Օբամայի երդմնակալությանը մոտ 1 մլն մարդ է հետեւել /վիդեո/
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը հետեւել է շուրջ 800 հազարից մեկ միլիոն մարդ: Մարդիկ տեղավորվել են Վաշինգտոնի կենտրոնական զբոսայգում եւ մի քանի վիթխարի էկրանների վրա հետեւել են հանդիսավոր արարողությանը, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը:
Բարաք Օբաման խոստանում է ժողովրդավարություն տարածել ողջ աշխարհում եւ միջազգային խնդիրները լուծել քաղաքական ճանապարհներով: Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, Օբաման ասել է, որ դրանց լուծման մի շարք մոտեցումներ հնացել են եւ թարմացվելու կարիք ունեն:
Երդմնակալության արարողությունից հետո կայացած երեկույթին Օբաման պարել է կնոջ` Միշելի հետ, ով այս անգամ ներկայացել էր կարմիր երկար զգեստով` Ջեյսոն Վուից: Կնոջը ներկայացնելով` Օբաման խոստովանել է. “Շնորհիվ նրա ես ավելի լավն եմ դառնում` թե որպես տղամարդ, թե որպես նախագահ”:
Նշենք, որ սա Օբամայի 2-րդ երդմնակալության արարողությունն էր վերընտրվելուց հետո: Նախքան հանդիսավոր երդմնակալությունը, նախօրեին Սպիտակ տանը տեղի էր ունեցել նեղ շրջանակում կայացած արարողությունը: