23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուղեղների ասֆալտապատման մեխանիկան․ Հայաստանի ամենախոր փոսն ու ամենաբարձր գագաթը

168.am-ը գրում է. Հանրության հետ հաղորդակցության, քարոզչության հարցում Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է ծայրահեղությունների սկզբունքով։ Նա որոշակի պարբերականությամբ խոսում է ինքնության, հայրենիքի, ավանդույթների, պատմության, հիշողության, անցյալի մասին, և այդ թեմաներով իր ելույթները, որոշակի բացառություններով, ներկայացնում է հարաբերականորեն ոչ կենցաղային, տեղ-տեղ՝ ակադեմիական, ոչ առօրեական լեզվով։

Ավելի մեծ պարբերականությամբ, հիմնականում՝ կառավարության նիստերի ընթացքում, նա խոսում է խիստ կենցաղային, ամենաառօրեական այնպիսի հարցերի մասին, որոնք իրենց մանրությամբ ու պարզունակությամբ դուրս են վարչապետի լիազորություններից և երկրի ղեկավարի սոլիդության չափանիշներից։ Ասենք, նա երկարաշունչ մոնոլոգներ է ունենում ասֆալտի որակի, ճանապարհային փոսերի, մայթերի սալիկների մասին, ինչպես կառավարության վերջին նիստում։ Այդ ելույթները համեմում է չստացված հումորներով, ժողովրդահաճո բառապաշարով, երբեմն մանրագույն հարցերի պատճառով հերսոտում է կառավարության անդամների վրա, և այդպես շարունակ։

Փաշինյանի այս վարքագիծը ոմանք վերագրում են նրա պարզունակությանը, ոմանք ամեն ինչ պայմանավորում են այս իշխանության միակ հենարանը՝ ասֆալտը, ամեն կերպ գովազդելու մոլուցքով, երրորդները կարծում են, թե ընտրություններից առաջ նա մտել է «աշխատող թագավորի» կերպարի մեջ։

Այս վարկածներից բոլորն այս կամ այն չափով կարող են մոտ լինել իրականությանը։ Բայց դրանք փաշինյանական քարոզչության ու այդ քարոզչությամբ սպասարկվող քաղաքականության ինտեգրալ նպատակների համեմատ սոսկ հատվածական վարկածներ են։ Իրականում Նիկոլ Փաշինյանը կամ նրանք, ովքեր ստվերում զբաղվում են նրա քարոզչությամբ, հանրության հետ հաղորդակցության անտեսանելի շերտերով, այս գործընթացի հիմքում դրել են առօրեականության ու վերկենցաղայնության հակադրության սկզբունքը։ Կառավարության նիստերում, այլ հարթակներում Նիկոլ Փաշինյանը հանրության հետ խոսում է նրա իսկ լեզվով, խոսում է նրա կենցաղին, ամենօրյա կյանքին վերաբերող հարցերի մասին, խոսում է՝ ինչպես ցանկացած միջին վիճակագրական բակի թղթախաղի ակտիվիստ թոշակառու։ Այս կերպ նրա ասածները հասանելի ու ընդունելի են հասարակության լայն զանգվածների, պետության արդյունավետությունն ասֆալտի որակի հետ կապողների համար, ինչն այդ խավի մոտ վստահություն է առաջացնում Փաշինյանի մյուս ելույթների հարցում։

Իսկ ահա մյուս ելույթները՝ ինքնության, հայրենիքի և այլ ավելի բարձր մատերիաների մասին, Փաշինյանը հիմնականում ներկայացնում է այնպես, որ կամ դրանք այդքան էլ հասանելի չեն այդ նույն խավին, կամ նրանք չեն կարևորում հարցերը, որոնք դուրս են պայմանական ասֆալտի/կենցաղի հարթությունից։

Բայց քանի որ ռիսկ կա, որ ասֆալտով հմայվածներից ոմանք կարող են այդուհանդերձ մտածել նաև պատմության, հայրենիքի, անցյալի, ինքնության մասին, Փաշինյանը հատուկ նրանց համար շրջանառության մեջ է դրել «Այստեղ հաց, այստեղ կաց» թեզը։

Կարևոր թեմաների մասին անհասկանալի, անկարևոր խնդիրների վերաբերյալ մատչելի լեզվով խոսելու փաշինյանական մարտավարությունը ծառայում է հանրության ստվար զանգվածի մոտ կենցաղի միջոցով՝ վերկենցաղայինը, մարմնականի միջոցով՝ հոգևորը, ստամոքսի միջոցով՝ ոգեղենությունը սպանելու նպատակին։

Հարություն Ավետիսյան

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ