20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի պատասխանը Վիտալի Բալասանյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով 168.am-ը, հարցին, ինչպե՞ս կմեկնաբանեք Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ու ձևակերպումները, ըստ որոնց՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ արցախյան ընտրությունները երկու հասարակական կազմակերպությունների կողմից դիտարկելն «անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը», թե՝ «Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են» և «ՀՀ-ի և՛ խորհրդարանն է բռնազավթվել, և՛ իշխանությունը, և՛ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական», Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է.

 «Նախ` հայաստանյան կազմակերպությունների կողմից արցախյան ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու գաղափարը համաձայնեցված է Արցախի իշխանությունների հետ: Ցանկացած ժողովրդավարական պետություն ինքն է շահագրգիռ, որ իր մոտ տեղի ունեցող ընտրություններին հնարավորինս շատ դիտորդներ մասնակցեն, որովհետև դա մեծացնում է ոչ միայն ընտրությունների վստահելիությունը, այլև տվյալ երկրի միջազգային հեղինակությունը, և հույս ունենք, որ Արցախում կայանալիք ՏԻՄ և համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի իշխանությունները կհրավիրեն միջազգային դիտորդների:

Բացի դա, ՀՀ վարչապետը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ժողովրդի առաջ պարտավորվել է լինել նրանց ազատ կամարտահայտման երաշխավորը, ինչը ցնծությամբ է ընդունվել հավաքի բազմահազար մասնակիցների կողմից: Եվ վերը նշված որոշումն այդ պարտավորության կատարմանն ուղղված քայլերից է:

Ինչ վերաբերում է նրան, որ Վիտալի Բալասանյանը վարչապետ Փաշինյանին մեղադրում է իշխանությունը բռնազավթելու մեջ, դա ըստ էության նշանակում է, որ Բալասանյանը Հայաստանի ժողովրդին է մեղադրում ՀՀ-ում իշխանությունը բռնազավթելու մեջ, որովհետև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հեղինակը ժողովուրդն է: Իսկ ժողովրդին իշխանություն բռնազավթելու մեջ կարող է մեղադրել միայն կեղծիքների, սպանությունների, կոռուպցիայի միջոցով իշխանությունը նախկինում բռնազավթած և ներկայումս իր դատին սպասող մարգինալ խմբակի կողմից ոգեշնչված անձը»:

Հիշեցնենք, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը քաղաքական առումով շատ վտանգավոր է համարում ՀՀ կառավարության որոշումը` պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ տրամադրել Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար: Արցախյան ընտրությունները կդիտարկեն երկու ՀԿ-ներ`«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակը (տրամադրվել է 16 մլն 200 հազար դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (տրամադրվել է 17 մլն 480 հազար դրամ)։ «Դա անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանը:

«Նրանք, ովքեր խոսում են, որ Արցախի բյուջեի այսքան տոկոսը ՀՀ-ն է տալիս, կամ տնտեսագիտությունից, կամ թվաբանությունից շատ հեռու մարդիկ են. թող հաշվարկ անեն եւ տեսնեն, թե որտեղի՞ց է գոյանում այն 150-160 միլիարդ դրամը, որը Արցախը ՀՀ-ից ստանում է իբրեւ միջպետական վարկ: Թող հաշվարկեն այն ապրանքների մաքսատուրքերը, որոնք ներկրվում են Հայաստանի միջոցով արտերկրից, կտեսնեն, որ դեռ մի բան էլ ԱՀ-ն պակաս է ստանում: Այդ մարդիկ թող ականջներին խորը օղ անեն եւ ճիշտ խոսեն»:

Շարունակելով խնդրի քաղաքական ասպեկտը եւ անդրադառնալով այն կազմակերպություններին, որոնց տրամադրվել է գումարը` Արցախի ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար, մեր զրուցակիցն ասաց. «Այդ երկու կազմակերպությունները Հայաստանում իշխանաբռնազավթման գործիքներից են: Դա դրսից ներդրված ծրագիր է: 

ՀՀ-ն` ի դեմս վարչապետի, որպեսզի այդ գումարներն այլ խողովակներով չներմուծվեն Արցախ, կառավարության միջոցով է դա անում: Կգա օրը եւ կտեսնեք, որ այդ երկու կազմակերպությունները ներմուծվում են Արցախ: Այո, ժամանակին ես չեմ խոսել` հարգելով ՀՀ պետականությունը, հիմա ասում եմ` ՀՀ-ի ե՛ւ խորհրդարանն է բռնազավթվել, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական: Բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, քրեորեն հետապնդելի արարքներ են: Կոչ դատարանների դեմ. սա ոչ թե սահմանադրական կարգի տապալման փորձ է եղել, որը առաջադրել են Ռոբերտ Քոչարյանին, այլ դա անմիջական Սահմանադրական կարգի տապալում է եղել: Կգա ժամանակը, եւ բոլորը պատասխան կտան:

ՀՀ պետականությունը հիմա կասկածի տակ է, ինչը փորձում են տեղափոխել Արցախի Հանրապետություն, բայց դա թույլ չի տրվելու, քանի որ յուրաքանչյուր անհատ, Արցախում իր վրա տարել է պետականություն կերտելու ծանրությունը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ