22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայր Պաիսիոս Աթոսացին աշխատանքի և հոգեկան անհանգստության մասին

– Հա՛յր, շատ մարդկանց նյարդերը պրկված են լինում, երբ նրանք աշխատանքից տուն են վերադառնում:

– Ես տղամարդկանց խորհուրդ եմ տալիս աշխատանքից հետո եկեղեցի մտնել, մոմ վառել, տասը-տասնհինգ րոպե ժամերգությանը մասնակցել կամ ինչ-որ պուրակում նստել և Ավետարանից հատված կարդալ՝ խաղաղվելու համար:

Դրանից հետո թող ժպիտով ու խաղաղված գնան տուն:

Քանի որ, հակառակ դեպքում, նրանք դյուրագրգիռ վիճակում կգնան տուն ու կսկսեն հարազատների հետ վիճաբանել:

Աշխատանքի վայրում պատահած խնդիրները պետք չէ տուն բերել, դրանք պետք է տան դռան հետևում թողնել:

– Հա՛յր, որոշ մարդիկ, սակայն, արդարացնում են իրենց լարված ու նյարդային վիճակն այն պատասխանատվությամբ, որ կրում են աշխատավայրում, և որն իրենց հոգիներն անհանգստությամբ է լցնում:

– Այն նրանց հոգևոր անհանգստությամբ է լցնում, որովհետև նրանք մոռանում են Աստծու օգնությանը դիմել իրենց գործերում:

Ծույլ մարդը, որ մշտապես կրկնում է «ոչինչ, Աստված չի թողնի…», ավելի լավն է, քան այդպիսի մարդիկ:

Ըստ իս՝ մարդ ավելի լավ է հասարակ ծառայող լինի, ճիշտ և պատվասիրությամբ կատարի իր աշխատանքը՝ ջանալով պարզեցնել իր կյանքը, բավարարվել անհրաժետով և հանգիստ լինել, քան ինչ-որ գործի կամ արտադրության սեփականատեր լինի և պարբերաբար կրկնի.

«Ախր, ինչպե՞ս վարվեմ»:

Եվ, սովորաբար, այդպիսի մեծ մարդիկ մեծ պարտքեր են ունենում:

Այնուհետև հպարտությունն է խառնվում:

«Մի փոխառություն էլ ստանամ և այս բանը կառուցեմ, այնինչը դասավորեմ և կսկսեմ անհոգ ապրել…»,-

ասում են այդպիսի մարդիկ, բայց հետո սխալվում են իրենց հաշիվներում, սնանկանում են, և նրանց ունեցվածքը կորում է:

Բացի այդ, շատ մարդիկ գլուխը չեն աշխատեցնում իրենց աշխատավայրում:

Նրանք անիմաստ ուժասպառ են լինում և չեն կարողանում իրենց հանձնարարված գործը գլուխ բերել:

Այնուհետև նրանք ընկնում են մյուսների աչքից և նրանց հոգին անհանգստությամբ է լցվում:

Օրինակ՝ մեկն ուզում է ինչ-որ արվեստ կամ արհեստ սովորել, տարիներ շարունակ ուսուցչի մոտ կամ ուսումնական հաստատություն է գնում, սակայն, անուշադիր լինելով, չի կարողանում առաջադիմել, որովհետև գլուխը չի աշխատեցնում:

Մարդը պետք է հասկանա, թե ինչ է իրեն անհրաժեշտ աշխատանքի համար և այդ բացը լրացնի:

Օրինակ՝ դեռևս աշխարհիկ լինելով և ատաղձագործ աշխատելով՝ տեսա, որ կահույք պատրաստելու համար խառատահաստոց է անհրաժեշտ:

Ի՞նչ անեի: Խառատ փնտրեի ու խնդրեի, որպեսզի օգնե՞ր ինձ:

Ո՛չ, ես ձեռք բերեցի այդ հաստոցն ու սովորեցի ինքս աշխատել դրանով:

Էլի մի որոշ ժամանակ անց տեսա, որ պետք է պտուտակավոր սանդուղքներ պատրաստել:

Ես նստեցի, վերհիշեցի երկրաչափությունն ու հանրահաշիվը, և սովորեցի այդպիսի սանդուղքներ պատրաստել: Եթե գլխով չաշխատես, կտանջվես:

Այս ամենով ուզում եմ ասել, որ մարդ պետք է գլուխն աշխատեցնի, որովհետև աշխատանքի ժամանակ հաճախ բազմաթիվ խնդիրներ ու բարդություններ են առաջանում:

Մարդը լավ վարպետ է դառնում, երբ գլուխն աշխատեցնում է և իմանալով, թե ինչպես վարվի ամեն կոնկրետ իրավիճակում՝ կսկսի առաջ գնալ:

Ամբողջ հիմքը դրանում է:

Գլուխն ամեն ինչում պետք է արդյունավետ ուժ լինի:

Հակառակ դեպքում մարդը թերզարգացած է մնում և իզուր ժամանակ է կորցնում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ