Որոնք են ամենաշատ ոսկի ունեցող երկրները /Տեսանյութ/
Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGS) զեկույցների համաձայն՝ արդեն երրորդ տարին անընդմեջ աշխարհի տարբեր երկրների կենտրոնական բանկերն իրենց պահուստների համար գնում են ավելի քան 1000 տոննա ոսկի․
2024 թվականին դրանք գնել են 1045 տոննա, 2023 թվականին՝ 1037 տոննա, իսկ ռեկորդը սահմանվել է 2022 թվականին՝ 1082 տոննա։
Զուտ ոսկու գնման առաջատար են շարունակում մնալ զարգացող շուկաների կենտրոնական բանկերը, ընդ որում առաջին եռյակում են Ուզբեկստանը, Չինաստանը և Ղազախստանը:
Լեհաստանը և Հնդկաստանը նույնպես շարունակում են ոսկու պաշարներ կուտակել. երկու կենտրոնական բանկերն էլ 2025 թվականի հունվարին իրենց պահուստներին ավելացրել են 3 տոննա:
Ոսկու պաշարներով աշխարհում առաջատարը ԱՄՆ-ն է՝ ոսկու պաշարները կազմում են 8133,46 տոննա, ըստ Ոսկու համաշխարհային խորհրդի 2024 թվականի վերջի տվյալներով։
Ոսկու և արժութային պահուստների ընդհանուր ծավալում (GFR) թանկարժեք մետաղի տեսակարար կշիռը կազմում է 74,97%:
Երկրորդ տեղում Գերմանիան է՝ Եվրոպայի ոսկու պաշարների ռեկորդակիրը։ Ոսկու պաշարը 3351,53 տոննա է։
Նախկինում գերմանական ոսկու պաշարների մեծ մասը պահվում էր Նյու Յորքի (ԱՄՆ), Լոնդոնի (Մեծ Բրիտանիա) և Փարիզի (Ֆրանսիա) բանկերում:
Սակայն 2013 թվականից ի վեր, հասարակական կարծիքի ճնշման ներքո, Գերմանիան սկսեց վերադարձնել իր ոսկին արտասահմանյան պահեստարաններից:
Երրորդ տեղը զբաղեցնում է Իտալիան՝ ոսկու պաշարները կազմում են 2451,84 տոննա։ Իտալական ոսկին հիմնականում պահվում է ձուլակտորներով։
Ընդհանուր առմամբ դրանք 95493-ն են՝ 4,2-ից 19,7 կգ քաշով։ Իտալիայի բանկի ոսկու պաշարները ներառում են նաև ոսկե մետաղադրամների փոքր մասնաբաժին` 4,1 տոննա:
Ֆրանսիան չորրորդ տեղն է զբաղեցրել «ոսկու» վարկանիշում՝ ոսկու պաշարները կազմում են 2437 տոննա։
Ֆրանսիայի ոսկու պաշարների չափը մնացել է անփոփոխ 2009 թվականից ի վեր, երբ Ֆրանսիան վերջին անգամ վաճառեց իր ոսկու մի մասը: Առաջիկա տարիներին այդ պաշարներն ավելացնելու կամ նվազեցնելու ծրագրեր չկան։
Առաջին հնգյակը եզրափակում է Ռուսաստանը՝ ոսկու պաշարները կազմում են 2335,9 տոննա։ 2025 թվականի մարտի 1-ին Ռուսաստանում ոսկու պաշարների արժեքը դրամական արտահայտությամբ կազմել է ռեկորդային 217,4 մլրդ դոլար։
Մանրամասները՝ կից տեսանյութում: