19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

«Աստված իմ, Սեր իմ, Դու ամբողջովին իմն ես, իսկ ես՝ ամբողջովին Քոնը»

Lord-accepts-my-prayer-hands-christian-wallpaper_1920x1200

Մեծագույն արժեք է սերը, գերազանց բարիք: Չի կարոտում այլոց օգնությանը, ծանրակիր բեռները թեթևացնում է և անայլայլ հոգիով տանում կյանքի բոլոր անհավասարությունները: Սերը կրում է բեռներն առանց հոգնության և քաղցրացնում է ամեն տեսակ դառնությունները: Վեհ ու վսեմ է աստվածային սերը, սրբության ասպարեզում մղում է մեծագործությունների, խրախուսում է ձգտելու միշտ ավելի կատարյալին:

Սիրո անդադրում փափագն է կատարելության ուղին, սերը չի շղթայվում երկրային ստորին իրողություններին: Սերը տենչում է ազատ լինել՝ զերծ մնալով երկրային կապերից, որպեսզի չմթագնի իր տեսողությունը, որպեսզի անցողիկ հարմարավետությունները չշեղեն իրեն ուղղության ճանապարհից, և որպեսզի չբեկվի վշտերի ծանրության ներքո: Գոյություն չունի աստվածային սիրուց առավել քաղցրիկ իրողություն, առավել հզոր, առավել երկնասլաց ու վեհ, առավել սրտազեղ ու պանծալի, առավել զվարթ ու զվարթարար, առավել վեհանձն, առավել կատարյալ, լինի Երկնքում, թե երկրի վրա:

Քանի որ սերը Աստծուց է բխում, չի կարող խաղաղություն գտնել ստեղծված իրողություններում, այլ միայն դրանց Արարչի մոտ: Սիրող հոգին սլանում է, սավառնում, հրճվում. ազատ է և ոչ ոք չի կարող կասեցնել նրա ընթացքը: Տալիս է ամեն բան բոլորի համար, և իրեն հարկավոր ամեն բան գտնում է ամեն ինչում, որովհետև իր հանգիստը գտնում է այն Միակի մոտ, որը գերագույնն է ընդմեջ բոլոր բարիքների, և որից են սկիզբ առնում և բխում բոլոր բարիքները:

Սերն ուշադրություն չի դարձնում պարգևին, այլ ամեն ինչից վեր՝ ուղղվում է դեպի Պարգևողը: Սերը սահման չի ճանաչում, բռնկում ու հրդեհում է առանց չափի զգացման: Սերը չի զգում բեռան ծանրությունը, կարևորություն չի ընծայում իր վշտակրություններին ու հոգնություններին. եթե հնարավոր լիներ, կուզենար կատարել նաև այն, ինչը գերազանցում է իր ուժային սահմաններին: Անկարելիության մասին չի մտածում, որովհետև ամեն բան թույլատրված և հնարավոր է համարում, քանի որ ինքը մաքուր է և դեպի սրբություններն է միայն ձգտում:

Սերն իրեն ունակ է տեսնում սրբության ասպարեզից ներս որևէ մեծագործության, դրանցից շատերին է ձեռնարկում և նաև հաջողությամբ պսակում իր ընթացքը: Մինչդեռ ով չի այրվում Աստծո հանդեպ սիրով, ժամանակի ընթացքում նվաղում է և ետ ընկրկում: Սերն արթուն է և հսկում է միշտ, քնի մեջ անգամ ամբողջովին չի թմրում: Աշխատում է հոգնաշատ, բայց ուժասպառ չէ կամ ձանձրացած. նեղված է, բայց չի տագնապում. սպառնում են իրեն, բայց ինքը չի այլայլվում, այլ՝ հրաշեկ բոցի նման խոյանում է դեպի Երկինք, ճանապարհ բացելով ընդմեջ բազում արգելքների:

Ով սիրում է, նա է ի վիճակի ըմբռնելու իմաստը սիրո կանչի: Սիրով բորբոքված սրտի իղձերը հզոր ձայնի նման բարձրանում են մինչև ունկերն աստվածային և աղաղակում. «Աստված իմ, Սեր իմ, Դու ամբողջովին իմն ես, իսկ ես՝ ամբողջովին Քոնը» (Երգ 2, 16):

Թովմա Գեմբացի

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ