Պատասխան կտա՞ “Հանրապետականը”
Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը Սյունիքի մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանը ահաբեկել է “Որոտան” թերթի գլխավոր խմբագիր Արեւհատ Ամիրյանին` ասելով, որ կոչնչացնի լրագրողին եւ նրա ընտանիքին: Այս մասին լրագրողը գրել է թերթի կայքում եւ ոստիկանությանը խնդրել, որ հոդվածը դիտարկեն որպես հաղորդագրություն հանցագործության մասին:
Սամվել Թանգյանը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց, որ ահաբեկել է որեւէ մեկին: “Ես բարի, հանգիստ մարդ եմ: Ինձ ճանաչողները գիտեն, որ ոչ մեկին չեմ նեղացնի, ինչ մնաց ահաբեկեմ “,-ասաց: Պետական պաշտոնյան ասաց, որ գլխավոր խմբագրին զանգել է եւ միայն ասել, որ լավ կլիներ հոդվածը տպագրելուց առաջ իր տեսակետն էլ հարցներ:
“Ինքն է ինձ միշտ վիրավորել ու նեղացրել, գրել է, որ ես անդեմ մարդ եմ, որպես ՀՀԿ Սիսիանի տարածքային խորհրդի նախագահ ոչինչ եմ”,-ասաց Ս. Թանգյանը: “Տնեցիները ինձ միշտ հանգստացնում են, ասում են մի նեղացիր, ամեն ինչ էլ կգրեն”,-ասաց նա:
Արեւհատ Ամիրյանն էլ Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ նախ խնդրո առարկա հոդվածը Թանգյանի հետ ճշտելու անհրաժեշտության կարիքը չուներ:
“Կառուցվածքը այլ էր, եւ հետո ինքը ինձ վիրավորել է եւ ասել է այդ բառերը”,-մեկ անգամ եւս պնդեց գլխավոր խմբագիրը: Տիկին Ամիրյանի խոսքով, ինքը շատ բան է տեսել իր 20 տարվա մասնագիտական գործունեության մեջ, ու չի վախենում ոչնչից, մանավանդ նման չինովնիկների ահաբեկումից: “Խնդիրը երեւույթն է, որ տգեղ է, եւ մի օր մարդիկ պետք է պատասխան տան”,-ասաց Ամիրյանը: