18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանը լավ չի գիտակցում իր խոսքի արժեքը. Շարմազանովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր սեպտեմբերի 8-ին, տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ժամանակ երկու երկրների ղեկավարներն էլ արձանագրել են, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացումն առաջընթաց են ապրում բոլոր ուղղություններով, իսկ ՀՀ վարչապետն էլ ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ կերպով և շատ բնական:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը նշեց, որ շատ լավ կլինի, եթե վարչապետի գնահատականը իրականություն դառնա և միևնույն ժամանակ ավելացրեց. «Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանը լավ չի գիտակցում իր խոսքի արժեքը»:

ԱԺ փոխնախագահը վարչապետի հայտարարության վերաբերյալ մի քանի դիտարկում անելով մասնավորապես ասաց. «Եթե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, ապա առաջինը կարելի է ենթադրել, որ ՌԴ այլևս զենք չի վաճառելու Ադրբեջանին: Երկրորդ՝ ՀՀ-ն և Ռուսաստանը ոչ միայն շարունակելու են ռազմական և ռազմաքաղաքական համագործակցությունը, այլ նույն ներքին գործարանային գներով մենք շարունակելու ենք ավելի մեծ թափով զենք և զինամթերք ստանալ Ռուսաստանից: Երրորդ, եթե ամեն ինչ իսկապես այդքան լավ է, ապա կարելի է ենթադրել, որ  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված թնջուկը ամբողջությամբ լուծվել է, և այստեղ կա փոխըմբռնում, և Խաչատուրովը կա՛մ շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, կա՛մ էլ հաջորդ գլխավոր քարտուղարը միանշանակ ՀՀ քաղաքացի պետք է լինի, և ի վերջո հանդիպման նախօրեին Ռուսաստանը հայտարարեց, որ դադարեցնում է ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը, եթե չկա որևէ խնդիր և փայլուն է ամեն բան, ապա նշանակում է, որ Փաշինյանը հրաժարվել է Միքայել Հարությունյանին Մարտի 1-ի  գործով ներառել որպես մեղադրյալ և գտնում է, որ ինքը և ՀՔԾ-ն սխալվել են, թե՞ ՌԴ-ն որոշել է արտահանձնել Միքայել Հարությունյանին:

Եվ վերջում, պարո՛ն Փաշինյան, եթե այս ամենից գոնե մեկը իրականություն չդառնա, ապա մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ  ոչ թե փայլուն են, այլև՝ շատ լուրջ  են ու խնդրահարույց»,-ընդգծեց Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ