ԱՊՀ-ի ԱԳ նախարարները կքննարկեն արդի մարտահրավերներին հակազդելու հարցերը
ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի մասնակիցները կքննարկեն արդի մարտահրավերներին հակազդելու հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին Բիշքեկում հայտնել Է Ղրղզստանի ԱԳ նախարարության ինտեգրացիոն միավորումների դեպարտամենտի տնօրեն Բոլոտբեկ Մուկաշեւը:
«Սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կկայանա ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական նիստը, որը կընթանա նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նախագահությամբ: Նիստը կանցկացվի օրվա երկրորդ կեսին «Ալա Արչա» պետնստավայրում: Իսկ օրվա առաջին կեսին կկայանա արտաքին գործերի նախարարների նիստը, որի ընթացքում նախարարները կքննարկեն պետությունների ղեկավարների խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերը»,-ասել Է նա:
Մուկաշեւի խոսքով՝ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում ներառված Է 16 հարց: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն պետությունների ղեկավարների կողմից ստորագրման պատրաստված համատեղ հայտարարությունների տեքստերը: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է ԱՊՀ-ի 25-ամյակի առթիվ համատեղ հայտարարությանը, որում ամփոփված են Համագործակցության գործունեության արդյունքները եւ նախանշված են համագործակցության ընդլայնման ու խորացման պլանները, այդ թվում՝ արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ոլորտում:
ԱՊՀ-ի ԱԳ նախարարները նաեւ կքննարկեն 2017-2019 թվականներին հատուկ ծառայությունների գծով ահաբեկչությանը հակազդման ծրագիրը, իրավապահ մարմինների գծով 2016-2020 թվականներին տեղեկատվական տեխնոլոգիաների հանցավոր օգտագործմանը հակազդելու ծրագիրը, ինչպես նաեւ 2020 թվականին ԱՊՀ-ի երկրներում մարդահամարի անցկացման հարցը: Նաեւ պլանավորվում Է, որ 2017 թվականը ԱՊՀ-ում կհայտարարվի Ընտանիքի տարի, իսկ 2018-ը՝ Մշակույթի տարի: