Գործազուրկների թիվն աշխարհում հասել է 197 մլն-ի

2012-ին աշխարհում գործազուրկների թիվը հասել է 197 մլն–ի, կանխատեսումներն էլ առաջիկա տարիների համար սփոփիչ չեն:Այդ մասին ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության պատրաստած “Զբաղվածության գլոբալ տենդենցները-2013″ զեկույցում:
Նախորդ տարվա ընթացքում աշխատանքից զրկվածների միայն մեկ քառորդն է բնակվում զարգացած երկրներում: Մնացած 75 տոկոսը բնակվում է զարգացող երկրներում, առաջին հերթին` հարավ-արեւելյան Ասիայում եւ Աֆրիկայի երկրներում` Սահարիից հարավ գտնվող, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:
ԱՄԿ գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը նշել է, որ զարգացած երկրներում գործազուրկների մեկ երրորդը ավել քան մեկ տարի չի կարողանում աշխատանք գտնել: Շուրջ 870 մլն մարդ, կրկին զարգացող երկրներում, չնայած որ աշխատանք ունեն, սակայն օրական 2 դոլարից էլ քիչ են վաստակում: Նրանցից 400 մլնը ծայրահեղ աղքատության մեջ են ապրում:
ԱՄԿ-ի կանխատեսումների համաձայն` 2013-ին գործազուրկների թիվը կավելանա 5.1 մլն-ով: Կավելանա նաեւ 15-24 տարեկան երիտասարդների թիվը, ովքեր չեն կարողանում աշխատանք գտնել: