23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նիկոլ թրավել». 168 Ժամ

Արդեն 16 օր Արցախը գտնվում է շրջափակման մեջ, 120 հազար մարդիկ ապրում են սննդի, դեղորայքի, վառելիքի բացակայության պայմաններում, կան տասնյակ ծանր հիվանդներ․․․ հումանիտար աղետն օր օրի խորանում է։ Ի՞նչ է պահանջվում այս իրավիճակում Հայաստանից, որը մինչև Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանն» Արցախի անվտանգության երաշխավորն էր։

Այս հարցին կարելի է շատ երկար պատասխանել՝ թվարկելով հարյուրավոր առաջնային, կարևոր, անհրաժեշտ քայլեր, որոնք, բնականաբար, չեն կատարվում։ Սակայն բոլոր առանձին քայլերից առաջ, Հայաստանից՝ որպես պետություն, և ՀՀ քաղաքացիներից՝ որպես հասարակություն, պահանջվում էր և է՛ համարժեքություն, համարժեքություն իրավիճակին, երբ 120 հազար մեր հայրենակիցներ կտրված են աշխարհից։

Նորմալ պետություն ու առողջ հասարակություն լինելու պարագայում, մենք դեկտեմբերի 12-ից սկսած մեր կյանքը պետք է դարձնեինք համահունչ այն իրավիճակին, որը պատեհ է նման դեպքում։ Պայմանականորեն, ինչպես պետությունն է պատերազմի դեպքում պետական ու հանրային կյանքը փոխադրում ռազմական ռեժիմի, այնպես էլ նման իրավիճակներում (թեկուզ և՝ օրենսդրորեն չկանոնակարգվող) մենք պետք է ապրեինք այնպես, ինչպես վայել է ապրել այն ժամանակ, երբ ազգակից երեխաները սննդի կամ դեղորայքի կարիք ունեն։ Հենց դա է, լայն իմաստով, կոչվում համարժեքություն, որից անդառնալիորեն զուրկ ենք մենք՝ թե՛ որպես պետություն, թե՛ որպես հասարակություն։

Ստուգելու համար, թե որքանով է Հայաստանը՝ որպես պետություն, և ՀՀ քաղաքացիները՝ որպես հասարակություն, համարժեք աղետի պայմաններում հայտնված Արցախին, բավական է թեկուզ հպանցիկ ծանոթանալ այն քայլերին, որոնք, ասենք, վերջին մեկ շաբաթում կատարել է իշխանությունը և մի քանի քայլ կատարել Երևանի փողոցներում՝ ականատես լինելով մեր հայրենակիցներին ապրումակցելու հանրային ամանորյա տեսարանների։ Այն նույն օրերին, երբ Արցախն ապրում է շրջափակման մեջ, Հայաստանը՝ որպես պետություն, հասցրել է հերթական հորինած քրեական գործը հարուցել նախկին նախագահի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ, հրապարակել «թալանի» պատմություններով հագեցած մի քանի այլ քրեական գործեր, կրկին քրեական հետապնդում իրականացրել բուհերից մեկում ոչ իշխանական ռեկտորի ընտրության պատճառով, դատավորի լիազորություններից զրկել ընդդիմադիր հայացքներ ունեցող իրավապաշտպաններից մեկի կնոջը, նախարարի պաշտոնում նշանակել ծնողուրաց մեկին, տուգանել հանուն Արցախի ապաշրջափակման «ապաքաղաքական» ակցիայի մասնակցած երկու ժամանցավարի, պետական միջոցներով շրջագայության տանել մի վարսավիրի և հայտարարել դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում տոնական մեծ համերգ հրավիրելու մասին…

Իշխանության այս վարքագիծը հնարավոր է դարձել հասարակության մեծ զանգվածների լեթարգիական անտարբերության ու փոքր հատվածի անօգնական մտահոգությունների պայմաններում։ Բայց քանի որ իշխանությունը գիտի, որ Հանրապետության հրապարակի համերգին մասնակցելու են ոչ թե փոքրաթիվ մտահոգները, այլ բազմաքանակ անտարբերները, շարունակում է քաղաքականությունը, որի արդյունքում պետության դերը հասցրել է վարսավիրի տուրիստական գործակալի կարգավիճակի։
Հարություն Ավետիսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ