21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց Հայաստանի ներկայացրած բանաձեւը

Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» խորագրով բանաձեւ: Նախաձեռնությունը բխում է ս/թ. մարտի 27-ին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում Հայաստանի կողմից ներկայացված եւ միաձայն ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւի դրույթներից: Սույն բանաձեւը գալիս է լրացնելու Հայաստանի շարունակական ջանքերը` խթանելու ու համախմբելու ցեղասպանության ոճրի դեմ ուղղված միջազգային գործողությունները:

ՄԱԿ-ի 84 համահեղինակ անդամ պետությունների անունից ներկայացնելով բանաձեւը` ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ցեղասպանությունը մարդկության գործած ամենասարսափելի ոճրագործությունն է, որը դարձել է միլիոնավոր մարդկանց նահատակման պատճառ: «Մենք հավատացած ենք, որ միջազգային օրը կարեւոր հարթակ կհանդիսանա զոհերի հիշատակման միջոցով` ապագայում այդ ոճրագործության կանխարգելման համար», – շարունակեց դեսպան Մնացականյանը։

Բանաձեւով միջազգային օր է հռչակվում դեկտեմբերի 9-ը` 1948թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրը։

Վերահաստատելով 1948թ. կոնվենցիայի նշանակությունը, որպես ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատասխանատվության միջազգային կարեւորագույն փաստաթուղթ, Գլխավոր ասամբլեայի բանաձեւն ընդգծում է ցեղասպանության զոհերի հիշատակման անհրաժեշտությունը, ինչը կարեւոր դերակատարություն ունի կանխարգելման գործում։ Բանաձեւով վերահաստատվում է յուրաքանչյուր պետության պատասխանատվությունը` պաշտպանելու բնակչությանը ցեղասպանությունից եւ դրա հրահրումից։ Բանաձեւում նաեւ ամրագրվում է ցեղասպանության անպատժելիության դեմ պայքարը` որպես կանխարգելման կարեւորագույն գործոն։

Բանաձեւը խրախուսում է պետություններին, միջազգային կազմակերպություններին եւ քաղաքացիական հասարակությանն ու անհատներին նշել միջազգային օրը` ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի, ցեղասպանության դեմ պայքարի եւ կանխարգելման հարցում դրա նշանակության բարձրացման ու իրազեկման նպատակով, ինչպես նաեւ հանուն ցեղասպանության զոհերի հիշատակի ու հարգանքի։

Իր ելույթում դեսպան Մնացականյանը նաեւ նշեց, որ միջազգային օրվա հռչակման միջոցով փորձ է արվում վարձահատույց լինել ցեղասպանության զոհերի ճակատագրի նկատմամբ անցյալում ցուցաբերված անտարբերության համար, եւ հավելեց, որ ժխտողականությունը նաեւ խոցում է ցեղասպանությունը վերապրածների սերունդներին, եւ խաթարում հաշտեցմանն ուղղված իրական ջանքերը։ Դեսպանն անդրադարձավ անդամ պետությունների պատասխանատվությանը` կառուցելու այնպիսի ամուր մի համակարգ, որը կսանձի ապագայում հնարավոր ցեղասպանության ոճրագործներին։ «Դա կլինի ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ճանապարհը», – իր ելույթն ամփոփեց Զոհրաբ Մնացականյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ