19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս կարող է ռուս-բելառուսական հարաբերությունների փչանալն ազդել ՀՀ վրա․ Politeconomy

Politeconomy.org-ը գրում է․

«Ռուս-բելառուսական հարաբերությունները միշտ էլ ուրույն են եղել: Մոսկվան և Մինսկը իրար միշտ համարել են ռազմավարական դաշնակիցներ, միաժամանակ պարբերաբար իրար հետ հարաբերությունները երբեմն սկանդալային բնույթ էին ստանում:

Բանն այն է, Բելառուսը միշտ օգտագործել է իր տարածքը՝ որպես միջնորդ օղակ, Ռուսաստանի և Արևմուտքի միջև տնտեսական հարաբերություններում, որտեղից երբեմն Ռուսաստան էին հոսում այն արևմտյան ապրանքները, որոնք գտնվում էին Ռուսաստանի պատժամիջոցների տիրույթում:

Մյուս կողմից Բելառուսը, օգտվելով իր արտոնյալ կարգավիճակից, հաճախ ստացած էժան գնով ռուսական վառելիքը վերավաճառում էր այլ երկրներին ավելի թանկ գնով:

Մոսկվան այդ ամենը նկատում էր, սակայն համարում էր, որ դա այն գինն է, որի համար, Ռուսաստանը կարող էր իր արևմտյան սահմաններում մոտ 400 կմ տարածքով իրեն ապահով զգալ:

Բացի այդ, Բելառուսը միակ երկիրն էր, որի հետ Մոսկվան ուներ հատուկ հարաբերություններ, քանզի ավելի քան 20 տարի առաջ իր հետ կնքել էր միութենական պայմանագիր:

Բելառուսներն իրենց հերթին գոհ էին այս կարգավիճակից, քանզի կարողանում էին այս տարիների ընթացքում համեմատաբար բարվոք կյանքով ապրել:

Այդ կայունության պատճառով էր, որ Լուկաշենկոն կարողանում էր ավելի քան 26 տարի իշխել այդ երկրում, հինգ անգամ վերընտրվելով այդ երկրի նախագահի պաշտոնում: Վեցերորդ անգամ նա պատրաստվում է նույնն անել, մի քանի օր անց՝ օգոստոսի 9-ին:

Սակայն հենց այս պահին այդ երկու երկրների միջև առաջացավ լուրջ սկանդալ, որը կարող է էապես փչացնել իրենց հարաբերությունները:

Բանն այն է, որ մի քանի օր առաջ՝ հուլիսի 29-ին, այդ երկրի հատուկ ծառայության ներկայացուցիչները Մինսկի մոտ գտնվող «Բելոռուսոչկա» հանգստյան տանն անսպասելիորեն ձերբակալեցին Ռուսաստանի 33 քաղաքացիների, որոնց լուրջ մեղադրանք առաջադրեցին՝ իրենց ներքին գործերին խառնվելու պատրվակով:

Նշենք, որ այդ 33 ռուս քաղաքացիները սովորական մարդիկ չէին: Նրանք, այսպես կոչված, «Վագներ» մասնավոր զինված խմբի անդամներ էին, ովքեր Բելառուսի տարածքով պատրաստվում էին մեկնել Միջին Արևելք:

«Վագները», պարզ ասաց, ռուս վարձկանների բանակն է, որին Մոսկվան օգտագործում է Միջին Արևելքում ծածուկ ձևով հատուկ օպերացիաներ կազմակերպելու համար: Որտեղ ինչ-ինչ պատճառով ռուս զինվորները չեն կարող գործել, գործում են «Վագների» անդամները:

Այսօր նրանք Սիրիայում են, Իրաքում և նույնիսկ Լիբիայում: Ի դեպ, Լիբիայում նրանք աջակցում են մարշալ Խաֆթարի բանակին, իսկ նրանց վարձատրությունը հոգում է Արաբական Էմիրությունները:

Դիտորդների կարծիքով Մոսկվան«Վագների» անդամներին հաճախ էր ուղարկում Միջին Արևելք՝ Մինսկի միջոցով:

Սակայն այս անգամ Լուկաշենկոն որոշեց ատամներ ցույց տալ:

Շատերի կարծիքով, պատրվակն այն էր, որ այս անգամ Մոսկվան գործել էր առանց Լուկոշենկոյին տեղյակ պահելու, ինչ էլ կասկածի մեջ էր գցել վերջինին:

Ավելին, օգտվելով այդ իրավիճակից, Լուկաշենկոն այս անգամ որոշեց իսկական թատերական ներկայացում ցուցադրե՝ մեղադրելով «Վագներին», թե իբր նրանք նպատակ ունեին միջամտել հենց Բելառուսի ներքին գործերին:

Դիտորդները միանգամից նկատեցին, որ սա դարձել է Լուկաշենկոյի համար հիանալի առիթ, որպեսզի ընտրությունների օրը երկիրը փաստացի հատուկ դրության մեջ պահի:

Իրականում Լուկաշենկոյին մտահոգում է ոչ թե «Վագները», այլ այն, որ օգոստոսի 9-ին նա կարող է հեշտ չվերընտրվել իր պաշտոնում:

Հարցումները ցույց են տալիս, որ բելառուսները հոգնել են Լուկաշենկոյի 26 տարվա կառավարումից: Եվ ահա, որպեսզի Լուկաշենկոն շեղի նրանց ուշադրությունը, փորձում է բելառուսներին վախեցնել անորոշություններով: Սկզբում նա հայտարարում էր, թե Բելառուսին «Փաշինյաններ» և «Զելենսկիներ» պետք չեն: Հետո հայտարարեց, որ իր դեմ խաղ չի կարող լինել՝ ձերբակալելով իր պոտենցիալ մրցակիցներին:

Որից հետո շատերի համար անսպասելիորեն ձերբակալվածների տեղը թատերաբեմ դուրս եկան նրանց կանայք, և մասնավորապես այսօր այդ երկրի ընդդիմությունը համախմբվել է ձերբակալված գործիչ Սերգեյ Տիխոնովսկու կնոջ՝ Սվետլանայի կողքը:

Սվետլանա Տիխոնովսկայան տնային տնտեսուհի է և երբեք չի զբաղվել քաղաքականությամբ: Սակայն իր արտաքին հմայքով գրավել է շատերին և այդ երկրի հանրության մի զգալի մասն այդ կնոջն է տեսնում որպես Լուկաշենկոյի այլընտրանք:

Իհարկե, օգոստոսի 9-ին Լուկաշենկոն կրկին կվերընտրվի իր պաշտոնում և այս հարցում ոչ ոք գրեթե կասկած չունի:

Այլ հարց է, թե ինչ գնով դա կլինի: Արդեն ուրվագծվում է, որ այդ երկրում ընթանալու են հետընտրական գործընթացներ, որոնց արդյունքում կրկին փչանալու են Բելառուսի հարաբերությունները Արևմուտքի հետ: Սակայն իր հակառուսական այս քայլով Լուկաշենկոն փորձում է Արևմուտքի սպասվելիք քայլերը մեղմել՝ մեսիջ ուղարկելով նրանց, որ պատրաստ է լուրջ նահանջ կատարել Մոսկվայի հետ սերտ հարաբերություններից:

Մանավանդ, որ Պուտինի կողմից իրականացված ռուսական նոր սահմանադրական փոփոխություններից հետո Լուկաշենկոն Մոսկվայի համար դարձել է «ավելորդ բերան», որին կերակրել Մոսկվան չի այլևս ցանկանում: Եվ իզուր չակնարկեց իր վերջին ելույթում Լուկաշենկոն, որ Մոսկվայի հետ իր հարաբերությունները, «եղբայրականից դառնալու են գործընկերային»: Ճիշտ է, Լուկաշենկոն դրա մեջ մեղադրեց Մոսկվային, սակայն բոլորը հասկացան, որ դա Լուկաշենկոյի արդեն կայացրաց ռազմավարական որոշումն է լինելու:

Ինչպե՞ս այս ամենը կարող է ազդել Հայաստանի վրա

Գաղտնիք չէ, որ մինչ այդ էլ Լուկաշենկոյի հարաբերություններն Ադրբեջանի հետ փաստացի ռազմավարական բնույթ են կրել: Ավելին, Մինսկն այդպիսի հարաբերություններ կառուցել է ոչ միայն Բաքվի, այլև Անկարայի հետ: Վերջինս նույնիսկ ունի ծրագրեր ֆինանսավորելու, այսպես կոչված, «Բելառուսական ծով» նախագիծը: Սակայն, դա բոլորովին այլ պատմություն է:

Իսկ այստեղ պարզապես հիշեցնենք, որ այսօր ՀԱՊԿ-ի գլխավոր պաշտոնում է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը, ով, ի դեպ, 1985-ին ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ