Թեհրանում հանրահավաք է տեղի ունեցել՝ ապրիլի 24-ի առթիվ /լուսանկարներ/
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 24-04-2016թ.:
Երեկ առավոտյան, Ապրիլ 24-ի առիթով, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում և շջապատում կազմակերպվել էր բազմահազարանոց համահավաք, ուր թեհրանահայությունը եկել էր իր բողոքի ձայնը միախառնելու Հայաստանի և Արցախի հանրապետությունների, Ջավախքի ու Արևմտահայության և ողջ աշխարհով մեկ սփռված հայության ձայնին:
Նա եկել էր միահամուռ կոչելու՝ որ այսօր հայ ժողովուրդը կրկին անգամ, աշխարհի մեղավոր աչքերի դիմաց, և անգամ բարեկամ խաղացող պետությունների մեղսակից ձեռքերի ներքո, մահ ու կենաց պատերազմ է մղում նույն հին թշնամիների դիմաց, նրանց ովքեր երեկ մեր նախնիներին մորթեցին Վանում, Անիում ու Մուշում, Զեյթում ու մինչև Տեր Զորի անապատում, իսկ այսօր նույն վայրենի թաթը իր հին գործը ցանկանում է շարունակել Հայոց Արցախում… սակայն դա չի հաջողվի մեր թշնամիներին ու հակառակորդին, մենք ազգովի թույլ չենք տա նման բան, քանզի մեզ համար Արցախը լոկ տարածք չէ, այլ Ժողովուրդ է… ժողովուրդ որ հազարավոր տարի բնակվել ու կերտելէ քաղաքակրթություն… ամեն մի քարի վրա թողել փորագրություն…