Ի՞նչ արժե 14-ամյա աղջնակի բռնաբարությունը
Սյունիքի մարզի Հարթաշենի 51-ամյա նախկին գյուղապետ Ազատ Ղուկասյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց դատական դեպարտամենտի լրատվական ծառայությոան պետ Արսեն Բաբայանը: Դատավճիռը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակել է փետրվարի 27-ին:
Ազատ Ղուկասյանը դատապարտվել է Քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) եւ 142-րդ հոդվածի 1-ին մասի (անառակաբարո գործողություններ 16 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներով: Հիշեցնենք, գյուղապետը մեղադրվել է անցած տարի փետրվարին 14-ամյա Ա. Պ.-ին բռնաբարելու մեջ:
Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում աղջկա հորեղբայրը` Գագիկ Պարոնյանը ասաց, որ իրենք դժգոհ չեն դատավճռից: “Բայց գյուղում խոսակցություն կա, որ հարազատները բողոքելու են էս որոշումը:
Եթե բողոքեն, մուք ալ պիտի բողոքենք, ձեռքներս ծալած հո չենք նստելու”,-ասաց Գագիկ Պարոնյանը: Ի դեպ, հորեղբոր խոսքով, աղջկա հոգեբանական վիճակը մի փոքր բարելավվել է, եւ նա շարունակում է սովորել գյուղի դպրոցի 9-րդ դասարանում: Հիշեցնենք, որ դեպքից հետո Ա. Պ-ն տնից դուրս չէր գալիս:
Henaran.am-ին Ազատ Ղուկասյանի հարազատներն էլ տեղեկացրին, որ դեռ մտածում են` արժե բողոքարկել վճիռը, թե ոչ: