Բայց դատվել ո՞վ է ցանկանում
«… Մարդիկ հավատում են ավելի վատ լուրերին, քան լավերին. և անվանարկվածը երկար ջանք պետք է գործ դնե, որ կարողանա անպիտանների միտքն էլ մաքրե: Բայց կասեք, ի՞նչ փույթ, թող չարն իր չարության մեջ խեղդվի: Իրավ է, ես էլ եմ կրկնում ժողովրդի հետ այն վեհ միտքը, թէ՝ «գեշ մարդու օր արևը սև հողի տակով արեք». Միևնույն ժամանակ աջ ու ձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ առավել վատահոգի են, քան բարեհոգի. չկան, եթե կան, չեն երևում այնպիսիները, որոնք չարերի վրա արհամարհանք տածեն. ընդհակառակը, մարդկային թույլ և շատ տկար կողմերից մեկն էլ այն է, որ լսածին հավատալ են ուզում առանց ճշմարտության կշիռ ունենալու, այո՛, շատ հեշտ է դատելը՝ մանավանդ ուրիշին, բայց դատվել ո՞վ է ցանկանում. մարդասպանը նույնիսկ դատից խուսափում է, ուր մնաց անմեղն ու անպարտը: Ես էլ, թեև ներսս բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպես պայծառ ու հստակ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում»:
Մարգարիտ Բաբայանին հասցեագրած նամակից