: Ես խոսում եմ ոչ միայն հարյուր հազարավոր գրանցված ընկերությունների մասին, այլ պարզապես բնակելի տարածքի սեփականության մասին: Օրինակ՝ Մոսկվայի «Սադովի կոլցոյի» շրջանում հարյուր հազարավոր դոլար արժեք ունեցող բնակարանների տերերը նույնիսկ չեն հասկանում, որ լուրջ ակտիվներ ունեն, որոնք պետք է ճիշտ կառավարել: Մեզ մոտ դեռեւս մասնավոր սեփականության ինստիտուտը չի կայացել, ինչը առանցքային է շուկայական տնտեսության համար, ո՛չ ինքն իրեն սեփականատեր զգալու տեսանկյունից, ո՛չ էլ դատական համակարգի ու ժառանգություն ստանալու տեսանկյունից: Ինչ վերաբերում է վերջինին, ապա 10-15 տարի անց այս հարցն ավելի հրատապ կդառնա նրանց համար, ովքեր կապիտալը վաստակել են 90-ական թվականներին: Որպեսզի օգնենք ակտիվների տնօրեններին կողմնորոշվել իրենց հարմար մոդելի ընտրության հարցում, մենք ստեղծել ենք Phoenix Advisors ընկերությունը, որը զբաղվում է կարողությունների տնօրինմամբ եւ աշխատում է ինչպես սեփականատերերի, այնպես էլ նրանց հետնորդների եւ ժառանգների հետ:

Կան նաեւ հիմնարար մարտահրավերներ: Ինչպես հայտնի է հասարակությունը զարգանում է պարուրաձեւ, իսկ այսօրվա technology disruption-ը (տեխնոլոգիական ճեղքում- խմբ.) փոփոխությունների նոր ճյուղ է: Հասարակության, հարաբերությունների ողջ պարադիգմի վրա ազդեցության մասշտաբով դրանք նույնն են, ինչ մարդկությունն ապրում էր աշխարհագրական մեծ հայտնագործությունների շրջանում, երբ բացահայտվեցին Հարավային Ամերիկան եւ Աֆրիկայի հարավով ծովային ճանապարհը դեպի Հնդկաստան: Եվ եթե «աշխարհագրական հեղափոխությունը» բերեց Վերածննդի, իսկ այնուհետեւ արդյունաբերական հեղափոխության, ապա մենք հիմա վերապրում ենք տեխնոլոգիական հեղափոխություն: Այն պետք է բերի լուրջ փոփոխություններ ոչ միայն տեխնոլոգիաներում, այլեւ սոցիալական ոլորտում, քաղաքականության մեջ, կրթության եւ շատ այլ ոլորտներում: Բոլոր դրույթներն ու կարգավորումները, որոնք մի ժամանակ թվում էին անխաթար, հիմա կասկածի են ենթարկվում: Օրինակ՝ ով կարող է այսօր ասել, թե ինչի՞ կբերի Uber ընկերության գործունեությունը, որն աշխատանք է ապահովում միլիոնավոր մասնավոր վարորդների համար՝ միաժամանակ չունենալով ոչ մի մեքենա եւ առավել եւս չարտադրելով դրանք: Առավել եւս եթե մի քանի տարի անց հայտնվեն առանց վարորդի մեքենաները: Կարելի է խոսել նաեւ Google-ի եւ Facebook-ի մասին: Հարցն այն չէ, որ այս հարթակներին բոլորը կմիանան կամ ոչ, ոչ էլ վիրտուալ տեխնոլոգիաներն են եւ դրանց հնարավոր կիրառումը կրթության, առողջապահության, գիտության մեջ, կենցաղում, այլ այն, որ դա կբերի որակական փոփոխություններ փոխհարաբերությունների համակարգերում, հասարակական ինտիտուտների եւ մնացած ամեն ինչի փոխգործակցության մեջ:

Տեխնոլոգիաների զարգացումը հանգեցնում է մի կողմից հասարակության առավել շերտավորման, իսկ մյուս կողմից՝ տեխնոլոգիական, տեղեկատվական փոխադարձ կապերի ուժեղացման: Ի՞նչ է սա նշանակում: Այսօր երկրագնդի վրա կա մոտավորապես 200 ճանաչված պետություն, որոնցից բարեկեցիկ կարող ենք անվանել մոտավորապես 50-ին: Մնացած երեք քառորդը պատկանում են, այսպես կոչված, զարգացողների թվին: Նախկինում առաջատար պետությունների բնակիչներն այս մասին չէին մտածում, իսկ այսօր մենք չենք կարող համարել, որ երկրագնդի բնակիչների մեծամասնության խնդիրները մեզ չեն վերաբերում: Չէ՞ որ երկրագնդի վրա արդեն գործնականորեն գրեթե չեն մնացել սպիտակ կետեր, աշխարհը դարձել է փոխադարձաբար կախված, այն, ինչ կատարվում է խնդրահարույց տարածքում, ուղղակիորեն ազդում է բոլորի վրա: Հիմա մեզ թվում է, որ ռազմական հակամարտությունների տարածքներից փախստականների խնդիրները խիստ կարեւոր են, մինչդեռ եթե երկրագնդի վրա ջերմաստիճանը բարձրանա գեթ մեկ աստիճանով, ապա տասնյակ միլիոնավոր մարդիկ Աֆրիկայից ու Մերձավոր Արեւելքից կշարժվեն դեպի Եվրոպա: Դա կլինի շատ անգամներ ավելի, քան այսօր Սիրիայից եւ Իրաքից փրկվողները: Միգրացիոն ալիքները կծածկեն ոչ միայն Եվրոպան՝ դա կառնչվի բոլորին: Հենց այդ պատճառով էլ ուժգնանում է համաշխարհային գործընթացների բեւեռացումը՝ մի կողմից բոլորը հասկանում են, որ փոխադարձ կախվածությունը միայն աճելու է, մյուս կողմից աճում է փոփոխություններից վախեցող մարդկանց քանակը: Նրանք քվեարկում են Brexit-ի, Թրամփի օգտին… Մեկուսացման եւ ազգայնական քաղաքականության ուժեղացում է տեղի ունենում: Սա փոփոխության վախի հանդեպ մարդկանց բնական արձագանքն է:

Բայց չէ՞ որ Դուք գտել եք Ձեր դաշտը, եւ այն համակարգված կերպով մշակում եք:

Եւս մեկ անգամ նշեմ, որ սա ընտրության եւ ռիսկի գնալու պատրաստակամության հարց է: Կարելի է ասել, որ ամեն ինչ վատ է, կառուցել հակաատոմային պաշտպանությամբ տուն եւ այնտեղ նստել, հատուկ ֆիլտրի միջոցով շնչել մաքրված օդ եւ սպասել, թե երբ ռումբը կպայթի: Իսկ հետո մտածել. «Ինչ լավ է, որ ես ունեմ երկու տարվա պահածոների բավարար պաշար»:

Դուք Ձեզ համար պահեստարան կառուցե՞լ եք:

Ո՛չ: Քանի դեռ հնարավորություն կա, պետք է այնպես ապրել, որ ամեն ինչ լավ լինի: Պետք է լավատես լինել, չէ՞ որ դու այս աշխարհը երեխաներին ես թողնելու: Կամ էլ ընդհանրապես երեխաներ չունենալ, եթե չես հավատում բարեհաջող ելքին: Մենք պարտավոր ենք ավելի լավ մոլորակ թողնել, քան ստացել ենք: Այլապես Վիկտոր Չերնոմերդինի սխալմունքը մարգարեական կդառնա, որ մեր երեխաները դեռ մեզ կնախանձեն: Իսկ եթե լուրջ՝ պետք է ապրել լիարժեք: Գիտեք, ճապոնական փիլիսոփայության մեջ հաճախ է հանդիպում այն միտքը, որ պետք է ապրել այնպես, կարծես թե վաղը չես լինելու: Ոչինչ մի թող հետոյի համար, այսօր արա այն, ինչ կարող ես: Սիրո խոսքեր ասա նրանց, ում սիրում ես, ներողություն խնդրիր բոլոր նրանցից, ում վիրավորել ես… Եվ այդ ամեն ինչի հետ սովորիր այնպես, կարծես հավերժ ես ապրելու: Եվ այսպես՝ ամեն օր: Հորիզոնում ունենալով 25, 30, 50 տարի:

Որոշ գործընթացներ հասարակության մեջ ընթանում են ավելի երկար, քան մարդկային կյանքն է տեւում: Մեզ թվում է, որ ամեն ինչ անվերջ երկար է տեւում, իսկ իրականում հակառակն է՝ արագ: Նայեք՝ գորբաչովյան վերակառուցումից անցել է ընդամենը երեք տասնամյակ: Մովսեսը 40 տարի ժողովրդին տանում էր անապատով, մինչեւ չհեռացավ այն մարդկանց սերունդը, որը հիշում էր եգիպտական ստրկությունը: Սա նշանակում է, որ մենք դեռեւս ունենք 10 տարի, որպեսզի լիովին փոխենք նրանց, ովքեր ապրել եւ մեծացել են խորհրդային ժամանակաշրջանում: Նրանց փոխարեն կգան նորերը: Դա չի նշանակում, որ նրանք ավելի լավն են, նրանք նոր են: Մեզ մեծ փոփոխություններ են սպասում 2020-ականների կեսերից՝ ԽՍՀՄ-ում մեծացած էլիտայի փոփոխություն։

Դուք Մովսեսի դերին չեք հավակնում, բայց, այնուամենայնիվ, փորձում եք կրթել փոխարինողների: Ես խոսում եմ «Սկոլկովո» բիզնես դպրոցի եւ Դիլիջանում UWC քոլեջի ծրագրերի մասին: Առաջինում Դուք հինգ տարի նախագահել եք, իսկ երկրորդը ստեղծել եք զրոյից:

Կարեւոր է հետեւողական լինել: 2000-ականներից ես ասում եմ, որ մարդիկ XXI դարի տեղեկատվական հասարակության հիմնական ակտիվն են, որի համար պայքար է ընթանալու: Հենց այդ պատճառով էլ կրթությունը չափազանց կարեւոր է: Ռուսաստանն 90-ականներին կորցրեց ոչ միայն միլիարդավոր դոլարներ, որոնք երկրից դուրս բերվեցին: Ավելի վատն այն է, որ այստեղից հեռացան տրիլիոնավոր դոլարի ուղեղներ: Նրանք արտագաղթեցին Իսրայել, ԱՄՆ, Եվրոպա, Հարավային Կորեա:

Եվ շարունակում են հեռանալ:

Հնարավոր է, դա ամենամեծ դժբախտությունն է: Ի վերջո, զարգացման շարժիչները 3-5 տոկոս ստեղծագործ մարդիկ են: Հենց նրանց համար է ընթանում լուրջ պայքարը: Հարավային Աֆրիկայից Իլոն Մասկը չգիտես ինչու մեկնեց ոչ թե Ֆրանսիա կամ Նոր Զելանդիա, այլ Ամերիկա: Պետք է այնպես անել, որ գոնե հաջորդ Իլոն Մասկը չմեկնի Ռուսաստանից, իսկ ինչն ավելի կարեւոր է, գա այստեղ: Թեկուզ՝ ՀԱՀ-ից, Քենիայից կամ Չեխիայից:

Հավատու՞մ եք:

Այլ կերպ հնարավոր չէ: Սակայն հավատալն ու աղոթելը քիչ է, պետք է նաեւ ինչ-որ բան անել: Գիտեք, ինչպես այն անեկդոտում է ասվում «Գոնե վիճակախաղի տոմս գնիր»: Անպայման պետք է փորձել, չվախենալ սխալվել եւ հավատալ, որ կստացվի: Սկոլկովոն եւ UWC Dilijan-ը հենց դրա համար են:

Հենց դա էլ վիճակախաղի տո՞մսն է:

Ինչ-որ առումով, այո՛: Չէ՞ որ մենք տեսնում ենք, որքան երեխաներ են հեռանում սովորելու Արեւմուտքում, իսկ մեր ծրագրերն այն մասին են, որ հետխորհրդային տարածքում էլ հնարավոր լինի մրցունակ կրթական հաստատություններ ստեղծել: Մենք առաջնորդվում ենք այն ընկալմամբ, որ կրթության նոր ձեւաչափի անհրաժեշտություն կա: Հասարակությունում միշտ էլ եղել են վարպետներ, որոնք իրենց նեղ մասնագիտական ոլորտներում գիտելիքների էին տիրապետում, իսկ սոցիալական բուրգի վերեւում գտնվողները՝ էլիտան, տիրապետում էր համալիր գիտելիքների եւ շրջահայաց էր: Այդպես է եղել հազարամյակների ընթացքում: Սակայն, երբ տեղի ունեցավ արդյունաբերական հեղափոխությունը, մասնագիտացումը տեղի ունեցավ ոչ միայն մասնագիտությունների, այլեւ՝ էլիտայի մակարդակում: Առաջացան կոնկրետ, նեղ ուղղություններ, եւ յուրաքանչյուրը պետք է մասնագետ դառնար դրանցից մեկում: Փոխվեց կրթության ողջ համակարգը, ինչպես նաեւ հասարակությունում փոխհարաբերության համակարգը եւ մարդկանց խմբերի միջեւ տարանաջատումը մեծացավ:

Այսօր հակառակ գործընթացն է գնում՝ վերլուծությունից սինթեզի, եւ մի նոր մակարդակում: XXI դարում, երբ ցանկացած տեղեկություն, նույնիսկ շատ մասնագիտացված, հասանելի է եւ կարելի է հեշտորեն գտնել, մենք վերադառնում ենք նրան, որ պետք է ոչ այնքան նեղ մասնագիտացում, որքան կրթվածության լայն մակարդակ՝ համադրելով մասնագիտությունների եւ գիտելիքի ոլորտների հանգուցային կետում աշխատելու կարողության հետ: Մրցակցային առավելություն ունի ոչ թե ուղղակի լավ կենսաբանը, այլ, օրինակ՝ բիոինժեներ-հոգեբանը: Այսպես կոչված հումանիտարների եւ տեխնիկների խիստ բաժանումը դառնում է անպետք եւ նույնիսկ կարող է խանգարել: Բարդացման ներկա մակարդակում կարեւոր է, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել մեծ պատկերը, կարողանան մատնանշել, թե որտեղ են հայտնվում խզվածքները եւ մուտք ունենան դեպի մասնագիտացված գիտելիքներ: Հենց այդ պատճառով էլ երեխաների մոտ փորձում ենք զարգացնել կարողությունը տեսնելու, թե ինչպես է այս կամ այն գիտական փաստը տեղավորվում աշխարհի մասին գիտելիքների ընհանուր համակարգում եւ ինչպես է փոխադրվում, օրինակ, հումանիտար արժեքների կամ օրենքների վրա, որոնցով գոյություն ունի եւ զարգանում է հասարակությունը: Ինչպես նաեւ փոխանցում ենք ժամանակակից աշխարհի համար այնպիսի կարեւոր որակներ, ինչպես օրինակ՝ նոր պայմաններին հարմարվելը, ճկուն լինելու եւ արագ վերակազմակերպվելու, այլ մշակույթ հասկանալու եւ ընդունելու կարողությունները:

Դիլիջանի մեր դպրոցում սովորում են երեխաներ 72 երկրից, ոչ թե տեղացի հայեր կամ սփյուռքահայեր, այլ ամերիկացիներ, եվրոպացիներ, ավստրալացիներ, Ասիայի եւ Աֆրիկայի երկրների բնակիչներ: Եվ «Սկոլկովոն» մենք գործընկերների հետ ստեղծում էինք որպես բիզնես-դպրոց, որտեղ որ պետք է գային արտասահմանցիները: Այո՛, այսօր հեռավոր արտասահմանից ուսանողները քչացել են, սակայն հուսով եմ, որ դա ժամանակավոր իրադրություն է: Մենք ուրախ ենք, որ ավելացել է ԱՊՀ երկրներից ուսանողների քանակը:

Չեմ թաքցնում, որ գոհ եմ, որ «Սկոլկովո» բիզնես-դպրոցը ցույց տվեց, որ խոսակցությունները, թե Ռուսաստանի հարուստ եւ հաջողակ մարդիկ ի վիճակի չեն աշխատել արտասահմանցիների հետ կամ պայմանավորվել միմյանց հետ, հիմք չունեն: Եթե դրված են ճիշտ հիմքեր, ամեն ինչ հնարավոր է: Այդ թվում՝ պետության եւ ռուսական մասնավոր հատվածի միջեւ արդյունավետ գործընկերության հաստատումը: Մենք հպարտ ենք, որ UWC Dilijan դպրոցի նախագիծը ստացել է միջազգային ճարտարապետական մրցանակներ՝ որպես Եվրոպայում լավագույն հասարակական կառույց, եւ որպես ճարտարապետություն, որը միտում է ստեղծում, ինչպես նաեւ այն դարձավ Հայաստանում առաջին ծրագիրը, որն ստացել է BREEAM կանաչ չափանիշների վկայագիր:

Ո՞վ է կառուցել:

Ճարտարապետն անգլիացի Թիմ Ֆլինն է, աշխատել են ռուսներ, գերմանացիներ, վրացիներ, եւ, իհարկե՝ հայեր, իսկ ամեն ինչի համար պատասխանատու էր մոսկովյան ընկերություն՝ իմ գործընկեր Գագիկ Ադիբեկյանի ղեկավարությամբ:

Հենց նույն «Սկոլկովո» բիզնես-դպրոցը եզակի համալիր ստեղծելու բացառիկ օրինակ է, քանի որ հենց շենքը որոշակի ուղերձ ունի աշխարհին: 10 տարվա ընթացքում «Սկոլկովոյից» դուրս են եկել բազմաթիվ որակավորումներ ունեցող շրջանավարտներ: Այո, չնայած Ռուսաստանում բիզնես-դպրոցի առկայությանը, շատերը մեկնում են սովորելու Ամերիկա, Ֆրանսիա, Անգլիա, Հոնկոնգ: Եվ դա նորմալ է: Սակայն, ինչ-որ մեկը որոշում է մնալ այստեղ: Ինձ հարցնում էին. «Ինչո՞ւ ես դու դպրոց ստեղծում»: Ուզում եմ, որպեսզի ընտրության հնարավորություն լինի: Այդ թվում՝ իմ երեխաների համար: Նախկինում այստեղ այլընտրանք չկար, հիմա՝ կա: Ամենամեծ ճոխությունը եւ ամենամեծ պատասխանատվությունն ընտրության հնարավորությունն է: Հաճախ մարդիկ վախենում եւ փախնում են դրանից: Ցանկանում ենք, որ մեր փոխարեն ուրիշը որոշում կայացնի, իսկ մենք հետո կարողանանք ասել՝ մենք մեղավոր չենք: Մեր սիրած զբաղմունքը պատասխանատվությունը մեր մայրերի, հայրերի, ղեկավարության, պետության վրա գցելն է: Դրա համար էլ ընտրության իրավունքն ամենակարեւոր բանն է:

Ձեզ համար այս ծրագրերը շա՞տ ծախսատար էին:

Փողի՞ տեսանկյունից. այո, ծախսվածն այլեւս երբեք հետ չի վերադարձվի դիվիդենտների կամ նման որեւէ այլ բանի տեսքով: Սակայն եթե գնահատենք պետության համար կարեւորության եւ զգացողության առումով, ապա ես ներդնում եմ ապագայի համար,այդ թվում ՝ իմ, եւ որ ավելի կարեւոր է՝ իմ երեխաների: Բարձրահունչ է, այո, բայց հենց այդպես էլ կա:

Խոնարհվում եմ նրանց առջեւ, որոնք օգնում են մահացու հիվանդներին, անօթեւաններին, աղքատներին: Դա իրական միսիոներություն է: Մենք զբաղվում ենք սոցիալական ներդրումներով, տարբերություն չենք դնում, որ այստեղ աշխատում ենք, իսկ մյուս տեղում ծախսում ենք բարեգործության վրա: Աշխարհում առավել տարածված է դառնում այն մոդելը, երբ բիզնեսը սերտաճում է բարեգործության հետ, եւ մեր ծրագրերը հիմնված են blended approach-ի վրա, այսինքն՝ խառնուրդ բոլոր մակարդակներում՝ կապիտալի, գործունեության տեսակների, կրթության, մարդկանց վերապատրաստելու:

Կարծում եմ, որ ապագան սոցիալական կապիտալիզմինն է, այս մոդելը կարող է փրկել աշխարհը: Նման բան արդեն իսկ տեղի է ունենում Շվեդիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում: Եթե ամերիկացի սենատոր Սանդերսը 10 տարի ավելի երիտասարդ լիներ, կարծում եմ, նա կդառնար ԱՄՆ ընտրություններում թիվ մեկ թեկնածուն: Չէ՞ որ ինքն էլ, Թրամփն էլ այսօրվա ամենազարգացած հասարակության ցավոտ կետերին էին դիպչում, Սանդերսը շատ սոցիալիստական գաղափարներ էր արտահայտում, չնայած նա կոմունիստ չէ:

Դուք Ձեզ սոցիալական ներդրող եք անվանում, սակայն զանգվածային գիտակցության մեջ դա որպես օքսիմորոն (ինքն իրեն հակասող.- խմբ.) է հնչում:

Պետք է վերաբերմունքը փոխել: Միայն մասամբ է դա տերմինաբանության հարց: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մի տեսանկյունից գոյություն ունի իշխանության ներկայացուցիչների եւ գիտական, մշակութային էլիտաների միջեւ խզում, շեշտում եմ՝ նրանք իրար չեն հասկանում՝ խոսելով միեւնույն լեզվով եւ օգտագործելով միեւնույն տերմինները: Մյուս կողմից առկա է ուժեղ շերտավորում հասարակության մեջ: Հարուստների նկատմամբ առկա է բացասական, զգուշավոր վերաբերմունք: Մարդիկ, որոնք ստանում են համեստ աշխատավարձ, դժվար են հասկանում, թե, պայմանական ասած, ինչպես է իրավաբանը կամ արժեթղթերի շուկայի գործակալը (trader) վաստակում հարյուր հազարավոր դոլարներ: Իհարկե, առաջանում է անարդարության զգացում:

Հաճա՞խ եք հանդիպել չհասկացված լինելուն:

Նույնիսկ չընդունված լինելուն: Բնական է: Չէ՞ որ իրական ձեռնարկատիրոջ հիմնական կարողությունը հարմարավետության գոտուց դուրս գալուց չվախենալն է: Ռուսաստանը անկանխատեսելի կլիմայով եւ կյանքի բարդ պայմաններով երկիր է, ուստիեւ մարդիկ ձգտում են ամեն գնով հասնել կայունության: Ավելի լավ է ոչնչի ձեռք չտալ ու չփոխել, որպեսզի ավելի վատ չլինի: Իսկ միգուցե ինչ-որ բան սխալ ընթանա: Ձեռնարկատերն իր էությամբ disruptive (հաստատված կարգը քանդող.- խմբ.) է, նա մի տեսակ հրահրիչ է, որը կարող է ինչ-որ բան «սխալ» կամ այլ կերպ անել: Համայնքային համակարգը կառուցվել է գոյատեւելու հարցում իրար օգնելու անհրաժեշտության վրա, այլ ոչ թե բարեկեցության մասին մտածելու:

Մարդկանց մեծամասնության համար նորը վտանգներ է պարունակում: Լավ հիշում եմ ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի ելույթը 1985թ-ին, երբ դեռ սովորում էի Մոսկվայի պետական համալսարանի առաջին կուրսում, նա այն ժամանակ Գորբաչովի խորհրդականն էր: Պատասխանելով վերակառուցման մասին հարցին՝ Աղանբեկյանն ասաց. «Մենք մի գործընթաց ենք սկսել, որը նման է հսկայական ճոճանակի: Մենք սկսում ենք այն ճոճել, սակայն չգիտենք, թե արդյոք ճիշտ ուղղությամբ: Եթե սխալվել ենք, ապա այն կարող է ոչնչացնել մեր բոլոր հիմնարար պատերը»: Աբել Աղանբեկյանը պայծառատես դուրս եկավ՝ վերակառուցման սկսած գործընթացները բերեցին բոլոր կառուցված պատերի փլուզման, այդ թվում՝ մինչեւ ԽՍՀՄ փլուզում:

Ելնելով ժողովրդագրական ճգնաժամից՝ Ռուսաստանն ունի գործողության մի քանի հնարավորություններ՝ միավորվել կամ Եվրոպայի կամ Չինաստանի հետ, փորձել վերականգնել տնտեսական միասնականությունը հետխորհրդային տարածքում կամ ոչինչ չանել: Ահա չորս սցենարներ, այլ բան չեմ տեսնում: Եթե առաջարկեք հինգերորդը, հաճույքով կլսեմ: Եվրոպայի հետ չստացվեց, սակայն շարունակում եմ հավատալ, որ դա լավագույն սցենարն է մեզ բոլորիս համար, Չինաստանի հետ՝ ամենամեծ ցանկությամբ էլ կան որոշակի ռիսկեր: Հենց այդ պատճառով էլ արդյունավետ ելքն այս իրավիճակում տնտեսական տարածքի ընդլայնումն է, որի շրջանակում Ռուսաստանի 145 միլիոն բնակիչներին կարելի է ավելացնել եւս մի քանի հարյուր միլիոն, որոնք անհրաժեշտ են երկարաժամկետ կայուն զարգացման համար: Հարցն այն է, թե ինչպես է դա պետք անել՝ վարչական բռնությամբ, թե՞ բոլորի համար տնտեսապես շահավետ կերպով:

Ինչո՞վ եք պատրաստ օգնել այդ գործին:

Բազմիցս ասել եմ, որ այն ամենն ինչ արել եմ ու անում եմ ուղղված է տնտեսական եւ սոցիալական միջավայրը փոխելու մեխանիզմներ ստեղծելուն: Օրինակ վերցնենք PHILIN ծրագիրը (Philantripy Infrastructure.- խմբ.), որը զբաղվում է ռուսական հասարակական կազմակերպությունների եւ բարեգործական հիմնադրամների ենթակառուցվածքների աջակցությամբ: Դրա նպատակը նորմալ ինստիտուտների ստեղծումն է նրանց համար, ովքեր իրականացնում են բարեգործական ծրագրեր, եւ նրանց համար, ովքեր ցանկանում են օգնել եւ պատրաստ են դրա համար իրենց գումարը հատկացնել: Այսօր մենք սպասարկում ենք 30 ընտանեկան եւ հասարակական հիմնադրամների, որոնք նախկինում ամեն ինչ մի կերպ էին անում: Հիմա հիմնադրամներն ստանում են մասնագիտական ծառայություն: Համոզված եմ՝ մոտ երեք տարուց նրանց չափերը կմեծանան մի քանի անգամ, եւ համապատասխանաբար , կմեծանա նաև դրանց շահառուների ընդգրկումը: Հիմնադրամները «հավաքելու» են շատ ավելի մեծ գումարներ, իրականացնելու են դրամահավաքներ եւ բարեգործական ծրագրեր՝ հիմնվելով ժամանակակից ֆինանսական, իրավաբանական, գործառնական եւ ՏՏ ենթակառուցվածքների վրա:

PHILIN-ը զբաղվում է բարեգործության կառուցվածքային համակարգմամբ, որպեսզի մարդիկ հիմնվեն ինստիտուտների, այլ ոչ թե ծանոթների վրա: Կրկին հարցը 25 տարվա կտրվածքով պլանավորման մասին է: Այլապես նախաձեռնելու իմաստ չկա:

Իսկ ինչո՞ւ հիմնեցիք «Ավրորա» մրցանակը:

Այս մրցանակը շնորհվում է մարդկային կյանքերի պահպանման եւ մարդասիրության գաղափարի առաջ մղման գործում բացառիկ ներդրման համար: Նախագիծն առավել մասշտաբային դարձավ, քան մենք ի սկզբանե մտածել էինք: Ի սկզբանե ցանկանում էինք օգնել հայերին հաղթահարել զոհի բարդույթը, որը հետապնդում է մեր ժողովրդին 1915թ-ի ցեղասպանությունից ի վեր, մի տեսակ խորը ցավ կա, գիտեք: Մենք ցանկանում էինք ցույց տալ աշխարհին, որ մարդիկ, որոնք վերապրել են ահավոր ողբերգություն, ապրելով ու ոտքի կանգնելով, պատրաստ են օգնել եւ ձեռք մեկնել նրանց, որոնք դրա կարիքն ունեն:

Սակայն շուտով պարզ դարձավ, որ այն ամենն ինչ տեղի է ունենում աշխարհում, այս թեման առավել հրատապ է դարձնում յուրաքանչյուրի համար: Մեր բոլոր ծրագրերը կարելի է բնորոշել glocal բառով՝ գլոբալի եւ լոկալի համադրմամբ: «Ավրորայի» նման նախաձեռնությունը շատ լավ բացահայտում է: Երբ մենք սկսեցինք ստանալ մարդկանց պատմությունները, որոնք փրկում են ուրիշներին, շնորհակալություն ասելու ցանկություն առաջացավ: Դրանք արժանապատվության եւ համարձակության, մարդասիրության հաղթանակի բացառիկ օրինակներ են: Ինչ վերաբերում է մրցանակին, ապա այն ստացողին հանձնվում է 100 հազար դոլարի դրամաշնորհ, եւ եւս մեկ միլիոն դոլար էլ նա կարող է փոխանցել նրանց, որոնք իրեն դրդել են հումանիտար գործով զբաղվելու:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ