Արտահայտություններ, որոնք կփրկեն մանկական կամակորություններից
Բոլոր ծնողներին թերեւս ծանոթ կլինի տեսարանը, երբ 2-3 տարեկան փոքրիկը կտրականապես հրաժարվում է անել այն, ինչ պետք է անի, իսկ երբ փորձում ես համոզել, հիստերիայի մեջ է ընկնում, կամակորություններ անում: Ինչպես է պետք լուծել այս խնդիրը:
The Huffington Post-ի բլոգեր, հոգեբան Անդրեա Նեյրը ասում է, որ ծնողները նման դեպքերում չպետք է հակառակվեն երեխային: Մի փոքր հումոր, ընկերասիրություն եւ երեւակայություն, եւ ահա երեխան ոչ թե գետնին պառկած գոռում է, այլ խելոք գնում, օրինակ, ատամները լվանալու:
Ահա մի քանի հրաշագործ արտահայտություն, որոնք կօգնեն խուսափել մանկական կամակորությունից:
Քնից առաջ`
«Պետք է քնել, դե ասա` քայլելով ես գնալու նակողին, թե չորեքթաթ, ապա տեսնեմ` ինչպես ես գնում»:
Ատամները լվանալիս`
Վերցնում եք խոզանակն ու ասում. «Դե, գնացինք աչքերդ լվանալու, օ ոչ, ականջներդ, սխալվում եմ երեւի, իսկ ինչն էր պետք լվանալ, դե իհարկե, ատամները»:
Խաղալիքները հավաքելիս`
«Պետք է հավաքել խաղալիքները, իսկ այդ ընթացքում կարող ենք երգ միացնել, որը երգը կուզես» կամ «արի տեսնենք, թե մեզանից ով ավելի արագ կհավաքի խաղալիքները»:
Ուտելիս`
Դրեք փոքրիկի դիմաց ափսեն ու ասեք. «ինչ կարելի է այստեղ ավելացնել, որ էլ ավելի համեղ դառնա, հապա փորձիր»:
Տնից դուրս գալիս`
«Երբ հագնվես ու դուրս գանք, ես մեքենայում քեզ շատ հետաքրքիր պատմություն կպատմեմ»: