Ստատուս քվոն անընդունելի է․ Ալիեւը հանդիպել է Պուտինին
Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։
Հանդիպման ժամանակ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն պետք է հաղթահարել, սակայն դրա համար պետք է այդ տարածաշրջանից դուրս բերել հայկական զորքերը, գրում է РИА Новости-ն։
«Հակամարտությունը ձգվեց, ինչպես հայտարարել են Ռուսաստանն ու ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները, ստատուս քվոն անընդունելի է, եւ մենք այդ հայտարարությունն ամբողջովին պաշտպանում ենք»,–ասել է Ալիեւը՝ նշելով միեւնույն ժամանակ, որ ստատուս քվոյի փոփոխության համար պետք է «սկսել Ադրբեջանի տարածքի ապաօկուպացումը, որն ավելի քան 20 տարի բռնազավթված է» ։
Ալիեւը շնորհակալություն է հայտնել Պուտինին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպման նախաձեռնության համար, ինչպես նաեւ Ռուսաստանի կառուցողական դերի համար, որը նա խաղում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ։