Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Արեւմտյան Շրջանը Նոր Գրասենյակ է Բացում Դենվերում
Կոլորադոյի Հայեր Կազմակերպության հետ Համատեղ Գրասենյակի Բացումը Տեղի
Կունենա Մայիսի 2ին
Դենվեր – Ամերիկայի Արեւմտյան Շրջանի Հայ Դատի Հանձնախումբն ավելի վաղ
հայտարարել էր, որ Կոլորադոյի նահանգի Դենվեր քաղաքում բացելու է նոր
գրասենյակ, որը Կոլորադոյի Հայեր կազմակերպության հետ համատեղ
նախաձեռնություն է: Գրասենյակը տեղակայված է նահանգային խորհրդարանի
դիմացի փողոցում`Դենվերի պատմական Ֆըրսթ Բափթիսթ եկեղեցու շենքում, 1379
Գրանթ Փողոց, 101Ա սենյակ:
Ամերիկայի Հայ Դատի Արեւմտյան Շրջանի հանձնախումբը Կոլորադոյի Հայեր
կազմակերպության հետ միասին կանցկացնեն բացման եւ ժապավենը կտրելու
հանդիսավոր արարողություն` Երկուշաբթի օրը, մայիսի 2ին, առավոտյան 8.30,
որին մասնակցելու են տեղական եւ նահանգային կառույցների
ներկայացուցիչներ, պաշտոնյաներ եւ համայնքի ղեկավարներ: Ձեռնարկը բաց է
հանրության համար եւ մուտքն ազատ է:
Բացման արարողության ծրագրով նախատեսված են կազմակերպիչ կառույցների
ղեկավարների, Կոլորադոյի նահանգային պաշտոնյաների եւ համայնքի
ներկայացուցիչների, այդ թվում` Դենվերի փոխքաղաքապետ Դոն Մարեսի
ելույթները: Սպասվում է, որ բացմանը ներկա կլինեն նաեւ նահանգային
խորհրդարանի Ներկայացուցիչների Տան անդամներ Ալեք Գարնետը, Քոլ Ուիսթը եւ
սենատոր Բեթ Մարտինեզ Համենիքը: Ելույթներին կհետեւի ընդունելություն եւ
հյուրասիրություն:
«Մեր համատեղ գրասենյակի բացումը Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին
հաջորդող տարում, արժանի է համազգային նշանավորման, քանզի այն վկայում է
մեր համայնքի զգալի ձեռքբերումը ի հեճուկս բոլոր տեսակի
դժվարությունների: Բնաջնջման եզրին կանգնած հայերը` հառնեցին մոխրից
որպես փյունիկ, եւ կարողացան դառնալ անզուգական եռանդով ու
վճռականությամբ լի ակտիվ քաղաքացիներ: Հարկ է ընդգծել մի հետաքրքիր
պատահականության մասին. Հայոց Ցեղասպանության ժամանակ եւ Եղեռնից հետո
Կոլորադոյից հայերին հատկացված օգնությունը համակարգվել է Դենվերի Առաջին
Բեփթիստ եկեղեցուց, այն նույն վայրից, որը հարյուր մեկ տարի անց,
փրկվածների թոռներն ու ծոռները կօգտագործեն որպես գրասենյակ: Այստեղից
նրանք ջանասիրաբար կաշխատեն պահպանելու հայկական մշակութային
ժառանգությունն ու կնպաստեն տեղական եւ նահանգային մակարդակով
բարեփոխումների», նշում է Հայ Դատի Հանձնախմբի Արեւմտյան Շրջանի գործադիր
տնօրեն Էլեն Ասատրյանը:
«Անցյալ տարի մենք աշխատանքի ընդունեցինք դենվերաբնակ Սիմոն Մաղաքյանին`
որպես Հանրային Զարգացման հարցերի համակարգող, եւ բացեցինք Ամերիկայի Հայ
Դատի հանձնախմբի Կոլորադոյի մասնաճյուղը: Սիմոնի շնորհիվ մենք
հնարավորություն ունեցանք ընդլայնելու մեր գործունեությունն այս
շրջանում: Կոլորադոյում գրասենյակի բացումը մեր կազմակերպության
ընդարձակման ծրագրի մասն է կազմում, քանզի Կոլորադոն դիտարկում ենք
որպես հիմնական թիրախային նահանգներից, որտեղ հույս ունենք Արցախի
անկախության եւ ինքնորոշման պահանջը լսելի դարձնել ողջ նահանգում, Հայոց
Ցեղապանության թեման ներմուծել թե՛ համաշխարհային, եւ թե՛ ԱՄՆ պատմության
դասընթացում, ինչպես դա վերջերս իրականացրեցինք Կալիֆորնիայում:
Կոլորադոյում նպատակ ունենք նաեւ զարգացնել հանրության հետ կապերն ու
բաձրացնել տեղեկացվածության մակարդակը մեր հարցերի մասին, խթանել
քաղաքացիական մասնակցությունը` ընտրողներին արձանագրելով եւ քաջալերելով
նրանց քվեարկելու», հավելել է Ասատրյանը:
Դենվերում Հայ համայնքի գրասենյակների բացման հիմք ծառայեցին նաեւ նախորդ
տարի Կոլորադոյում Հարյուրամյակին նվիրված հաջող ձեռնարկները, որոնք
ներառում էին նահանգապետ Ջոն Հիքենլուպերի կողմից Կոլորադոյի
խորհրդարանում Հիշատակի խաչքարի բացումը` նվիրված մարդկության դեմ
իրականացված հանցագործությունների բոլոր զոհերին, ինչպես նաեւ` Հայոց
Ցեղասպանության 100+1րդ տարելիցի առիթով Կոլորադոյի Հայեր
կազմակերպության Ապրիլի 24ի ոգեկոչման ձեռնարկը հուշատախտակի մոտ: Ապրիլի
22ին էլ տեղի ունեցավ Ցեղասպանության հիշատակում օրենսդիրների կողմից,
երբ Կոլորադոյի համայնքն այցելեց խորհրդարան` միանալու Կոլորադոյի
Սենատին, Ներկայացուցիչների Տանը, եւ Կոլորադոյի Հայեր կազմակերպությանը`
ոգեկոչելու Հայոց Ցեղասպանությունը Կոլորադոյի խոհրդարանի երկու
պալատներում: Այս ձեռնարկի` Հայ Դատի օրվա ընթացքում, համայնքի անդամներն
առիթ ունեցան հանդիպելու ավելի քան 50 պաշտոնյաների եւ նրանց
տեղեկացրեցին Արցախի ընթացիկ իրավիճակի, Հայոց Ցեղասպանության մասին,
ինչպես նաեւ ` ծանոթացրեցին մեր առաջնահերթ ծրագրերին ու
նախաձեռնություններին: Կոլորադոյում Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի
Արեւմտյան Շրջանի կողմից կազմակերպված Հայ Դատի Օրվա մանրամասներին կարող
եք ծանոթանալ այցելելով` ancawr.rg/coadpost կայք:
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Արեւմտյան Շրջանի եւ Կոլորադոյի Հայեր
կազմակերպության գործունեության շրջանակները թեեւ տարբերվում են, երկու
կազմակերպություններն էլ ջանում են զորացնել ամերիկահայերին եւ նրանց
ձայնը դարձնել հնչեղ, կամուրջներ կառուցել համայնքների միջեւ, եւ
իմասատալից ու արդյունավետ գործընկերություն հաստատել բազմաթիվ
մշակութային, հասարակական գործունեություն իրականացնող
կազմակերպությունների հետ:
«Մեր համայնքի աճին զուգընթաց, ուրախ ենք հայտարարելու, որ այս նոր
տարածքով եւ կենտրոնակայանով, ի վիճակի կլինենք ընդլայնել մեր ծրագրերն
ու նոր ծառայություններ առաջարկել մեր համայնքին», հայտնել է Կոլորադոյի
Հայեր կազմակերպության խորհրդի նախագահ Սոնա Հեդեշյանը:
19րդ դարից սկսած, հայ համայնքը Դենվերի մշակութային կյանքի կենսունակ
մասն է հանդիսանում: Դենվերում առաջին ընտանեական ձեռնարկությունը
հիմնվել է հայ ընտանիքի` Սարգսյանների կողմից: 20րդ դարի սկզբներին,
Կոլորադոյում հաստատված հայերը Հայոց Ցեղասպանությունը հրաշքով
վերապրածներն էին: Հայերի եւ Կոլորադոյի միջեւ հարաբերություններում
զուգահեռները հարյուր տարվա կտրվածքով վկայում են համայնքի անսասան կամքի
եւ տոկունության մասին: