Նախագահն իր բլոգի այցելուին տուն է նվիրել
19-ամյա Նատալյա Վալդիվիեսոն, ով դարձել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի “Twitter”-ի էջի 3 միլիոներորդ այցելուն, որպես նվեր նախագահից տուն է ստացել: Աղջկա նոր տունը գտնվում է վենեսուելական Մարգարիտա կղզում, որը նրա ծննդավայրն է:
Աղջիկը նախագահի միկրոբլոգում գրանցվել է մայիսի 28-ին, իսկ մայիսի 30-ին նրան եկել է շնորհավորելու պատվիրակությունը` նախկին պաշտպանության նախարարի եւ կղզու նահանգապետի թեկնածուի գլխավորությամբ:
Նահանգապետը հայտնել է, որ նվերը Չավեսի սիրո խորհրդանիշն է իր ազգի հանդեպ: Նահանգապետի թեկնածուն հայտնել է, որ աղջիկն առաջին անգամը չէ աջակցություն ստանում իշխանություններից: Նա կոնքի հիվանդություն է ունեցել, սակայն “շնորհիվ իշխանությունների աջակցությանը”` 7 տարվա ընթացքում բուժվել է:
Նատալյան իր հերթին հայտնել է, որ ի պատասխան Չավեսի նվերի` նրան համբույրներ է ուղարկում, որոնք կօգնեն նախագահին բուժվել: Վենեսուելայի նախագահը 2011-ից պայքարում է քաղցկեղի դեմ:
Չավեսը “Twitter”-ում բլոգ ունի 2010-ի ապրիլից, իսկ մայիսին նա արդեն ամենահայտնի միկրոբլոգերն էր Վենեսուելայում: 2011-ի օգոստոսի 31-ին Չավեսն իր բլոգի 2 միլիոներորդ այցելուին համակարգիչ էր նվիրել: