28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Բժշկության լավագույն աղոթք

prayerimage (1)

ԲԱՆ Ձ
ԱՊԱՎԻՆՈՒԹՅՈՒՆ ԱՌ ՏԻՐԱՄԱՅՐ

Ա
Եվ ահա այսքան հուսահատություններից, ահարկու ահեղ իմ խռովքներից, և աստվածային բարկության զարհուր սաստկությունից հետո, թախծագին հոգով իսպա՛ռ տագնապած, աղաչո՛ւմ եմ Քեզ Սու՛րբ Աստվածածին, Հրեշտա՛կ մարդկային, Քերովբե՛ մարմնատեսիլ, Թագուհի՛ երկնավոր, ջի՛նջ՝ որպես օդը, մաքու՛ր, որպես Լույս, անե՜ղծ, հա՜ր նման վերն արուսյակին, գերազա՛նց՝ քան վայրն այն սրբությունների, ուր անարժան է մարդուն ոտք կոխել, երանավե՛տ վայր սուրբ խոստումների, Եդե՛մ շնչավոր, Կյանքի Անմա՛հ Ծառ, որ պաշտպանված է բոցեղեն սրով, հովանավորված Բարձրյալ Հորից, Նրանո՛վ զորու, Սուրբ Հոգու Քո մեջ իջած հանգչումով հավե՜տ հարդարված, և սրբագործված և շնորհազարդ սուրբ բնակությամբ Միածին Որդու: Միածինը Հոր՝ Քե՛զ է Անդրանիկ, ծննդյամբ՝ Որդիդ, բայց և Տէ՛րն է Քո՝ ստեղծագործությամբ Սկզբից եղած: Անախտ մաքրությամբդ՝ Դու անբի՛ծ բարի, անարատ սրբությամբդ՝ մեզ խնամակալ և բարեխոսող։ Ընդունի՛ր աղոթքն այս աղերսական՝ Քեզ դավանողիս, ընծայիր Աստծուն՝ իբր ո՛չ թե իմ շուրթից ելած խոսք, այլ պաղատանքը Քո իսկ սեփական, խառնելով սրան Քեզ նվիրած իմ ներբողս էլ նախկին։ Եվ հյուսի՛ր սրանց և միացրո՛ւ հեծեծանքներն իմ դառնաղի կսկիծ մեղապարտության, միացրու սրա՛նք էլ երանելախոս ու նվիրական աղերսանքներիդ, ո՜վ Դու կյանքի տունկ Օրհնության Պտղի, որպեսզի ես էլ Քո այդ օգնության բարեխոսությամբ՝ ապավինած քո Մայրությանըդ մաքուր, լուսավորվելո՛վ, այլևըս ապրեմ Որդու՛դ՝ մե՛ր Տիրոջ և Փրկչի՛ համար։

Բ
Քո բազկատարած սուրբ աղոթքներով օժանդակի՜ր ինձ, Դո՛ւ խոստովանված Մա՛յր կենդանության։ Երբ այս աշխարհի հովիտից դուրս ելնեմ, այնպե՜ս արա, որ առանց լլկանքի իմ մուտքը լինի Երկնային կյանք, Որդուդ պատրաստած օթևաններում։ Որպեսզի ես էլ, որ ծանրաբեռն եմ մեծ հանցանքներով, իմ վախճանի մեջ ծանր բեռներիցս այլևս ազատվե՜մ։ Տագնապի օրս Դո՛ւ այլափոխիր ցնծության տոնի, Դու որ բուժեցի՛ր երկունքն Եվայի։ Արդ բարեխոսի՜ր, խնդրի՜ր, աղաչի՜ր, որովհետև որ աննկարագրելի մաքրությանդ համար, հավատում եմ, թե՝ խոսքդ կընդունվի։ Վտանգվա՛ծ եմ ես… Քո արցունքներո՜վ հասիր օգնության, ո՜վ Դու Գովյալըդ բոլոր կանանց մեջ, ծնրադի՜ր խնդրիր, որ հաշտությունս նորոգվի Հոր հետ, ո՜վ ծնողդ Աստծո։ Հոգածո՜ւ եղիր թշվառիս հանդեպ՝ Բարձրյալի՜ Խորան։ Մեծ դաժանությամբ այսքան ընկածիս սո՛ւրբ Ձեռքդ մեկնիր, Տաճա՜ր Երկնային: Արդ փառավորի՜ր Քեզնով քո Որդուն, որ Աստվածորեն ինձ համար էլ իր ողորմությունը և Քավությունն իմ հրաշագործի, ո՜վ Դու Աղախին և Մա՜յրդ Աստծո։

Գ
Քո պատիվն ինձնո՛վ թող վեր բարձրանա, իմ փրկությունը հայտնվի Քեզնո՛վ, եթե ինձ Որոնե՜ս, Տիրամա՜յր, եթե Ողորմե՜ս՝ Օրհնյա՜լ Սրբուհի, եթե կորածիս Գտնե՜ս, Անարա՜տ, եթե զարհուրածիս էլ խնամարկե՜ս, Երջանի՜կ Ծնունդ, թե Քաջալերես ամոթահարի՜ս, Մա՜յր Բարեշնորհ, հուսահատվածիս թե լինես Միջնո՜րդ, Մշտապե՜ս Սուրբ Կույս, եթե մերժվածիս էլ Ընտանեացնե՜ս՝ Մեծարյա՜լդ Աստծո, թե իմ հանդեպ էլ Գթասրտությունդ ցուցաբերե՜ս, Լուծի՜չդ անեծքի, թե Խաղաղեցնե՜ս վիճակս ալեկոծ, Գի՜րկ Հանգստության, թե խռովության իմ հուզումները Փոխես անդորրի՜, Մա՜յր Խաղաղարար, եթե ձախողված իմ անձի համար մի ե՜լք Հաստատես, միմիա՜յն Գովյալ, եթե պայքարի ինձ համար Ելնե՜ս, Մահվան Նահանջի՜չ, թե դառնություններն իմ Անուշացնե՜ս, Վերի՜ն Քաղցրություն, թե խտրությունը իմ բաժանումի մեջտեղից Քանդե՜ս, Հաշտությա՜ն արմատ, թե անմաքրություններս ինձնից Վերցնե՜ս, եղծման Ընդոտնի՜չ, թե ստույգ մահվան դատապարտվածիս խլելով Փրկե՜ս, Դու՛, Կենդանի՜ Լույս, թե լացիս ձայնը Կըտրե՜ս, Բերկրությո՜ւն, թե Կազդուրում տաս, գոտեպնդելով ինձ՝ խորտակվածի՜ս, Կյանքի՜ Դեղորայք, թե կործանվածիս համար Ակնարկե՜ս, Դու Մա՜յր Հոգելից, թե ողորմությամբդ Ընդառաջե՜ս ինձ՝ Կտա՜կ Նվիրյալ, Դու որ Օրհնյալն ես անբիծ շուրթերից այն լեզուների, որ երջանի՛կ են՝ Քեզ անվանելով։ Ահա կաթիլ մի Կուսական կաթիցդ մեջս անձրևելով՝ Կյա՛նք է տալիս ինձ, ո՛վ Մայր՝ Բարձրյալ Տիրո՛ջ՝ Հիսուսի՛, որ Արարիչն է երկնքի, նաև համա՜յն երկրի, Ում անճառորեն ծնեցիր Մարմնով՝ Նրա կատարյալ սո՛ւրբ Աստվածությամբ, Նրա, Ով իր Հոր և Սուրբ Հոգու հետ է միշտ Փառավորյալ, և միացած է մեր բնությանը Աստված էության անքննելի կապով, լինելով Ամե՛նն ամեն բանի մեջ, որպես Մե՛կը Սուրբ Երրորդությունից։ Եվ Նրան միշտ Փա՛ռք, հավիտյա՜նս հավետ: Ամէ՛ն։

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ