Մահացել է Վիկտոր Յանուկովիչի որդին /ֆոտո/
Նախօրեին մահացել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին` Վիկտոր Յանուկովիչ կրտսերը: Մեքենան, որում եղել է Յանուկովիչ-կրտսերը, Բայկալ լիճն է ընկել ու մնացել սառույցի տակ: Թեեւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքել էր այս լուրը, սակայն այն հաստատել են մի քանի քաղաքական գործիչներ:
Մասնավորապես, Ուկրաինայի ՆԳ նախագահի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հաստատել է այդ լուրը` ասելով, որ ականատեսները պատմել են, որ մեքենան անցնելիս է եղել սառույցի վրայով եւ անցել է ջրի տակ, վարորդը փորձել է դուրս գալ մեքենայից, սակայն ի վերջո խեղդվել է: Նա այդ մասին հայտնել է սոցկայքերի իր էջում: Նա ցավակցել է Յանուկովիչի ընտանիքին:
Լուրը հաստատել է նաեւ Ուկրաինայի ընդդիմադիր դաշինքի ազգային պատգամավոր Նեստոր Շուֆրիչը, ով Ուկրաինայի նախկին նախագահի կողմնակիցներից է: Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Ողբերգական մահով մահացել է Վիկտոր Վիկտորի Յանուկովիչը: Մահացավ այնպես, ինչպես և ապրել էր` մեքենայի ղեկին: Աստված հոգին լուսավորի», – ասել է նա:
Պատգամավորը ցավակցություն է հայտնել Վիկտոր Յանուկովիչ–կրտսերի կնոջը` Օլգային, որդուն, ծնողներին և հարազատներին:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու մահվան մասին: Ըստ տարածված տեղեկության` նրա հետ դժբախտ դեպք է պատահել Բայկալ լճում, ուր վերջինս մեկնել էր ձկնորսության: Հաղորդվող վարկածներից մեկի համաձայն` նա պատրաստվում էր հերթական մրցարշավին` Բայկալի մերձակա շրջաններից մեկում, և նրա ջիպը խորտակվել է ընթացքի ժամանակ:
Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել էր այս լուրը` նշելով, որ խորտակված մեքենայում Յանուկովիչ ազգանունով անձ չի եղել, մահացածի ազգանունը Դավիդով է, սակայն որոշ կայքեր հայտնում են, որ Յանուկովիչի որդին վերջերս վերցրել էր իր տատիկի ազգանունը եւ դարձել Դավիդով, հայտնում է «Լեւիի բերեգ»-ը: