26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մե՞ղքն է մեզ իշխում, թե՞ մենք՝ մեղքին

Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլվեց դեմքդ: Չէ՞ որ եթե արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում: Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատվել, դու ի վիճակի ես այն հաղթահարելու» (Ծննդ. 4:7),- այս խոսքով Տերը դիմեց Կայենին, ով անհանգիստ էր և ընկճված, քանի որ Տերը չէր ընդունել իր զոհաբերությունը: Այս խոսքով Տերը ցանկանում էր Կայենին առաջնորդել զոհաբերության ժամանակ կատարած իր մեղքը խոստովանելու: Կայենի համար անհասկանալի էր, թե ինչու իր աշխատանքի պտուղներից բերված զոհաբերությունը չընդունվեց, իսկ Աբելի զոհը, որ նույնպես նրա տնտեսության պտուղներից էր, ընդունվեց: Տերը Կայենին ասաց, որ իր զոհաբերության մեջ պակասում էր այն, ինչ ուներ Աբելը, այսինքն՝ մեծ եռանդն ու նվիրվածությունը:

Կայենին տանջում էր բարկությունը, նախանձն ու չարությունը: Տեսնելով, թե որքան անտանելի են Կայենի տանջանքերը, Տերը օգնության հասավ նրան՝ սիրով հորդորելով մեղքին չտրվել և կամքը դեպի բարին դարձնել: Աստված ցանկացավ Կայենի ուշադրությունը հրավիրել ոչ թե իր զոհաբերության ընդունելի չլինելուն, այլ այն չարության վրա, որ առաջ եկավ նրա սրտում զոհաբերությունից հետո: Եղբոր հանդեպ նրա զայրույթը նման էր անազատության մեջ հայտնված վայրի գազանի, որ փորձում էր դուրս գալ նրա սրտից: Մարդն իր ազատ կամքով կարող է ազատություն տալ այդ գազանին կամ էլ ոչ, այսինքն՝ ընտրել կամ մերժել հանցանքը: Տերը կամենում էր, որ Կայենն իշխեր մեղքին, և ոչ թե մեղքը՝ Կայենին: Աստված միշտ մարդու կողքին է և պատրաստ է նրան աջակցելու ու արձագանքելու նրա խնդրանքին, միակ բանը, որ անհրաժեշտ է մարդուց, սրտանց զղջումն է, ինչը հոգևոր երջանկություն գտնելու միակ ուղին է: Սակայն, եթե մարդու սրտում չկա զղջում և Աստծուց օգնություն խնդրելու ցանկություն, ապա հետևանքը սարսափելի է լինում:

Եկեղեցու հայրերից սբ. Հովհան Ոսկեբերանը, անդրադառնալով աստվածաշնչյան տվյալ հատվածին, ասել է՝ այն, որ Կայենի մտքով անցավ Աստծուն ընծա տալ, գովելի է, բայց անարդարացիորեն զոհաբերածը պատճառ դարձավ, որ Աստված մերժի այն: Եվ Տերը, դիմելով նրան, ասաց. «Եղբայրդ մեծ ջանասիրություն դրսևորեց զոհաբերության հարցում և նրա ընծան ընդունելի եղավ: Այնուամենայնիվ, ես չեմ ուզում պատժել քեզ, այլ մատնանշել մեղքդ և հորդորել, որ ուղղես այն ու չընկնես մեծագույն չարիքի մեջ: Մեղանչե՞լ ես, մեծ մե՞ղք ես գործել, չեմ պատժի քեզ, քանի որ մարդասեր եմ և «մի՞թե Ես մեղավորի մահն եմ տենչում, և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի» (Եզեկ. 18:23): Մե՞ղք ես գործել, հանգի՛ստ եղիր, հանդարտեցրո՛ւ միտքդ, ազատի՛ր հոգիդ մեղքի ճնշումից, որպեսզի նախկին մեղքիդ ևս մեկ ծանր մեղք չավելացնես, մի՛ հանձնվիր խորամանկ դևի գայթակղությանը»:

Տերը, իմանալով Կայենի հոգու գաղտնիքները, գթասրտությամբ առաջարկեց նրան դեղամիջոց, բայց Կայենը մերժեց այն և ընկավ եղբայրասպանության անդունդը: Տերը, տեսնելով Կայենի մտադրության դաժանությունը, կամեցավ նախապես մեղմացնել նրա սիրտը և հանդարտեցնել նրա միտքը: Բայց նույնիսկ նման հոգատարությունից և բժշկությունից հետո Կայենը ոչ մի օգուտ չքաղեց: Եթե այն ժամանակ Արարիչ Աստված չէր կարող Կայենին մատնանշել իր նախնիներից որևէ մեկին, որ նման հանցանք էր գործել և ծանր պատժի ենթարկվել, ապա ի՞նչ կարող են ասել այսօր մարդիկ՝ իրենց աչքի առաջ ունենալով Կայենին, այլևս ոչ մի արդարացում չեն ունենա՝ անփույթ ապրելով և շնորհների նման առատության մեջ մեղանչելով:
Մի՞թե բոլորը չգիտեն, թե ինչ պետք է անել և ինչ չանել, մի՞թե չգիտեն, որ բարին գործողը Տիրոջ կողմից հաղթական պսակի է արժանանալու, իսկ մեղքի մեջ ապրողը ենթարկվելու է դաժան և հավիտենական տանջանքների: Եվ որպեսզի քրիստոնյայի հավատքն անարդյունք չլինի, ապա Տիրոջ խոսքը լսողը պետք է այն գործի վերածի, որպեսզի հանգիստ խղճով և բարի հույսով հեշտությամբ անցնի կյանքի ծովը՝ հասնելով աստվածային սիրո նավահանգիստը, ստանալով այն անբացատրելի օրհնությունները, որ Տերը խոստացավ Իրեն սիրողներին: Եթե Աստված մարդուն միայն իր մեղանչումից առաջ զգուշացներ, իսկ մեղք գործելուց հետո մերժեր՝ թողնելով ընդմիշտ անկման մեջ, ապա ոչ ոք չէր արժանանա փրկության: Բայց Տերը, մարդասեր ու ողորմած լինելով, բոլորի փրկությունն է ցանկանում: Մեղանչումից հետո էլ չի դադարում հոգատարություն ցուցաբերել՝ մարդուն առաջնորդելով ապաշխարության: Տերը նախազգուշացրեց Ադամին մեղանչումից առաջ և ասաց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ. 2:16-17):

Նախածնողների մեղանչումից հետո էլ Տերը չմերժեց նրանց, այլ, ընդհակառակը, անմիջապես եկավ նրանց մոտ, խոսեց նրանց հետ, մխիթարեց և շատ դեղամիջոցներ տվեց՝ անկյալ բնությունը վերականգնելու, հավիտենական մահից ազատվելու և Երկնային Արքայության արժանանալու համար: Տերը նախազգուշացրեց և խրատեց նաև Կայենին դեռևս մեղանչելուց առաջ (Ծննդ. 4:7):

Տերը հրավիրեց Կայենին ոչ միայն բարին գործելու, այլև չարին ակտիվորեն դիմակայելու: Այսօր էլ Տերը կագնեցնում է մեղք գործել ցանկացողին, կանգնեցնում Իր խոսքի, խղճի, հոգևորականների քարոզների և եկեղեցու հայրերի խրատների միջոցով: Քրիստոնյայի ողջ կյանքը պայքար է մեղքի դեմ, և Աստծու օգնությամբ Քրիստոսի հետևորդն հաղթահարում է մեղքը, իսկ եթե սայթաքում է ու մեղք գործում, ապա շտապում է ապաշխարությամբ և Հաղորդությամբ ազատվել մեղքերից: Իսկ անհավատն ընդհանրապես չի պայքարում մեղքի դեմ, նա լիակատար հպատակվում է մեղքին, մեղքի ստրուկն է: Քրիստոնյան մեղքի դեմ պայքարով հոգևոր ազատություն է ձեռք բերում, իսկ անհավատը, այդ պայքարից հեռու լինելով, հոգևոր ստրկության մեջ է ապրում: Մարդկության պատմության մեջ տեսնում ենք, որ Աստված պատժում է միայն այն բանից հետո, երբ ապաշխարության մի շարք հնարավորություններ է տալիս:

Ինչպես Կայենին էր մեղքը իշխում, այնպես էլ այսօր շատ մարդիկ մեղքերի գերիշխանության տակ են, իսկ եկեղեցու կողմից հաստատված պահեցողության շրջանները օգնում են մարդուն աստիճանաբար ազատվել մեղքի գերիշխանությունից: «Երբ Քրիստոս մեռավ, մեղքի համար մեռավ, մեկընդմիշտ, և հիմա, որ կենդանի է, կենդանի է Աստծու համար: Նույնպես և դուք ձեզ մեռած համարեք մեղքի համար և կենդանի՝ Աստծու համար, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ՝ դրանք հնազանդեցնելով իր ցանկություններին: Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծու ձեռքում» (Հռոմ. 6:10-14):

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ