Եվրանեսթի վեհաժողովին հիշեցին Ծառուկյանին
ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի չորրորդ խմբի համակարգող, «Ժառանգական» Հովսեփ Խորշուդյանն այսօր Երեւանում հրավիրված Եվրանեսթին վեհաժողովին անդրադարձավ Եվրոպական ինտեգրման ինդեքսին, որը իրականացվում է հենց ԱլԳ ՔՀՖ-ի շրջանակներում:
«Սա եվրոպական ինտեգրման ինդեքսն է, որը ցույց է տալիս ԱլԳ վեց երկրների ինտեգրման աստիճանն՝ ըստ տարիների երեք հիմնական չափումներով՝ կապակցում, մոտակցում, կառավարում /մենեջմենթ/ : Այս երեք չափման համադրմամբ ձեւավորվում է միասնական ինդեքս, որը մեզ հնարավորություն է տալիս պատկերացում ունենալ, թե անկախ այն բանից ինչ պայմանգրեր են կնքել այս վեց երկրները ԵՄ-ի հետ, անկախ նրանից, թե ինչ պարտավորություններ են ստանձնել, ինչպես են իրականում կատարում իրենց պարտավորությունները և կնքված պայմանագրերը: Այստեղ բավական յուրօրինակ և հետաքրքիր դիտարկումներ կան»,-նշեց Խուրշուդյանը` հավելելով, որ ժամանակը քիչ է, և չի հասցնի դրանք ամբողջությամբ ներկայացնել:
Ամեն դեպքում բանախոսը շեշտեց, որ մինչև 2013 թվականը Հայաստանը մնում էր առաջատարներից մեկը, որ կատարում էր այն պարտավորությունները, որ ստանձնել էր Պրահյան գագաթաժողովում: Խուրշուդյանի խոսքով`ցավոք արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունից հետո, երբ Հայաստանը Ռուսաստանի առաջնորդած ՄՄ-ին որոշեց անդամակցել, Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարումն էապես վատթարացել է, թեև վեց երկրների մեջ Հայաստանը շարունակում է մնալ չորրորդը:
«Բավական հետաքրքիր է, որ երեք հիմնական չափումներից Հայաստանը առավել ամուր դիրքեր ունի մոտակցման հարցում, այսինքն՝ ինտիտուտների և օրենսդրության համապատասխանեցման հարցում եվրոպական ստանդարտների ու ԱլԳ ստանձնած պարտավորությունների շրջանակներում, սակայն կառավարումն ու կապակցման չափումը ցուց են տալիս, որ կիրառումը շատ հեռու է ցանկալի վիճակից:
Հատկապես այս տարվա ցուցանիշները, ցավում եմ, բայց ավելի վատ է լինելու: Այս տարվա սկզբից ունենք բացասական ազդակներ թե մարդու իրավունքների խախտման տեսակետից, թե քաղաքական դաշտում անհավասարության տեսակետից: Բառացիորեն մի քանի օր առաջ տեսանք, թե ինչպես իշխող կուսակցությունը հաշվեհարդար տեսավ քանակով երկրորդ պառլամենտական ուժի հետ ու ստիպեց նրա ղեկավարին ընդհանրապես հրաժարվել քաղաքականությունից»:
Խուրշուդյանն անդրադարձավ նաև ԼՂՀ-ին՝ նկատելով, որ Արցախի խնդիրը մնում է կարևորագույն խոչընդոտներից կայունության ամրապնդման համար, և ցավալի է, որ արևմտյան գործընկերները առայժմ չեն դիտարկում Արցախի անկախության ճանաչման լուծումերից մեկը՝ որպես տարբերակ, որ Արցախի քաղաքացիական հասարակությունը մնում է մեկուսացած ԱլԳ գործընթացներից: