Չիլիի պատգամավորների պալատը հատուկ բանաձևով դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան
Չիլիի Պատգամավորների պալատի բանաձևը ս.թ. ապրիլի 1-2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
Ս.թ. ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բանաձև է ընդունել Չիլիի Պատգամավորների պալատը:
Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է.
«Ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի օդային և ցամաքային ուժերը լայնամասշտաբ հարձակում իրականացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանագծում` ծանր հրետանու և վերջին սերնդի հրթիռների կիրառմամբ:
Վերոնշյալ ագրեսիան 1994 թվականին կնքված զինադադարի, ինչպես նաև վեճերի խաղաղ լուծման վերաբերյալ ՄԱԿ-ի նորմերի ամենակոպիտ խախտումն է:
Բռնության այս նոր սրման կապակցությամբ, որր հանգեցրել է քաղաքացիական և զինվորական մեծ կորուստների, Պատգամավորների պալատը դատապարտում է այս ագրեսիան, կոչ անում ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ բանակցությունների շարունակության` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:
Միջազգային հանրությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարում են, որ հակամարտությունը, որն արդեն ավելի քան երկու տասնամյակ շարունակվում է, պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով:
Կոչ է անում Ադրբեջանի Հանրապետությանը վերահաստատել խաղաղության իր հանձնառությունը, անմիջապես դադարեցնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պատերազմական գործողությունները և խստորեն պահպանել 1994 թվականին կողմերի միջև ձեռք բերված զինադադարը:
Կոչ է անում Չիլիի կառավարությանը կողմերին հորդորել հավատարիմ մնալ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ընթացող բանակցություններին և այդպիսով խուսափել տարածաշրջանում անդառնալի հետևանքների հանգեցնող պատերազմի բռնկումից»: