Իտալական «Rai TV» -ն Թուրքիայի ճնշմամբ եթերից հանել է «Հայոց ցեղասպանություն» վավերաֆիլմը
Թուրքիան խոչընդոտել է իտալական հեռուստաալիքի եթերում Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, գրում է Ermenihaber.am-ը:
BBC-ի թուրքական ծառայության Հռոմի թղթակից Օզգյու Փընարի լուրի համաձայն՝ վավերագրական ֆիլմը ապրիլի 16-ին հանվել էր իտալական պետական «RAi» հեռուստաընկերության եթերից: Այս հանգամանքը հարուցել էր տեղի հայ համայնքի զայրույթը:
Հռոմի հայ համայնքի և Իտալիայում Հայաստանի ներկայացուցչության բողոքին տեղի տված «Rai»-ին ավելի ուշ հայտարարել է, որ ֆիլմը կցուցադրվի ապրիլի 24-ի երեկոյան:
Հռոմի հայկական համայնքի խորհուրդը թեմայի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ «Rai Storia» հեռուստաալիքը առանց որևէ հիմնավորման եթերից հանել է ամերիկյան արտադրության «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը:
Խորհուրդը խնդրի վերաբերյալ հարցում է ուղղել «Rai»-ի ղեկավարությանը, սակայն անպատասխան է մնացել: Ապրիլի 21-ին մամուլի հաղորդագրությամբ հանդես եկած հայկական համայնքի խորհուրդը հետևյալ հարցադրումն է արել. «Արդյո՞ք «Rai»-ին թուրքական ճնշման ազդեցությամբ է գրաքննության ենթարկում «Հայոց ցեղասպանությունը»:
Հայտարարությունում նաև հղում է կատարվել այն փաստին, որ անցյալ շաբաթ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության անցկացրած հարցումների համաձայն Իտալիան մամուլի ազատության առումով աշխարհում 77-րդն է:
«Ահա այս պատճառով է, որ Իտալիան մամուլի ազատության սանդղակում նահանջել է մինչև 77-րդ հորիզոնական: Մեզ մնում է մտածել, որ ֆիլմի՝ եթերից հանվելու պատճառը Viale Mazzini -ի (Rai -ի գլխավոր կենտրոնի) նկատմամբ Թուրքիայից եկող դիվանագիտական ճնշումներն են:
Մի՞թե պետք է մտածենք, թե Իտալիայի պետական հեռուստաընկերությունը ենթարկվում է մի պետության ցանկություններին, որի ավտորիտար հակումները բոլորին են հայտնի»:- ասված է մամուլի հաղորդագրությունում:
Ապիրիլի 24-ին «Rai»-ն վերջապես հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
«Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության էթնիկ փոքրամասնություններից մեկը հանդիսացող հայերի մեծ մասը սպանվել է, դա եղել է աշխարհի ամենամեծ ցեղասպանություններից մեկը: Մասսայական սպանությունների և դժվարությունների արդյունքում ավելի քան 1 մլն հայ է զոհվել: Ապրիլի 24-ն այդ իրադարձությունների հիշատակման օրն է: Եվ այդ իրադարձությունները պատմող «Հայոց ցեղասպանությունը» վերնագրով վավերագրական ֆիլմն էլ «Rai»-ի եթերում կցուցադրվի կիրակի օրը՝ ապրիլի 24-ի երեկոյան ժամը 23:00-ին»:
Միջանկյալ նշենք, որ առայժմ ստույգ տեղեկություն չկա, ցուցադրվել է արդյոք ֆիլմը, թե՞ կրկին՝ ոչ:
Ի դեպ, Անդրեյ Գոլդբերգի հեղինակած ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2006թ.՝ ԱՄՆ-ի «PBS» հեռուստաալիքի եթերում: Ֆիլմում իրենց մասնակցությունն ունեն Պետեր Բալաքյանը, Սամանդա Փովերը, Թաներ Աքչամը, Հալիլ Բերքթայը, Ջուլիանա Մարգուլիեսը, Էդ Հարրիսը, Նատալի Պորտմանը, Լաուրա Լիննեյը և Օռլանդո Բլումը: