14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դե եկեք համահավասար… ծննդաբերենք

Թույլ տվեք հիշեցնել աննման մի պատկեր. ընտանիքի հայրը, գոգնոցը կապած, ափսեներն է լվանում: Խնջույքն ավարտված է: Կեսգիշերին մոտ է: Մանուկները արդեն քնած են: Հյուրերն էլ քիչ առաջ են հեռացել: Տանտիկինը՝ դադրած ու նվաղուն, գահավորակում է ընկողմանել և ոտքը ոտքին, սիգարետն էլ շուրթերին՝ երաժշտություն է ունկնդրում: Անհրաժեշտ է խնջույքից աշխուժացած նյարդերը քիչ թմրեցնել ու նախապատրաստվել քնի:

Ամուսինը ավարտում է խոհանոցային արշավանքը: Գոգնոցն իր սովոր տեղում է: Բնակարանն օդափոխված:

Նման «գենդերային հովվերգությունը» մի՞թե ծիծաղ չի առաջացնում: Եթե ոչ արհամարհանք:

Զարմանալի ավյունով ենք մենք լցվում, առհասարակ, այն ամենի հանդեպ, ինչը մերը չէ: Օտար է, անծանոթ և շատ հաճախ էլ մեզ դեմ, մեր ինքնության հետ որևէ կապ չունեցող: Մի բան է զարմացնում` ինչո՞ւ ենք, առհասարակ, շարունակ փորձում ընդօրինակել Արևմուտքից հորդացող «արժեքները»: Այն «արժեքները», որոնք իրենց մոտ որևէ արժեք ու նշանակություն չունեն: Բայց ահա, Հայաստանը փորձադաշտ է հերթական անգամ: Հերթական անգամ մեզ փորձում են հավատացնել, որ, մասնավորապես կինն ու տղամարդը հավասար են: Հավասար են ամենուր: Դպրոցում մանկավարժներ են, համալսարանում դասախոս, համաբուժարանում բժիշկ, բուժակ, բուժքույր և այլն: Նրանք համահավասար են շատ այլ վայրերում ևս: Դիցուք՝ երգարվեստում: Բայց ոչ երաժշտության արարման մեջ: Ձեռք ձեռքի են՝ հանդում ու դաշտում, բեմում և հեռուստաէկրանի առջև, նկարակալը կարգավորելիս և ձիարշավում սիգաճեմ վարգելիս: Շատ այլ բնագավառներում ևս: Ու դժվար է այսօր մի զբաղմունք, մասնագիտություն, աշխատանքային ճակատ գտնել, ուր տղամարդու կողքին ի հայտ չգա կինը:

Նրանք այսօր հայոց խորհրդարանում են: Եվրոպան ենթադրում է, որ նրանց թվաքանակը սահմանափակ է: Նրանք կառավարման մարմիններում են: Արևմուտքից հորդորում են, թե կամենում եք ներառվել քաղաքակիրթ աշխարհ, ավելացրեք նախարար տիկնանց, ոստիկան կանանց, օրիորդ զինվորականների քանակը: Ավելացրեք ու չեք զղջա: Փրկությունը կգա մեկ-երկու օրից:

Լավ, հայ կնոջ ներգրավումը հանրային կյանք, իսկապես, այնքան էլ ակտիվ չէ: Նրանք ժամանակի պարտադրանքով առաջին դիրքերում էին անկախացման սկզբնափուլում: Ասենք՝ տոնավաճառում էին ապրուստ հայթայթում՝ ժամեր շարունակ արևի տակ տապակվելով ու ցրտից մղկտալով: Ընտանիքի գոյապահպանության գերխնդիրն էր դամոկլյան սրի պես կախվել դեռ մի քանի ամիս առաջ ապահով ու անվրդով ապրող ժողովրդի գլխին: Կնոջ դերակատարումը առաջնային դարձավ:

Դարձավ հենց անցումային դաժան ու հեղհեղուկ շրջափուլում: Այսպես է առհասարակ բոլոր լրջագույն փորձությունների ժամանակ: Եվ որքան բարձրացավ ու ամրապնդվեց կնոջ դերը, նույնքան էլ թուլացավ ու նվաստացավ տան տղամարդը՝ դարերի ավանդույթով ընտանիքի կերակրողն ու գլխավոր անձը: Չմոռանանք՝ մենք այնքան էլ մեծ հարգանք չենք տածում այն ընտանիքների հանդեպ, ուր «առաջին ջութակի» դերում կինն է: Նման ընտանիքները սովորաբար միայն արտաքուստ են բարվոք և բարեկեցիկ: Անգամ շատ խելացի ու ուժեղ կնոջ տիրակալությունը խիստ բացասական հետևանքներ է ունենում տան կրտսերների բարոյահոգևոր նկարագրի համար: Նրանք կոմպլեքսավորվում են:

Սակայն կա փորձության ժամանակը, կա նաև այն հաղթահարելու ժամանակը: Եվ գալիս է օրը, երբ տանտիկինը, ուսերից թոթափելով ընտանիքի կերակրողի հոգսն ու ցավը, անցնում է իր բուն պարտականություններին՝ երեխաների կրթում, օջախի պահպանում, ապագայի հանդեպ հույսի ու հավատի ամբարում:

Բայց ինչո՞ւ ենք հիշում քաջածանոթ այս ամենը: Չենք հիշում, հիշեցնում ենք: Հիշեցնում ենք նրանց, ովքեր այսօր փորձում են (վստահաբար, ոչ առանց արտաքին տարաբնույթ ճնշումների) հերթական անգամ փորձության տանել մեզ: Կարծես մինչ այդ էլ մեր գլխով անցածը բավարար չէ ընկալելու, որ հայ տեսակը իր առաքելությունն ունի այս աշխարհում (ինչպես որ յուրաքանչյուր ազգային տեսակ) և նրան հնարավոր է միայն ժամանակավոր շփոթեցնել, կանխակալել ընթացքը, բայց շեղել` երբեք: Հավանաբար շատ շատերին է չափազանց ձեռնտու մեր ժամանակավոր դադարը, մեր ուղիղ ընթացքի խորխորումները, մեր մայրուղուց դուրս սահելը: Ամենայն հավանականությամբ այս ամենից ոմանք ինչ-որ (շատ կարևոր) օգուտներ են քաղում:

Եվ ահա, տեղական մեր «առաքյալները» գոչում են` ի զե՛ն: Ի զեն` ընդդեմ «ասիական խավարի, միջնադարյան հետամնացության, արևելյան ծուլության»:

Բայց նրանք շատ կարևոր բաների թվում մեկ բան են մտահան արել: Հավանաբար միտումնավոր: Եվ ահա թե ինչը. համաձայն հայկական ժողովրդական իմաստության՝ տղամարդը տան դրսի պատն է, կինը՝ ներսի: Թվում է՝ պարզունակ տրամաբանություն է: Թվում է, ոչ ավելի: Ինչպես որ շատ բան է թվում: Որպեսզի չթվա, փորձեք խորամուխ լինել ասվածի մեջ:

Առհասարակ հավասարեցման գաղափարը ինքնին փուչ է՝ ի սկզբանե դատապարտված: Դե եկեք համահավասար… ծննդաբերենք: Զավե՞շտ է, անշուշտ: Բայց չէ՞ որ ամեն բան հենց դրան է գնում:

Ասվածը արտառոց հնչեց: Գուցե: Սակայն եկեք չզարմանանք: Մի հիսուն տարի առաջ նույնքան հրեշավոր կթվար միտքը, թե կանայք ու աղջիկները կզբաղվեն բռնցքամարտով և ծանրամարտով:

Հավանաբար չկա ավելի ծանր տեսարան. կինը, աղջիկը, ապագա մայրերը ահռելի ծանրություններ են բարձրացնում կամ մեծագույն բավականությամբ հասցնում միմյանց քիթ ու մռթին: Ու այս ամենին բերանբաց հիացմունքով հետևում են գլխավորապես տղամարդիկ:

Անշուշտ, դիվային ինչ-որ բան կա այս ամենում: Ի վերջո ժամանակը ցույց է տվել՝ առհասարակ սպորտ կոչվածը՝ իր ճնշիչ ծանրաբեռնվածություններով և կեղեքիչ սահմանափակումներով, ավերիչ ազդեցություն է գործում ապագա մայրերի առողջության վրա` ապագայում, սպորտից հեռանալուց հետո:

Քանզի կնոջ կենսաբանական աշխարհը բոլորովին այլ, շատ ավելի վեհ ու ամբողջական խորհուրդ ունի, մայրացման խորհուրդը: Հսկա ծանրաբեռնվածությամբ տարիներ շարունակ ապրելով՝ կինը կորցնում է, վատնում ու մսխում: Մեծագույն ու վեհագույն խորհրդից զատ` նա կորցնում է իր արտաքին տեսքը, իր հմայքը, կանացիությունը, գրավչությունը:

Լավ, ընդունենք, որ վառ օրինակներ կան իշխող կանանց: Ասենք՝ հռչակավոր «Երկաթյա լեդի» Մարգրեթ Թեթչերը կամ Եկատերինա 2-րդը: Նաև, ինչու ոչ, 20-րդ դարավերջի արևելյան տիրակալուհիները:

Նրանք, այո՛, կառավարել են երկիրը շատ այրերից էլ առավել սթափ ու հեռատես: Մասնավորապես Երկաթյա լեդիի որդիներից մեկը, ով ծառայում էր՝ որպես կործանիչ օդաչու անգլիական օդուժում, զոհվեց Մալվինյան (Ֆոլկլենդյան) կղզիների համար մղվող մարտերից մեկում, երբ Անգլիան պատերազմում էր Արգենտինայի դեմ: Նմանապես փորձություններով լի էին Ինդիրա Գանդիի ու Բենազիր Բհուտոյի կյանքը:

Սակայն, մի՞թե նրանք ընտանիքում սիրող մայր, կին, տանտիկին չէին: Ընդ որում, հյուրընկալ տանտիկին:

Բայց նախ՝ կին կառավարիչները եզակի են համաշխարհային պատմության մեջ, և երկրորդ՝ նրանք երբևէ չեն դավաճանել իրենց կանացի նախասկզբին: Երբեմն ավելի քան կին են եղել:

Վաղուց է ասված՝ վաղնջական ժամանակներից, թե այրն ու կինը մի մարմին են:

Սակայն մեկ մարմին, բայց տարբեր առաքելություններով: Ու եթե փորձենք նրանց նույնականացնել, ապա նույնն է, թե փորձել նույն հարթության, միևնույն կաղապարում դիտել իրար փոխլրացնող, սակայն գործառույթով օրգանապես տարբեր երևույթներ: Օրինակները բազմաթիվ են, և ընթերցողը կհիշի դրանք:

Մենք մեր հերթին հիշենք, որ ի հեճուկս արտաքին, երբեմն շատ գայթակղիչ հրահանգների, կինը մեր հանրային կյանքում ունի իր տեղն ու դերը:

Առանձին գործերում երբեմն հաջողությամբ մրցակցում է տղամարդկանց հետ: Բայց երբեմն:

Ի վերջո, համաշխարհային պատմությունը վստահորեն փաստագրել է` մշակույթի, գիտության, արվեստի մեծագործությունները կատարվել են գլխավորապես տղամարդկանց մտքով, ոգով, բազկով: Կանանց համեստ, թեպետև գեղեցիկ ներկայությամբ:

Ի վերջո, սա ընդունենք ականջի օղ հերթական անգամ. կանայք հանճարներ չեն լինում: Համենայն դեպս նրանց շարքում, գոնե մինչ օրս չկան Ռաֆայելներ, Նարեկացիներ, Տոլստոյներ ու Նյուտոններ: Չկան և բնավ կարիք չկա, թե լինեն: Քանզի առաքելությունն է այլ:

Շարունակելի

աղբյուրը` magaghat.am

Սվետլանա Հակոբյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ