2020-ին տեղի ունեցածը արհեստականորեն ստեղծված, միտումնավոր ստեղծված, բարբարոսաբար մեր երկիր նետված պատերազմ էր. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չավարտվող պատերազմ…
Եվ չապրեցին նրանք երկար ու երջանիկ։
Անցավ վեց տարի, տղերքի չծնված երեխեքը էսօր դպրոց կգնային։ 5 հազար զինվոր, հրամանատար, 5 հազար տան ճրագ։ Հինգ հազար երեխա չծնվեց։
«Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին, ու մինչև էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից, խորանում է երկրի ներսը և տիրանում հայի Հայաստանին, հայի հայրենիքին՝ քաղցկեղի մետաստազների պես։
Մինչև էսօր շարունակվում է պատերազմը տարբեր դիմակներով ու զենքերով։ Կշարունակվի այնքան, որքան սրանք դեռ զավթած են պահում երկիրը։ Կշարունակվի այնքան, քանի դեռ ընդդիմությունը, քաղաքական ուժերը չեն հասունացել և համարժեք չեն գնահատում իրականությունը։
2020-ին տեղի ունեցածը արհեստականորեն ստեղծված, միտումնավոր ստեղծված, բարբարոսաբար մեր երկիր նետված պատերազմ էր։ Այդ պատերազմը «թավիշի» մեկ այլ արար էր, խոշոր սցենարի մեկ այլ էջ։ 2018-ի գունավոր ծուխը, որ սրանք արձակեցին ՀՀ Ազգային Ժողովի շենքում, որից ցայսօր խեղդվում եմ և սրտխառնոց ունեմ, առաջին ազդարարն էր՝ թավիշը զուտ ծխածածկույթն էր։ Տակը վառոդ էր, ԱԹՍ, պայթյուն ու լիքը դավաճանություն։
«Թավիշ»-ով էսօր էլի մոլորեցնում են, մոլորեցնում են, իբր խաղաղություն են բերել։ Իրականում՝ նույն «գունավորի» մեկ այլ արար է։ Ցավոք, էս ազգակործան «ներկայացումը» դեռ ունի անմիտ ծափահարողներ Հայաստանում (դրսում՝ նույնպես, «դուրսը» էս ամեն ինչի շահառուն է)։ Միամիտ, չհասկացող, չվերլուծող, չպայքարող, չտես ու չհաս մարդիկ դեռ սպասում են հեփփի էնդի` չհասկանալով, որ իրենց գլխին ևս մեկ ամպրոպ է պայթելու։ «Եվ ապրել են նրանք երկար ու երջանիկ» հեռանկարը իրենց ևս չի սպասում՝ ոչ մեկիս չի սպասվում, քանի սրանք մնում են։
Տղերքն էին ափսոս։ Առաջին հերթին իրենց մասին չէր՝ «Եվ ապրել են նրանք երկար ու երջանիկ» նախադասությունը։
Փառք տղերքին, փառք հերոսներին, որ, հաստատ, գիտեին ինչի համար են կռվում ու զոհվում»։











































