26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԻԵԴ կներկայացվի ադրբեջանական քսենոֆոբիայի նոր փաստական տվյալ

Ադրբեջանական գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արա  Ղազարյանը մոտ օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկելու սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի կասեցման մասին որոշումը:

Այն  ընդունվել է այն հիմքով, որ Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել Հայաստանի հետ՝ անգամ Մինսկի կոնվենցիայի ներքո  իրավական փոխօգնության միջազգային մեխանիզմի շրջանակներում:

Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները, մասնավորապես, գլխավոր դատախազությունը, սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում   դիմել էր Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի վերջիններս ուղարկեն   քրեական գործի նյութերը  և  որոշ հարցերի պատասխանեն: Ինչպես այդ, այնպես էլ ՌԴ գլխավոր դատախազի միջոցով  երկրորդ հարցումը մնացել էր անպատասխան:

Փաստաբանը դատարանին որպես փաստական տվյալ ներկայացնելու է   նաև ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին  կացնահարած  Ռամիլ Սաֆարովի  հետ կապված վերջին դեպքերը՝  ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործը Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ   ներման ու անգամ պարգևատրման էր արժանացել:

Ա. Ղազարյանը պարզաբանեց, որ Մ. Սարիբեկյանի սպանության գործով գանգատում կա առանձին բաժին քսենոֆոբիայի վերաբերյալ, ուստի այդպիսով փաստաբանը տեղեկացնում է դատարանին, որ այն,  ինչ ինքը քսենոֆոբիայի առումով փաստարկում է  Մ. Սարիբեկյանի սպանության գործով գանգատում,  ապացուցվել է մեկ այլ՝ Սաֆարովի հետ կապված վերջին  դեպքերով:

Արա Ղազարյանը առանձին նամակով  դիմում է  նաև ՄԻԵԴ նախագահին՝ բողոքելով, որ ՄԻԵԴ քարտուղարությունն իրեն  պատշաճ կերպով չի դրսևորել Մ. Սարիբեկյանի գործով իր  հետ գրագրությունը վարելիս, մասնավորապես,  3 անգամ իրեն բավականին մեծ ուշացումով են ուղարկվել  փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ Մանվել Սարիբեկյանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ էր՝  գյուղի անմիջական հարևանությամբ անցնում է հայ-ադրբեջանական սահմանը:

2010թ. սեպտեմբերի 11-ն՝ երեկոյան ժամը 17-ի սահմաններում, Մանվել Սարիբեկյանն ընկերների հետ գնացել են գյուղի Քեղուտ կոչվող հանդամասի ուղղությամբ՝ մոտակա անտառից փայտ հավաքելու և իր ու գյուղի մյուս բնակիչների անասուններին փնտրելու նպատակով, որոնք կորել էին նախորդ օրը: Մանվելն առաջարկել է ընկերներին անտառում փայտ հավաքել, մինչև ինքը կորոնի անասուններին: Հանդամասում գտնվող ֆերմայի պահակից ձի վերցնելով՝ Մանվելը շարժվել է ֆերմայից քիչ հեռու գտնվող  անտառապատ ձորակի ուղղությամբ, որտեղից այլևս չի վերադարձել:

2010թ. հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և զինվորական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել այն մասին, որ Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել կալանքի տակ գտնվելիս: Մոտ մեկ ամիս անց՝ 2010թ. նոյեմբերի 4-ին, ադրբեջանական իշխանությունները Հայաստանին հանձնել են Մանվել Սարիբեկյանի դին՝ քայքայված վիճակում:

2010թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Ճամբարակ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձին դաժանությամբ և ազգային ատելության շարժառիթներով սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով:

ՄԻԵԴ գանգատը ներկայացվել է Մանվել Սարիբեկյանի ծնողների՝ Մամիկոն Սարիբեկյանի և Սիրանուշ Բալյանի անունից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ՝ կյանքի իրավունք, հոդվածի խախտման հիմքով: Խախտվել է նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածը՝ Խոշտանգումների արգելում.  մահվանից առաջ Մանվելը ենթարկվել է խոշտանգումների, որից հետո կատարվել է ինքնասպանության իմիտացիա՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով:

Գանգատում ներկայացվել են նաև Կոնվենցիայի 13-րդ և 14-րդ հոդվածների խախտումներ՝ արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների բացակայության և ազգային ծագումից դրդված խտրականության դրսևորման հիմքերով:

Նյութը` “Փաստինֆո”-ի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ