Մահապատիժ կիրառող որևէ երկիր չի կարող ԵՄ անդամ լինել. Մոգերինին՝ Թուրքիային
Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձել է Թուրքիայում մահապատժի վերականգնման հնարավոր հետևանքներին: Թուրքական ընդդիմադիր «T24.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մոգերինին մասնավորապես հայտարարել է. «Որևէ երկիր, որը կրկին վեադառնում է մահապատժին, չի կարող Եվրամիության անդամ լինել»:
ԵՄ գերագույն հանձնակատարը հիշեցրել է, որ Թուրքիան Եվրախորհրդի անդամ է և պարտավորված է հավատարիմ մնալ Մարդու իրավունքների հռչակագրին: Մոգերինին նաև կոչ է արել Թուրքիային՝ մինչև վերջ հավատարիմ մնալ սահմանադրական սկզբունքներին և ԵՄ-ի անունից ևս մեկ անգամ ընդգծել է օրենքի գերակայության կարևորությունը:
ԵՄ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Թուրքիայում այս օրերին տեղի ունեցող զարգացումների առթիվ և նշել, որ անհրաժեշտ է երկրում ապահովել ժողովրդավարություն և հարգանք մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ:
Իսկ ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն Թուրքիային կոչ են անում ապահովել երկրում օրենքի գերակայությունը: Քերին նշել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպիչների պատժումը, սակայն կոչ է անում ձախողված գործողությունից հետո երկրում կարգը վերականգնելիս «շատ հեռուն չգնալ»:
«Ժողովրդավարությունը ՆԱՏՕ-ի անհրաժեշտ սկզբունքներից է: ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում նախաձեռնված և կարճ ժամանակում ճնշված ռազմական հեղաշրջման փոձից հետո երկրի տարբեր շրջանակների կողմից առաջարկներ արվեցին՝ մեղավորների համար մահապատիժ սահմանելու վերաբերյալ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իշխանությունն ու ընդդիմությունը համատեղ կքննարկեն մահապատժի առաջարկը և կարճ ժամանակում որոշում կկայացնեն: Իսկ վարչապետ Բինալի Յըլդըրըմը տեղեկացրեց, որ մեջլիսը պատրաստվում է քննարկել երկիրը ցնցած նմանօրինակ դեպքերի պարագայում օրենքի հնարավոր լրամշակումների հարցը:
Նշենք նաև, որ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Քուրցը ևս այսօր հանդես էր եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով Թուրքիային, որ մահապատժի վերականգնումը կխափանի Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները: