Բունդեսթագը կքննարկի Թուրքիա նոր զորքեր ուղարկելու ՆԱՏՕ-ի որոշումը
Անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել՝ Թուրքիա տեղափոխել Բալթիկ ծովում տեղակայված ռազմական ուժերը: Թուրքական «Timetürk» լրատվակայքի համաձայն՝ այս ուժերը պետք է հսկեն Սիրիայի օդային տարածքները: Արդեն հստակեցվել է նույնիսկ զինուժի՝ Թուրքիա տեղափոխվելու ժամանակացույցը:
Հոկտեմբերի 12-ին Գերմանիայի կառավարությունը նախարարների խորհրդի նիստ կգումարի, որի ընթացքում կքննարկվի Թուրքիա զինված ուժեր ուղարկելու հարցը: Կայացված որոշումը այնուհետև կուղարկվի Դաշնային խորհրդարան, որը նիստ կգումարի հոկտեմբերի 12-17-ը: Որպեսզի ռազմական ուժերը Թուրքիա տեղափոխվեն հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին՝ ինչպես դա ծրագրել է ՆԱՏՕ-ն, անհրաժեշտ է, որ Դաշնային խորհրդարանը հաստատի այդ որշումը:
Ավելի վաղ գերմանական կողմը հայտարարել էր, որ գերմանացի պատգավորները կհաստատեն նշյալ որոշումը միայն այն դեպքում, եթե իրենց թույլ տրվի այցելել Ինջիրլիքում ծառայություն իրականացնող իրենց զինվորներին: Աղբյուրի համաձայն՝ խոսակցություններ կան, որ Թուրքիան առաջիկայում կարող է Ինջիրլիքի այցի թույլտվություն տալ: Որպես հավանական այցի ամսաթիվ նշվում է հոկտեմբերի 4-ը:
Նշենք նաև, որ հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան Գերմանիայում ներկայացված է հավատարմատարի մակարդակով: Ակնկալվում է, որ Գերմանիայից հետ կանչված թուրք դեսպան Կարսլըօղլուի փոխարեն նշանակված նոր դեսպան Ալի Քեմալ Այդընը Բեռլինում իր պաշտոնավարումը կսկսի այս շաբաթ: