23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Այսօրվա մեղքը մահացու է

Դժվարին ու արկածալի այս օրերում պայծառ պահենք մեր միտքը, մեր հոգին թող չմթագնեն առօրեական չնչին ու փոքրիկ զգացումները:

Բարձրանանք սրտով, լայնասիրտ լինենք այս դաժան պահին։ Ըմբռնենք, զգանք այսօրվա ահավոր ու արյունոտ անցքերի ճակատագրական նշանակությունր:

Ահա մեր աչքի առջև հսկա ժողովուրդները ֆիզիկական և բարոյական գերագույն լարումով, բարձր ոգևորությամբ միացնում են իրենց տարբեր խավերը, տարբեր հատվածներր, որպեսզի փրկեն իրենց ապագան:

Եթե հսկա ժողովուրդներն են կարիք ու անհրաժեշտություն համարում միահամուռ ու միաձույլ գործունեությունր, ապա որքան և որքան անհրաժեշտ ու անհետաձգելի պետք է համարվի այդպիսի մի համերաշխ ոգևորություն մեր փոքրաթիվ, բայց անհամար ոսոխներով շրջապատված ազգի համար, մի ազգի համար, որի ջլատված, քայքայուն ուժերի ծայրահեղ լարումը միայն, բարոյական բարձր պարտազգացումը միայն կարող է փրկել այս աղետալի պահին: Ընդունա՞կ է արդյոք մեր ժողովուրդը նյութական և բարոյական ուժերի մի այդպիսի գերագույն լարումի, միահամուռ ներշնչուն գործունեության։

Արդյոք կենդանի՞ է դեռ հայ ժողովրդի հավատը, որը դարավոր փորձության է ենթակա եղել, որը արյունաքամ է արել մեր ժողովրդին, խլել է նրանից այնքան նյութական և բարոյական զոհեր:

Այո’, այդ հավատը դեռ կենդանի է, այդ հերոսական ոգևորությանն ընդունակ է մեր ժողովուրդը:

Դառնանք մտքով դեպի մոտիկ անցյալը, հիշենք այն հերոսական ճիգերը, որ գործում էին մեր հասարակ ժողովրդի լավագույն զավակները, հիշենք այն բարձր րոպեները, երբ ժողովուրդը անձնվեր սիրով պատրաստ էր ամեն ինչ զոհաբերելու իր եղբայրների և իր ազատության համար, և կտեսնենք, որ հայ ժողովրդի հավատը կենդանի է, որ հայ ժողովրդի հոգին չեն սպանել ո’չ ահեղ արհավիրքները, ո’չ դարավոր ստրկության լուծը: Ժողովուրդը անվերջ տառապանքի մեջ կենդանի է պահել իր մաքուր հավատը դեպի ազգի ապագան, դեպի լավագույն գալիքը:

Որպես մի վսեմ ցնորք, որպես դյութիչ մի երազանք նա փայփայել է ազատության և վերածնության բարձր բաղձանքը: Եվ որքան ու որքան ազնիվ սրտերի արյունով վկայել է ժողովուրդը իր այդ պայծառ հավատը:

Չէ՞ որ այդ սրբազան արյունով ոռոգված են մեր հայրենիքի բոլոր դաշտերը, մի՞ թե հարկավոր է ավելի ակներև, ավելի անհերքելի ապացույց մեր ժողովրդի բարձր զգացողության և անձնվեր ոգևորության։ Եվ այսօր, այս արյունալից օրերին հայ ժողովրդի դարավոր այդ հավատը մի անգամ էլ փորձության է ենթարկվելու։

Ես չեմ տարակուսում և ոչ մի վայրկյան, որ փորձության, գուցե բոլոր մինչև այժմ եղածներից ամենից ահավոր, գուցե ճակատագրական փորձության այս բովից պատվով պիտի դուրս գա հայ ժողովուրդը: Սակայն հարկավոր է, որ մեր ժողովուրդը, իր պատիվը պահպանելով հանդերձ, պահպանե և իր գոյությունը:

Այսօրվա կռվի սկզբից իսկ մեզ բոլորիս համար պարզ է այն,գուցե և դառն, սակայն ակներև հանգամանքը, որ մեր առջև դրված է ոչ միայն մեր ազգային կուլտուրական ապագայի հարցը, այլ հայ ժողովրդի սոսկ ֆիզիկական գոյության խնդիրը: Ահա թե ինչո’ւ առավել ևս անհետաձգելի, առավել ևս ստիպողական պիտի համարենք մենք մեր ժողովրդի կազմակերպության հարցը:

Ո՞վ պիտի կազմակերպե մեր ժողովուրդը, ո՞վ պիտի տանե նրան այն ճանապարհով, որ զոհաբերությունն ու արյունը ազատություն են բերում: Այսօր հայ մտավորականությանն է վիճակվում այդ բարձր, սակայն և ծանր պարտականությունը:

Արդյոք արժանի կլինի՞ հայ մտավորականությունն իր այդ դժվարին, բայց վեհ կոչման:
Ահա մի հարց, որին մենք պարտավոր ենք դրական պատասխան տալու, մենք իրավունք չունենք թերահավատ լինելու, իրավունք չունենք երկմտելու:

«Մշակը» կոչ է կարդում հայ մտավորականներին միանալու, համերաշխ գործելու, մոռանալու կուսակցական և անձնական նկատումները ընդհանուր համաժողովրդական շահերի ու նկատումների հանդեպ :

Մի՞ թե այսպիսի ժամանակ մեր մտավորականությունը ընդունակ չպիտի լինի մոռանալու չնչին առօրեական իր կռիվներն ու շահերը:

Մի՞ թե այս ճակատագրական րոպեին մենք չպիտի մոռանանք մեզ բաժանող ու ջլատող զգացումները, չպիտի միանանք բարձր ոգևորությամբ մեր սրբազան պարտականության հանդեպ:

Որքան և տարբեր լինեն մեր մտածողության եղանակները, որքան տարբեր լինեն մեր մասնավոր ցանկությունները, մի՞ թե մեզ բոլորիս ոգևորողը մեր ժողովրդի բարօրությունն ու երջանկությունը չէ:

Եվ մի՞ թե կա մեր ժողովրդից ավելի դժբախտ, ավելի բազմատանջ մի ժողովուրդ։
Եվ մի՞ թե կա ավելի բարձր վսեմ մի գործ, քան խաչակիր այդ ժողովրդին ծառայելը, նրա կյանքը, նրա պատիվը, նրա պայծառ հավատն ու հույսը փրկելը:

Ես չեմ ուզում վերագնահատել հայ մտավորականության կարողությունն ու բարոյական թռիչքը, բայց չէ՞ որ լինում են րոպեներ, երբ սովորական մարդիկ հերոս են դառնում:
Հիշեցեք ջրասույզ «Տիտանիկի» դեպքը:

Մտաբերեցեք սովորական մարդկանց այն հերոսական անձնվեր ճիգերը, որոնցով նրանք ուզում էին փրկել իրենց մերձավորներին։ Մի՞ թե մենք իրավունք չունենք այդ բարոյական հզոր թափի ստվերը գեթ որոնելու մեր մտավորականության մեջ:

Չէ՞ որ մենք և ահեղ փոթորիկի առջև ենք կանգնած, չէ որ մեր ամբողջ ժողովրդին անդառնալի, անսփոփելի աղետի վտանգ է սպառնում: Անհնար է, այո’, միամտություն կլինի կարծել, որ հնարավոր է ընդմիշտ վերացնել մեր հասարակության միջից տարբեր հատվածների ընգհարումը: Հակամարտ ուժերի բախումով է առաջ ընթանում կյանքը:

Սակայն կան րոպեներ, երբ չար ուժի հանդեպ միանում են այդ հակամարտ ուժերը` ինչպես ընդհանուր թշնամու առաջ ընտանիքի զավակները, ինչպես ահեղ նավաբեկության ժամին բոլոր մարդիկ և վերահաս վտանգի առաջը առնելու:

Այդտեղ, այդպիսի ժամին մարդիկ մոռանում են իրենց իրարից բաժանող բոլոր խոչընդոտները, փշրվում են բոլոր պատնեշները, միանում են իշխանն ու բանվոր, կին ու տղամարդ: Կանցնի արհավիրքը, նրանք նորից կանջատվեն, կկռվեն: Սակայն արհավիրքի ժամին հանցանք է, մահացու մեղք` ջլատել ուժերը անհատական զգացումներով ու գործողություններով։

Այսօր մենք պիտի մտածենք ոչ թե մեզ անջատող, մեզ իրարից տարբերող ու բաժանող փաստերի մասին, այլ միայն միացնող, ձուլող, գումարող, որովհետև միայն այդ միացումով, համերաշխ գործակցությամբ պիտի կարող լինենք պահել մեր ժողովուրդը, ապահովել մեր ամբողջ ապագան:

Գոնե այս ճակատագրական րոպեին ըմբռնենք, հավատանք միմյանց, փոխադարձաբար զորանանք այդ լիասիրտ հավատով այս դժվարին օրերում։

Չմոռանանք, որ ամենաչնչին սխալը այսպիսի մի ժամանակ կարող է անդարձ կորստյան դուռ բանալ մեր առջև, կարող է անթիվ դժբախտությունների առիթ հանդիսանալ: Մի՞ թե այսպիսի մի ժամանակ չպիտի կարողանանք մենք համբերատար լինել դեպի մեր իդեական հակառակորդները, չպիտի կարողանանք հեռու վանել մեզանից ինքնահավան, ինքնավստահ մտածությունը, չպիտի քննադատող լինենք մեր մտքերի, միայն մեզ ճշմարտության առաքյալ ու աղբյուր պիտի համարենք:

Արդեն առաջադրված է մամուլում համերաշխ գործունեության, ազգային կազմակերպության կարևոր խնդիրը:

Հարկավոր է, այո, ազգովին ասպարեզ գալ, Հարկավոր է ստեղծել մի հեղինակավոր մարմին, որպեսզի մեր ժողովրդի ճակատագիրը հանձնված չլինի պատահական ուժերի ղեկավարության:

Հարկավոր է բոլոր տարբեր ուղղությունների ներկայացուցիչներին տեղ տալ այդ մարմինում, որպեսզի նա կարողանա միացնել իր շուրջը բոլորին, որպեսզի հայ ժողովրդի կոչը լինի նա, հայ ժողովրդի մտքի, զգացմունքների, խղճի արտահայտիչը լինի։

Անդառնալի են այսպիսի պահերը, դարերն են միայն ծնում իրերի այսպիսի դասավորություն:
Այսօրվա ամեն մի գործող պիտի ներշնչված լինի այն խոր, ծանր գիտակցությամբ, որ նա կանգնած է գալիք օրերի ահեղ դատաստանի առաջ, որ այսօրվա ամենափոքր սխալը կարող է կորստաբեր լինել մեր ժողովրդի ամբողջ ապագայի համար: Պարզ պետք է լինի մեզ ամենքիս համար, որ այսօր մեր կյանքի-մահու խնդիրն է դրված հրապարակի վրա:

Վաղը կարող է մեր երկրում էլ հնչել պատերազմի փողը, անթիվ զոհերի առջև, աներևակայելի աղետների հանդեպ պիտի կանգնենք մենք, մի՞ թե հայ մտավորականությունը չպիտի գտնի իր մեջ բավականաչափ վեհանձնություն, որպեսզի միահամուռ, համերաշխ գործունեությամբ աշխատի մեր դժբախտ ժողովրդի փրկության համար։
Ես այցելեցի այստեղ հիվանդանոցներում պատերազմից վերադարձած վիրավոր հայ զինվորներին:

Նրանց մեջ երկմտություն ու կասկած չկա: Այդ հեռավոր հայ գյուղերից ու քաղաքներից եկած հասարակ հայ մարդիկ շատ պարզ ու խորը գիտակցում են իրենց վսեմ պարտականությունը:
Բավական է տեսնել նրանց, որպեսզի հավատաս, որ մեր ժողովուրդը անպատիվ չի դուրս գա այս արյունոտ արհավիրքների միջից:

Բավական է տեսնել այդ պարզ մարդկանց լուրջ, խոհուն դեմքերը, մի քիչ խոսել նրանց հետ` խորապես զգալու, հավատալու համար, որ կենդանի է մեր ժողովրդի հոգին, պայծառ է նրա հավատը:

Եվ մի՞ թե մենք՝ հայ մտավորականներս, անարժան կերպով մեր անձնական ու կուսակցական հաշիվների համար պիտի զոհաբերենք մեր ժողովրդի պատիվը, կյանքը, ամբողջ ապագան:
Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առաջ, անհամար են նրա սխալները, սակայն չմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կլինի, այսօրվա մեղքը մահացու:

Եվ այդ գիտակցելով, ելնենք այս պատմական րոպեին, կազմակերպված ուժերով կանգնենք որպես մի մարդ, մի կամք, մի հոգի: Չմոռանանք, որ ճակատագրական է րոպեն, որ մեր գործը սուրբ է:

Վահան Տերյան

Աղբյուրը` Գրանիշ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ