Եւս 70 զոհ. Սիրիայում չեն դադարում թեժ մարտերը /վիդեո/
Սիրիայի կառավարական զորքերի եւ զինված ընդդիմության միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է ավելի քան 70 մարդ: Հատկապես թեժ մարտեր են մղվել մայրաքաղաք Դամասկոսի ծայրամասերում, հաղորդում է “BBC”-ն:
ՄԱԿ-ի դիտորդական առաքելության աշխատանքներն ստիպված են եղել դադարեցնել իրավիճակի վատթարացման պատճառով: Առաքելության ղեկավար, գեներալ Ռոբերտ Մուդը հայտարարել է, որ այն բանից հետո, ինչ դիտորդների վրա մի քանի անգամ հարձակումներ են տեղի ունեցել, ինքն այլեւս չի կարող վտանգի ենթարկել անզեն դիտորդների կյանքը:
Ընդդիմությունն անմիջապես արձագանքել է այդ հայտարարությանը` նշելով, որ դիտորդների աշխատանքի դադարեցումն ավելի ձեռնտու կլինի հանցագործ վարչակազմին եւ կզրկի Սիրիայի ժողովրդին վերջին պաշտպանությունից: Արդյունքում ընդդիմությունը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անմիջապես միջամտել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաեւ զինել կազմակերպության դիտորդներին:
Առաջիկայում Փարիզում կկայանա “Սիրիայի ընկերների” կոնֆերանսը, որին հրավիրված են 140 երկրների ներկայացուցիչներ: Գագաթաժողովի գլխավոր նպատակն է միավորել սիրիական ընդդիմությանը: Միջազգային հանրությունը պատրաստ է օգնել ընդդիմությանը դառնալ “օրինական քաղաքական ուժ”: