23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Օպերայի պատերին խզմզել էին. «Տեղերը կուսակցության համար են, Ազնավու­րը մերն է»

Հայրս սովորություն ուներ մականուններ տալու իր ծա­նոթներին ու ընկերներին, օրինակի համար, «Արջ Պետրոս», «էշեկ Սիմոն» եւ շատ ուրիշներ: Սիմոնը բոլորովին էլ հիմար մարդ չէր, չէ, պարզապես նրան այդ էր բաժին ընկել, եւ Ֆրանսիայում ապրելու տարիներին բոլոր ընկերները նրան «էշեկ Սիմոն» էին ասում: 1947-ին Հայաստան գալուց հետո, նա հյուրանոցի ռեստորանում ավագ սպասավոր էր: «Ես էշեկ Սիմոնն եմ», ինձ մոտենալով ասաց նա: Աիդան ու ես, ճանաչելով նրան, շատ ուրախացանք, որ տեսանք: Նա ականջիս ասաց. «Տատդ հյուրանոցի սրահում է, իսկ պաշ­տոնյաները փակել են ազգականներիդ ճանապարհը»:

Աիդայի հետ ելանք ու գնացինք ծանոթանալու հորս մոր հետ, որն իննսունվեց տարեկան, շատ բարձր ձայնով, ժիր ու մանրիկ մի կին էր, որին կարող էի մի ձեռքով բարձրացնել: Պաչպռոշտուքից հետո նա մեզ ասաց, որ օպերայում, որտեղ պետք է ելույթ ունենայի, բոլոր տեղերը բաժանվել էին կու­սակցականներին, իսկ իմ ընտանիքի անդամները նույնիսկ մի աթոռի չէին արժանացել:

Կուսակցական թե անկուսակցական, հաջորդ առավոտ­յան մի վերջնագիր, ավելի շուտ երկու վերջնագիր ներկա­յացրի. օպերայի բեմի վրա դրված էին ամենամիջակ կարգի մի դաշնամուր ու մի Սթեյնուեյ, ինձ հատկացրել էին միջակը, քանի որ ես դասական արտիստ չէի: Օպերայում շատ արագ հասկացան, որ հայկական ծագումս չի խանգարում խիստ

տաքարյուն կերպով բանեցնել գոռգոռալու ու ձայնս բարձ­րացնելու զուտ փարիզյան արվեստը: Հայաստանում, ինչ­պես ամբողջ ԽՍՀՄ-ում, մարդիկ ակնածալից վախ ունեին գոռացողներից: Դաշնամուրը փոխվեց, ինչ վերաբերում է մերձավորներիս տեղերին, յոթ տեղ պոկեցի առաջին շարքի ճիշտ մեջտեղում ու կուսակցական որոշ ջոջեր ուղարկվեցին ավելի համեստ տեղեր:

Այդ պահից սկսած’ բոլոր համերգներին փոքրամարմին տատիկս վեց այլ ազգականներիս հետ առաջին շարքում էր: Այսպիսով, այնտեղ լինելուս ողջ ընթացքում տատս դահլի­ճում նստած էր իմ ղեմ-ղիմաց:

Երեւանում ուսանողներն օպերայի պատերին խզմզել էին. «Տեղերը կուսակցության համար են, սակայն Ազնավու­րը մերն է»:

Շառլ Ազնավուր «Անցած օրեր»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ