ՄԱԿ-ի պետքարտուղարը մեղադրել է Սիրիային
ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը մեղադրել է սիրիական իշխանություններին Քոֆի Անանի ծրագրին չհետեւելու համար, տեղեկացնում է “AFP”-ը: Նա լուրջ մտահոգություն է հայտնել` կապված այն փաստի հետ, որ սիրիական քաղաքները դեռեւս ենթարկվում են հրետանային ռմբակոծության, իսկ ծանր տեխնիկան դուրս չի բերվել բնակավայրերից, ինչի մասին վկայել էին տիեզերքից արված լուսանկարները:
Պան Գի Մունն ընդգծել է, որ այդ ամենն անընդունելի է եւ հակասում է սիրիական իշխանությունների պարտականություններին, որոնք սահմանվել էին Անանի ծրագրով, ինչպես նաեւ պահանջել է նախագահ Բաշար ալ-Ասադից “անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակը հարթելու համար”:
Սիրիական իշխանությունները համաձայնեցին իրականացնել Անանի խաղաղ կարգավորման ծրագիրը մարտի վերջին: Ապրիլի 12-ին պաշտոնապես հայտարարվեց հրադադարի մասին: Չնայած այդ ամենին Սիրիայից շարունակ հայտնում են կառավարական զորքերի հարձակումների մասին: Իրավապահ կազմակերպությունների տվյալներով` ապրիլի 12-ից մինչ օրս առնվազն 300 խաղաղ բնակիչ է զոհվել: