«Հայ հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում» ծրագրի մեկնարկը կտրվի Սուրբ Ղազար կղզում

«ՄԻԱՍԻՆ» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական ՀԿ-ն, սփյուռքյան գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, «Հայ հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում» խորագրի ներքո նախաձեռնել է նոր մշակութային ծրագիր, որն ուղղված է հայկական մշակույթի պահպանմանը և միջմշակութային կապերի ամրապնդմանը։
Սեպտեմբերի 7-27-ը տևող ծրագիրը նվիրվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 156-ամյակին:
Արգենտինաբնակ երաժիշտ, մշակութային-հասարակական գործիչ Գագիկ Գասպարյանի դուդուկի կատարումները, երգեհոնի ուղեկցությամբ, հնչելու են Եվրոպայի տարբեր քաղաքների տաճարներում և եկեղեցիներում՝ ներկայացնելով հայկական հոգևոր երաժշտությունը: Ծրագրի առանցքում՝ օտարազգի հանդիսատեսի շրջանում հայկական հնամենի երաժշտական ժառանգության ներկայացումն ու հանրահռչակումն է:
Ծրագրի հեղինակներն են Գագիկ Գասպարյանը և արգենտինահայ Անտոնիո Սարաֆյանը, որը երկար տարիներ սփյուռքում զբաղվում է հայկական մշակույթի պահպանությամբ:
Համերգաշարի մեկնարկը խորհրդանշական է. տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Մայրավանքում՝ Մխիթարյան Միաբանության հիմնադրման 325-ամյակի շրջանակում, եզրափակվելու է սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, Դանիայում կայանալիք երկու համերգներով: Ելույթների ընթացքում հիմնականում հնչելու են Կոմիտասի և Ներսե Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Մխիթար Այրիվանեցու ստեղծագործությունները, ինչպես նաև եվրոպական հոգևոր երաժշտություն։
Ֆրանսիայում և Դանիայում ծրագրին միանալու է ՀՀ ժողովրդական արտիստ, քանոնահար Հասմիկ Լեյլոյանը:
2024 թվականին արգենտինաբնակ դուդուկահար Գագիկ Գասպարյանը ներկայացրել է հայկական մշակույթն ու հոգևոր երաժշտությունը եվրոպական բազմաթիվ երկրներում՝ բարձր գնահատանքի արժանանալով։
Տասնչորս ելույթներից առանձնահատուկ էր Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում կազմակերպված համերգը, որը կայացավ նաև «Միասին» համահայկական ՀԿ-ի մասնակցությամբ:
«ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն հիմնադրվել է 2022 թ. օգոստոսի 26-ին:
Նպատակներից է հայկական մշակույթի հանրահռչակումը և միջմշակութային կապերի ամրապնդումը, ինչպես նաև գյուղական կյանքի աշխուժացումը, զբոսաշրջության խթանումը:
Կազմակերպության ուշադրության կենտրոնում են հասարակության խոցելի խմբերը՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ, միայնակ, սոցիալապես անապահով տարեցները, Արցախից բռնի տեղահանված, Արցախյան պատերազմներից տուժած, զոհված քաղաքացիների ընտանիքները եւ այլք:
Համերգների ժամանակացույց՝
- Սեպտեմբերի 7 – Վենետիկ, Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Մայրավանք (Մխիթարյան Մայրավանքի հետ)
- Սեպտեմբերի 9 – Պադովա, Սուրբ Ֆրանչեսկո եկեղեցի (Մխիթարյան Մայրավանքի և «Իտալիա–Հայաստան ընկերություն՝ իտալա–հայկական բարեկամության համար» ասոցացիայի հետ)
- Սեպտեմբերի 14 – Բեռլին, Սուրբ Երրորդություն եկեղեցի (ՀԲԸՄ Բեռլինի մասնաճյուղի հետ)
- Սեպտեմբերի 20 – Նիմ, Սուրբ Բոդիլ եկեղեցի (Նիմի և Գաղի հայ-ֆրանսիական բարեկամական ասոցիացիայի հետ)
- Սեպտեմբերի 21 – Մարսել, Սրբոց Թարգմանչաց հայկական եկեղեցի (Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Սահակ Մեսրոպ» մշակութային կենտրոնի հետ)
- Սեպտեմբերի 26 – Կոպենհագեն, Էմդրուպի եկեղեցի և Տրինիտատիսի Սուրբ Երրորդություն եկեղեցի (Հայ-դանիական բարեկամական միության հետ)