17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Խադարի վանքը

Խադարի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք, Թարթառ գետի աջ ափի մի դժվարամատչելի անտառապատ լեռնահարթակի վրա, որի ստորոտով

հոսում է գետը։

Արցախյան երկրորդ պատերազմից առաջ վանքն Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի շրջանի կազմում էր։

Ներկայումս վանքն օկուպացված է Ադրբեջանի կողմից :

Խադարի վանքը Արցախի նշանավոր կրոնական, կրթական և մշակութային կենտրոններից է։

Վանքի անունն, ըստ ավանդության, ծագել է Թադևոս առաքյալի Խադ աշակերտի անունից, ով Արցախում քրիստոնեություն տարածող առաջին քարոզիչներից էր ։

Արձանագրություններում և պատմական հիշատակություններում վանքն անվանվում է Խադավանք կամ Խադարի վանք, որը ժողովրդական արտասանությամբ վերածվել է Խաթրավանքի։

Վանքն ամբողջացել է տարբեր ժամանակներում կառուցված և վերակառուցված մի շարք շինությունների ստեղծման արդյունքում։

Խաթրավանքում կառույցների ժամանակագրական հաջորդականությունը պարզելու համար կարևոր կռվան են ինչպես առկա կառույցների ճարտարապետա-շինարարական առանձնահատկությունները,

այնպես էլ բավական առատ պահպանված շինարարական արձանագրությունները։

Վանքում շատ են նաև խաչքարերը, որոնք ավելի վաղ թվագրություն ունեն քան վանքի ճարտարապետական կառույցները, ինչը հուշում է, որ վանքի տեղում ավելի վաղ միջնադարյան գերեզմանոց է եղել ։

Այդ գերեզմանոցին պատկանող շատ խաչքարեր հետագայում ագուցվել են վանքի շինությունների պատերի մեջ ։

Տեղանքի բարդ ռելիեֆի և զգալի թեքության պատճառով կառուցապատումն իրականացվել է տարբեր բարձրության հարթակների վրա:

Հրվանդանի գագաթին տեղակայված են Սբ. Աստվածածին եկեղեցին, գավիթն ու մատուռները, զանգակատունը, դարպասը, խցերը, բնակելի ավելի մեծ չափերի մեկ կառույց:

Ամենացածր հարթակի վրա տեղադրված է աշխարհիկ նշանակության մեկ այլ կառույց, որը, ենթադրաբար, վանքի գրատունն է եղել

Խադարի վանքի հիմնադրման և գործունեության ավելի վաղ շրջանի մասին տեղեկություններ չկան:

12-րդ դարում այն արդեն Ծար իշխանության հոգևոր կենտրոնն էր և տապանատունը։

Վանքի պատերի մեջ տեղադրված խաչքարերով ու վիմագրերով կարելի է բացել գավառի պատմության ու մշակույթի այնպիսի շերտեր, որոնց մասին ուրիշ աղբյուրներ գոյություն չունեն։

Վանքի հնագույն, այսօր պահպանված, կառույցը հուշարձանախմբի հյուսիսային մատուռն է ։

Այդ մասին վկայում է շինարարական արձանագրությունը, որը տեղադրված է մատուռի հարավային պատին։

Արձանագրության համաձայն հնագույն կառույցն հիմնադրել է Դեսումի դուստր Սեդան՝ 1182 թվականին ։

Վանքի վերստին շենացումը սկսվել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։

Այդ վերակառուցումը կապված է այդ ժամանակի կրոնական խոշոր գործիչ Հովհաննես Խաչենեցու անվան հետ։

Վերջինս եղել է ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի որդիների՝ Իվանեի և Զաքարեի դաստիարակը , ապա՝ Սանահինի և Հաղպատի վանքերի վանահայրը ։

Հաղպատը թողնելով և վերադառնակով Խաչեն, նա վերականգում է Խադարի վանքը և կառուցում համալիրի հարավային եկեղեցին), ինչի մասին վկայում է եկեղեցու արևելյան ճակատի շինարարական

արձանագրությունը ․

«Ի :ՈԾԳ: թուիս (1204 թ.), ես Տէր Յոհանէս շինեցի զեկեղ/եցիս և ժողովեցի զխաչ և զգիրք, որ ի սմա…»:

Վանքը մի քանի անգամ մեծ նորոգումների ու կառուցումների է ենթարկվել։

1225 թվականին Զաքարյան Զաքարեի և Իվանեի քույր, իշխանուհի Դոփը արդեն գոյություն ունեցող՝ 1182 և 1204 թվականներին կառուցված մատուռ-եկեղեցիների միջև եղած տարածության վրա կառուցում է

գավիթ, իսկ վերջինիս արևելյան կողմում՝ մատուռ որի արևելյան խորանը փաստորեն դառնում է գավիթ-եկեղեցու գլխավոր խորանը:

Այս մասին վկայում է մատուռի հյուսիսային պատի արտաքին ճակատին արված արձանագրությունը.

«Թուին :ՈՀԴ: ես Դոփս, դուստր Սարգսի, քոյր Զաքարէի եւ Իւանէի շինեցի գգաւիթս եկեղեցոյս եւ զմատուռս…»:

Այսպիսով, Խադարի վանքի ներկայիս հուշարձանախումբը ձևավորվել և ամբողջացել է 1182-1239 թվականներին ։

Հետագայում իրականացվել են վերակառուցումներ։

Վանքի շինությունները նորոգվել են իշխան Հասան Բ -ի , Գրիգոր Բ-ի ու նրա կին Ասփայի կողմից 13-րդ դարի վերջին և 14-ի սկզբին:

17-րդ դարում ևս Խադարի վանքի վարդապետներ Հովհաննեսի, Աթանասի, Բարսեղի և Ղազարի նախաձեռնությամբ նորոգումներ են կատարվել :

Խադարի վանքի վանքի ժամանակակից համալիրը ներկայանում է որպես մի քանի շինարարական փուլերի արդյունք ։

Համալիրի շատ շինություններ գտնվում են բուսածածկույթների տակ, այդ իսկ պատճառով հուշարձանախմբի ավարտուն կազմի մասին վերջնական պատկերացում կարող են տալ պեղման և մաքրման հետագա

աշխատանքները, որոնց իրականացումը ներկայումս հաստատված իրավիճակով պայմանավորված, անհնար է։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ