Տիեզերքից արված լուսանկարները “մատնել” են Սիրիային
Սիրիական իշխանությունները ծանր տեխնիկան դուրս չեն բերել բնակելի տարածքներից եւ դրանով իսկ խախտել են ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրը: Այդ մասին տեղեկացնում է “Reuters”-ը:
Այն մասին, որ ծանր տեխնիկան դեռեւս դուրս չի բերվել քաղաքներից, վկայում են տիեզերքից արված լուսանկարները: Անանի ներկայացքուցիչը հայտնել է, որ չնայած հրադադարի մասին հայտարարությանը, սիրիացի զինվորակնները դեռեւս շարունակում են կրակել խաղաղ բնակիչների վրա: Անանը մտադիր է Սիրիայում տիրող իրավիճակի մասին զեկուցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:
Հրադադարը Սիրիայում պաշտոնապես ուժի մեջ է 2012-ի ապրիլի 12-ից, սակայն զինված բախումները կառավարական զորքերի եւ նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդների միջեւ շարունակվում են:
Անանի խաղաղ կարգավորման ծրագրին համաձայնելու մասին Սիրիան հայտնել էր 2012-ի մարտի վերջին: Ծրագիրը մշակվել էր Ռուսաստանի եւ Արաբական երկրների լիգայի մասնակցությամբ եւ նախատեսում էր դադարեցնել զինված պայքարը, դրսից չմիջամտել Սիրիայի ներքին գործերին, ապահովել հումանիտար կազմակերպությունների մուտքը երկիր եւ ստեղծել մոնիտորինգի մեխանիզմ: ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունն իր հերթին առաջարկել է Սիրիա ուղարկել առնվազն 300 դիտորդ: Առաջին 30 դիտորդներն արդեն ժամանել են Սիրիա:
Սիրիայում զինված հակամարտությունն սկսվեց 2011-ի մարտին: ՄԱԿ-ի տվյալներով այս ընթացքում զոհվել է ավելի քան 9 հազար մարդ: